Ինչպես Բժշկել Քո Սրտի ՎերքերըՕրինակ
Վիրավորանքը բժշկելու երեք բանալի
Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել վիրավորվածությունը բուժելու 3 բանալիներով։ Գիտե՞ս արդյոք, որ երբ վիրավորված ենք, մենք գիտակցաբար կամ անգիտակից կերպով մեթոդներ ենք կիրառում մեր սրտերը պաշտպանելու համար։ Օրինակ…
Փորձում ենք անտեսել մեզ վիրավորած անձին՝ կարծելով, թե նա կանհետանա մեր կյանքից:
Փորձում ենք թաքցնել մեր ցավն ու տառապանքը՝ կարծելով, թե եթե մյուսները դա չտեսնեն, դրանից մեր սրտի ծանրությունը կթեթևանա։
Կամ փորձում ենք աստվածաշնչյան հիմնավորումներ գտնել մեր կրած վերքերի համար ու դրանցով սփոփել ինքներս մեզ։
Այս մոտեցումներն, իրականում, գրեթե ոչ մի դրական արդյունք չեն բերում մեր կյանք։ Նման մոտեցման արդյունքում փակված վերքը ամենափոքր խնդրի պարագայում անգամ նորից բացվում է և սկսում առաջվա նման ծանրացնել ու ցավեցնել մեր սիրտը։
Եթե իրոք ուզում ես, որ քո սրտին հասցրած վերքերը բուժվեն և բուժվեն վերջնականապես, ապա այսօր ուզում եմ քեզ քաջալերել, որպեսզի ձեռնարկես այս երեք գործնական քայլերը.
Ընդունի՛ր, որ ներելու մասին Աստծո Խոսքի ճշմարտությունները վեր են քո անձի բոլոր ապրումներից, պատկերացումներից և հիմնավորումներից․ «Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ Իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և Իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից» (Եսայիա 55․9)։
Շարունակի՛ր առաջ նայել, քանի որ անցյալում կատարվածն այլևս ի զորու չես փոխելու։ Սակայն Աստծո շնորհքով կարող ես փոխել քո մոտեցումն ու ընկալումը ապագայի հանդեպ և նոր վերաբերմունք ձևավորել, որը կամրացնի քեզ և կպահի Աստծո կամքի ապահովության տիրույթում։
Վստահի՛ր Աստծուն քո նեղությունների ու դժվարությունների մեջ։ Անշուշտ, սա այնքան էլ հեշտ չէ։ Սակայն երբ վստահում ես Նրան, Նա վերցնում է քո տառապանքն ու դեպի բարին կիրառում այն, ինչի արդյունքում բժշկվում է սիրտդ և վերականգնվում ուրախությունդ։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը. «Դու իմ սուգը ցնծության փոխեցիր. իմ քուրձը հանեցիր ինձնից և ուրախություն հագցրիր ինձ» (Սաղմոս 30․11)։
Ես քեզ կոչ եմ անում այս երեք խորհուրդները կիրառել քո կյանքում, որովհետև դրանք բանալիներ են, որոնք Աստված ուզում է օգտագործել քեզ քո սրտի դառնությունից, վիրավորվածությունից ու տառապանքից ազատելու համար։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահի՛ր Աստծուն։ Միայն Նա կարող է բուժել քո սիրտը, հոգին ու միտքը։ Նա կարող է քո օրը լցնել ուրախությամբ։ Նա կարող է հեռացնել քո վրայից սգո հանդերձանքը և ուրախության հանդերձներ հագցնել քեզ։ Փառաբանի՛ր Աստծուն, քանի որ դու կարո՛ղ ես նրա օգնությամբ հաղթահարել քեզ հասցրած բոլոր վիրավորանքները, ներել քեզ ցավեցնողներին ու բժշկել սրտիդ բոլոր վերքերը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Մի պարզ հարց եմ ուզում քեզ ուղղել, սակայն այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ․ «Ի՞նչ վիճակում է սիրտդ»։ Օրինակ, գուցե մտածում ես, թե անարժեք մեկն ես կամ անկարող ես որևէ լուրջ հաջողության հասնել։ Իսկ գուցե խորը վիրավորվել ես ինչ-որ մեկի խոսքերից կամ վերաբերմունքից։ Եվ ես ուզում եմ հորդորել քեզ, որ Տեր Աստծուն խնդրես, որպեսզի Նա հայտնի քեզ քո այդ ներքին տառապանքի պատճառները։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/