Խոսի՛ր Կյանք Տվող ԽոսքերՕրինակ
Ե՛կ երախտագիտությունը դարձնենք սովորույթ
Սիրելի բարեկամ, չգիտեմ ինչպես է քո պարագայում, բայց երբեմն որոշ բաներ կարող են ինձ վրա սխալ ազդեցություն թողնել… այլ խոսքերով ասած՝ ձանձրացնել կամ նյարդայնացնել ինձ։ Իսկ քեզ հետաքրքի՞ր է, թե ինչպես եմ ես արձագանքում նման դեպքերում։
Ինձ համար ամենանախընտրելի մոտեցումը երախտագիտությունն է։ Ես գիտակցաբար ջանք եմ անում ընտրությունս կանգնեցնել այն ամենի համար շնորհակալ լինելու վրա, որ Աստված տվել է ինձ, քան տրտնջալ այն ամենի համար, ինչը պակասում է կամ ձանձրացնում ու նյարդայնացնում ինձ։
Օրինակ, գուցե քո մանկահասակ կամ դեռահաս երեխան կամ կողակիցն իրեն չի պահում այնպես, ինչպես դու կուզեիր։ Սակայն նրանցից յուրաքանչյուրի մեջ հաստատ կան այնպիսի հատկանիշներ, որոնց համար դու շնորհակալ ես Աստծուն։ Շնորհակալ եղի՛ր բոլոր բարի բաների ու դրական հատկանիշների համար։ Մի՛ կենտրոնացիր տհաճ և քեզ անհանգստացնող երևույթների վրա։
Աստվածաշունչն ասում է, որ սրտի առատությունից է խոսում բերանը (տե՛ս Ղուկաս 6:45)։ Եթե դու սնում ես քո սիրտը բացասական զգացողություններով, դրանց վերջը վստահաբար լինելու է այն, որ ի վերջո դրանք տրտունջի բառերի տեսքով դուրս են գալու քո բերանից և իրավիճակն ավելի են վատթարացնելու։
Բայց երբ ապրում ենք երախտագիտության ամենօրյա ընթացքի մեջ այն ամենի համար, որ Աստված տվել է մեզ, այդ ժամանակ Տերը, որպես մեր բարի Հայր, բարի բաները բազմապատկում է մեր կյանքերում։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, այսօր որոշում կայացրո՛ւ ապրել երախտագիտության կյանքով: Դարձրո՛ւ այն քո կենսակերպը։ Սկսի՛ր ու ավարտի՛ր քո օրը գոհության ու շնորհակալության դրսևորումներով և աղոթքով։ Թույլ մի՛ տուր, որ այն, ինչը նյարդայնացնում և հունից հանում է քեզ, որոշի քո արձագանքը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Աստվածաշնչի ընթերցանության այս ծրագիրը կենտրոնանում է մարդու շուրթերից դուրս եկող խոսքերի կարևորության վրա։ Աստվածաշնչյան ուսուցումները շեշտում են, որ քրիստոնյայի շուրթերը պետք է մաքուր լինեն և օրհնության ու կյանք փոխանցող խոսքեր բխեցնեն, այլ ոչ թե տրտունջ, բամբասանք ու չարախոսություն։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ այս ընթերցանության շարքը կփոխի Ձեր վերաբերմունքը Ձեր շուրթերից դուրս եկող խոսքերի հանդեպ, և դրանք օրհնություն ու կյանք կփոխանցեն Ձեր շրջապատի մարդկանց։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/