Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկությունՕրինակ

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

ՕՐ 7 7-ից

Տեր Աստծու պատրաստած փրկությունը

Այսօր մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն» վերնագիրը։ Եվ այս վերջին ուղերձում անդրադառնալու ենք այս շարքի, թերևս, ամենակարևոր թեմային՝ ինչպիսի՞ փրկություն է Տեր Աստված պատրաստել աշխարհի վերջի աղետներից և ովքեր են օգտվելու փրկության այդ հնարավորությունից։

Սիրելի՛ բարեկամ, մենք արդեն խոսել ենք այն մասին, որ Տեր Հիսուսը համեմատում էր աշխարհի վերջի աղետները Նոյի և Ղովտի ժամանակների հետ։ Երկու համեմատություններում էլ հստակ էր, որ մարդիկ անտարբեր էին թե՛ Նոյի և թե՛ Ղովտի զգուշացումներին։ Իսկ ինչպիսի՞ զգուշացումներ է Տեր Հիսուսն Իր Խոսքի մեջ փոխանցում ինձ և քեզ։ Ի՞նչ է հնարավոր անել, որպեսզի Տեր Հիսուսի վերադարձի ժամանակ մենք ո՛չ թե կործանվողների շարքում լինենք, այլ՝ փրկվողների։

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված Իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի Նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով Նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել» (Հովհաննես 3․16-21):

Աստված սիրում է յուրաքանչյուր մարդու՝ անգամ ամենավատերին։ Աստված փրկության ճանապարհ է պատրաստել և մարդկանց մեղքերը ներելու և հավիտենական պատժից ազատելու համար մեծագույն մի գին է վճարել՝ Իր միածին Որդու կյանքի գինը։ Սակայն փրկության համար մեկ պայման կա՝ մարդը պետք է հավատա Տեր Հիսուս Քրիստոսին և այդ հավատքն ապացուցի՝ չարիքից ու խավարի գործերից հրաժարվելով և լույսի մեջ բերելով իր կյանքն ու վարքագիծը։

«Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա» (Հովհաննես 3․36):

Մի կարևոր ճշմարտություն կա, որը հասկանալը կօգնի նաև հասկանալ փրկության այն ուղին, որ Աստված է պատրաստել մարդկանց համար։ Ո՛չ Նոյի ժամանակներում, ո՛չ Ղովտի ժամանակներում և ո՛չ էլ Տեր Հիսուսի վերադարձից առաջ մարդկության վրա եկող պատժի հեղինակը ո՛չ թե սատանան է, այլ՝ Աստված։ Եթե մենք հասկանանք այս պարզ ճշմարտությունը, կհասկանանք նաև փրկության ուղին։

Բանալին Տեր Աստծուն հաճելի կյանքով ապրելն է։ Սակայն նման ապրելակերպ ունենալու համար մենք նախ պետք է ճանաչենք Աստծու կամքն Իր Խոսքի մեջ, հավատանք այդ Խոսքին և հնազանդվենք այն կամքին, որը հավատում ենք, որ Աստծու կամքն է։ Զուր չէր, որ Հովհաննես Մկրտիչը զգուշացնում էր․ «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա»։

Զգուշացնում էր նաև Տեր Հիսուսը․ «Ոչ թե ամեն ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթեոս 7․21):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստված մարդասեր է և բարեգութ, համբերատար ու բազմողորմ։ Նա ամեն բան անում է, որ հնարավորինս շատ մարդիկ փրկվեն աշխարհի վերջի աղետներից ու պատուհասներից։ Իրապես, վերջին ժամանակներում լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն։ Աստծու բարկությունից փրկության ուղին ապաշխարությունն է, որը ո՛չ միայն բառերով է, այլ՝ փոխված արժեհամակարգով ու փոխակերպված կյանքով։

«․․․ ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից։ Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք» (Մատթեոս 3․7-8):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 6

Այս Ծրագրի Մասին

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին: Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am