Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:40-46

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:40-46 ՆՎԱԱ

Եվ ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա ետևից և ժողովուրդը սրինգներ նվագելով մեծապես ուրախանում էր և ցնծում, և երկիրը դղրդում էր նրանց ձայներից։ Եվ Ադոնիան ու նրա բոլոր հրավիրյալները լսեցին, երբ արդեն կերել վերջացրել էին, և Հովաբը լսեց փողի ձայնն ու ասաց. «Ինչո՞ւ է քաղաքում բարձրացել դղրդման այդ ձայնը»։ Նա դեռ խոսում էր, և ահա եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը, և Ադոնիան ասաց. «Ե՛կ, դու արժանավոր մարդ ես և բարի ավետիս ես բերել»։ Եվ Հովնաթանը պատասխանեց ու ասաց Ադոնիային. «Արդարև, մեր տեր թագավոր Դավիթը թագավոր դարձրեց Սողոմոնին։ Թագավորը նրա հետ ուղարկեց Սադովկ քահանային և Նաթան մարգարեին, Հովիադայի որդի Բանեային և քերեթիներին ու փելեթիներին, նրան նստեցրին թագավորի ջորու վրա։ Եվ Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհոնում և այնտեղից եկան ուրախանալով, և քաղաքը դղրդաց. ահա այդ ձայնն է, որ դուք լսեցիք։ Եվ Սողոմոնը նստեց թագավորական աթոռին։