Աստվածային Արագացման ԲանալիներըՕրինակ

Այս վերաբերմունքը արագացում կբերի քո կյանք։
Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք շարունակում ենք ուղերձների մեր շարքը, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը։ Ե՛կ շարունակենք խոսել այն բանալիների մասին, որոնք մեզ հնարավորություն են տալիս մեր կյանքում փորձառաբար վերապրելու աստվածային արագացումը: Երբևէ զգացե՞լ ես, որ դիմացինի դրական վերաբերմունքն ասես արևի ճառագայթների նման ջերմացնում է քեզ ու ուրախությամբ լցնում քո սիրտը։
Ես հաճախ եմ նման զգացողություն ունենում, հատկապես, երբ ինչ-որ մեկը մոտենում է ինձ և իր երախտագիտությունը հայտնում, քանի որ Աստված ինձ կամ մեր եկեղեցու ծառայություններն օգտագործել է այդ մարդու կյանքում դրական փոփոխություն բերելու համար։
Մարդու ամենադրական վերաբերմունքներից մեկը երախտագիտությունն է: Երբ մենք ունենք գոհացող սիրտ և շնորհակալ ենք Աստծուց այն ամենի համար, ինչ Նա տվել է մեզ, և այն մարդկանց համար, որ ուղարկել է մեր կյանք, ապա մեր սիրտն ու էությունը լցվում են Տիրոջ ողորմություններով և օրհնություններով:
Երբեմն, սակայն, մենք անցնում ենք կյանքի դժվարություններով: Դրանք կարող են այնպիսի՜ ուժգնությամբ դրսևորվել և ցավն այնքա՜ն իրական կարող է լինել, որ գրեթե անհնար է լինում դրանց դիմանալն ու նման կյանքով ապրելը։ Սակայն կյանքի այդպիսի ժամանակաշրջաններում չպետք է մոռանանք, որ նման իրավիճակներում Աստված դեռ չի ասել Իր վերջնական խոսքը։ Տիրոջ ողորմություններն ամեն օր նորանոր դրսևորումներ են ունենում, իսկ Նրա հանդեպ երախտագիտությունն ու գոհության դրսևորումը մեր մեջ և մեր շրջապատում մի առանձնահատուկ միջավայր է ստեղծում: Մենք դառնում ենք դժվարությունների մեջ հավատքով Տիրոջը վստահող մարդու իսկական օրինակ։ Դրանով մենք բարիք ենք անում թե՛ ինքներս մեզ և թե՛ մեր շրջապատի մարդկանց:
Իսկ եթե կարծում ես, թե չունես նման որակներ և անհնարին է քո իրավիճակում գոհացող սիրտ ունենալ, ապա լավ լուր ունեմ քեզ համար՝ երախտագիտությունը հնարավոր է զարգացնել սովորելու միջոցով։ Պողոս առաքյալն ասում է. «Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ» (Փիլիպպեցիս 4․11)։
Մտածի՛ր Պողոսի և Շիղայի մասին, ովքեր գիշերվա կեսին բանտախցի մեջ, դաժան ծեծի պատիժն ընդունելուց հետո երգում ու փառաբանում էին Աստծուն։ Աստված նրանց երախտագիտությունը վերածեց երկրաշարժի և արտասովոր օրհնության: Հենց այդ օրհնության արդյունքում էր, որ այդ գիշեր բանտապետը և նրա ընտանիքը հավատացին Տեր Հիսուսին ու մկրտվեցին (Գործք16․22)։
Այսպիսով, աստվածային արագացումը վերապրելու երկրորդ բանալին ամեն ժամանակ և ցանկացած իրավիճակում երախտագիտության դրսևորումն է: Շնորհակալ լինելը մեր կյանքը վերածում է օրհնության: Եվ այս օրհնությունը՝ նախ բխում է քո ներսից, իսկ հետո տարածվում նաև մյուսների վրա:
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հրավիրում եմ քեզ այսօրվանից սկսած վարժեցնել քո անձը երախտագիտության վերաբերմունք և արձագանք զարգացնելու մեջ: Սկսի՛ր գոհանալ այն ամենի համար, ինչ ունես, նույնիսկ այնպիսի բաների, որոնք քեզ աննշան են թվում: Այսօր գրի՛ առ դրանք քո երախտագիտության տետրում և երեկոյան անկողին մտիր գոհությամբ լցված սրտով: Վաղն առավոտյան կրկնիր նույնը։ Եթե անես դա ամեն առավոտ և երեկո, ապա քո ամեն օրը իրական հրաշք կդառնա ոչ միայն քեզ, այլև քո շրջապատի մարդկանց համար:
Մաղթում եմ գեղեցիկ և Աստծո ներկայությամբ լեցուն օր:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/
Հարակից ծրագրեր

Օրհներգ:Շնորհը ձեր պատմության մեջ

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Հավատացյալի գաղտնի օգնությունը

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն

Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին

Դու նրանց հույսն ես․․․

Հավատքը պետք է ողջամիտ լինի

Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
