ՍԱՂՄՈՍՆԵՐ 116:7-19

ՍԱՂՄՈՍՆԵՐ 116:7-19 ՆՎԱԱ

Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։ Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։ Ես պիտի ընթանամ Տիրոջ առջև ողջերի երկրում։ Ես իմ հավատքը պահեցի, նույնիսկ երբ ասացի. «Ես շատ չարչարվեցի»։ Ես շփոթահար ասացի. «Ամեն մարդ սուտ է»։ Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։ Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև։ Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը։ Օ՜, Տե՛ր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ և քո աղախնի որդին. դու արձակեցիր իմ կապանքները։ Գոհության զոհ պիտի մատուցեմ քեզ և կանչեմ Տիրոջ անունը։ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև, Տիրոջ տան սրահների մեջ, քո մեջ, Երուսաղե՛մ։ Ալելուիա՜։