Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկությունՕրինակ

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

ՕՐ 1 7-ից

Կեղծ սփոփա՞նք, թե՞ փրկության ուղի

Այսօր մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն» վերնագիրը։ Ողջ մարդկությունն է այս օրերին անցնում անասելի դժվարությունների միջով։ Շատերը սփոփում են իրար՝ ասելով հայտնի խոսքերը․ «Մի՛ մտածեք, ամեն բան լավ է լինելու․․․»։ Մարդիկ հաճախ այս խոսքերն ասում են պարզապես դիմացինին քաջալերելու համար՝ շատ անգամ հստակ իմանալով, որ լավ չի լինելու։

Սիրելի՛ բարեկամ, անշուշտ, դրական բան է իրար քաջալերելն ու հուսադրելը։ Սակայն յուրաքանչյուր քաջալերանք և հուսադրող հորդոր պետք է մարդուն մղի գործելու և տվյալ իրավիճակից ելք գտնելու։ Իսկ երբ քաջալերանքը ոչ մի տեղ ու ոչ մի իրատեսական գործողության չի մղում մարդուն, այն ասես փափուկ բարձ լինի դեպի աղետալի իրականություն ընթացող մարդու համար։

Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Այն ասես մշտապես «մոդայի» մեջ մնացող մի թեմա լինի։ Աշխարհի վերջի մասին կեղծ ու սուտ մարգարեություններն ավելի են վատթարացնում իրավիճակը, քանի որ մարդիկ սովորում են դրանց և, երբ սկսվեն աշխարհի վերջի իրական իրադարձությունները, նրանք թմրած ու ոչ զգոն են լինելու, քանի որ բազմիցս արդեն ականատես են եղել կեղծ զգուշացումների։

Հայտնի առակն ասում է, որ երբ սուտասանի տանը հրդեհ է բռնկվում, արդեն ոչ ոք նրա իրական աղաղակին չի արձագանքում։ Նույնն այսօր անում է կեղծ քարոզչությունը և աշխարհի վերջի մասին սուտ մարգարեությունների առաջացրած իրարանցումը։ Իսկ ի՞նչ է այս ամենի մասին ասում գրքերի Գիրք Աստվածաշունչը։ Արդյոք այն մեզ չի՞ զգուշացնում «Ամեն բան լավ է լինելու․․․» կեղծ սփոփանքի վտանգի մասին։ Անշուշտ, զգուշացնում է և հստակ ցույց է տալիս փրկության ուղին։

«Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։ Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու» (Մատթեոս 24.36-39):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կարծում եմ՝ Նոյի ժամանակներում շատերն էին անտեսում արդարության քարոզիչ Նոյի զգուշացումները և ասում․ «Մի՛ մտահոգվեք, ամեն բան լավ է լինելու․․․»։ Արդյոք նույն կերպի չի՞ լինելու վերջին ժամանակներում։ Արդյոք այսօր մարդիկ լսո՞ւմ են Քրիստոսի իրական ու ճշմարիտ աշակերտների զգուշացումները․ «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն»։

«Նույն ձևով, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին, վաճառում, տնկում էին, կառուցում։ Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից հուր ու ծծումբ տեղաց և բոլորին կորստյան մատնեց։ Նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվի» (Ղուկաս 17․28-30):

Ուղերձների այս շարքը նվիրված է վերջին օրերի իրադարձություններին և Տեր Հիսուսի փոխանցած նախազգուշացումներին։ Վերջին օրերը առանձնահատուկ օրեր են լինելու, և Քրիստոսի աշակերտներից շատ ավելի մեծ նվիրում ու ջանք է պահանջվելու, որպեսզի բոլորս մինչև վերջ հավատարիմ մնանք Աստծուն և Նրա հանձնարարած առաքելությանը։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ ամեն բան լինելու է Նոյի և Ղովտի օրերի նման, որոնք զգուշացնում էին մարդկանց գալիք աղետի մասին։ Թե ինչպիսին էր մարդկանց կյանքը Նոյի ժամանակներում, ինչպես նրանք ընդունեցին զգուշացումը և ինչպիսի փրկություն էր ապահովել նրանց համար Աստված, կծանոթանանք մեր հաջորդ ուղերձի մեջ։

Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Իսկ կեղծ սփոփանքը միայն թմրեցնում է դեպի կործանում ընթացող մարդկանց։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին: Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am