Հռոմեացիներին 12
12
Հոգևոր պաշտամունք
1Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ 2Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
3Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց։ 4Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, և այդ բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, 5այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ 6Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է. եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի, 7եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի, 8թե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, թե վերակացու է կարգված, ջանասիրությամբ, թե ողորմած է, ուրախությամբ, 9թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։ 10Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ 11Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ 12Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ 13Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։ 14Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ 15Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։ 16Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ 17Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ 18Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ 19Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։ 20Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես» (Առկ. 25.21-22)։ 21Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին։
Արդեն Ընտրված.
Հռոմեացիներին 12: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018