Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկությունՕրինակ

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

ՕՐ 2 7-ից

Ինչպես Նոյի օրերում էր․․․

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն» վերնագիրը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ Տեր Հիսուսը զգուշացնում էր, որ այս աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին՝ ջրհեղեղի աղետից առաջ, և Ղովտի ժամանակներին՝ Սոդոմի, Գոմորի և շրջակա քաղաքների՝ երկնքից թափված կրակով կործանումից առաջ։ Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ինչպիսի՞ն էին մարդիկ այդ ժամանակ և ի՞նչ զգուշացում էր մեզ փոխանցում Տեր Հիսուսը այս համեմատությունների միջոցով։

Սիրելի՛ *|FNAME|*, մի պահ փորձենք պատկերացնել այս երկու իրադարձությունները։ Նոյն Աստծուց հանձնարարություն էր ստացել տապան կառուցելու։ Ջրհեղեղից առաջ մարդիկ բավականին երկար էին ապրում՝ հարյուրավոր տարիներ։ Աստվածաբանների հաշվարկով տապանի կառուցումը մոտ հարյուր տարի տևեց։ Այդ ընթացքում մարդիկ շատ հարցեր տված կլինեին Նոյին իր տարօրինակ աշխատանքի մասին։ Շատերը գուցե անգամ ծաղրական ակնարկներով ու խնջույքների ժամանակ հումորային քննարկումներով էին վերաբերվել տապանի շինարարությանը։

Սակայն Նոյը հստակ գիտեր, որ Տեր Աստծու Խոսքն անբեկանելի է, իսկ ջրհեղեղը՝ անխուսափելի։ Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Նա չէր նայում մարդկանց վերաբերմունքին և չէր տկարանում նրանց վերաբերմունքից ու տարբեր կարծիքներից։ Նոյը տապանն էր կառուցում իր որդիների հետ միասին։ Իսկ մարդիկ զբաղված էին իրենց առօրյա հոգսերով և հավատքի կյանքի համար ժամանակ չունեին։ Ժամանակ չունեին, քանի որ հավատք չունեին՝ չէին հավատում Նոյի խոսքերին և չէին հավատում, որ շուտով կործանվելու են․․․ իրենք և իրենց ընտանիքները։

«Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ Մարդու Որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։ Որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և չիմացան, մինչև որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, Մարդու Որդու գալուստն էլ է այդպես լինելու» (Մատթեոս 24.36-39):

Ինչպիսի՞ն էր կյանքը Ղովտի օրերում։ Ինչպիսի՞ն էր մարդկանց արձագանքը Ղովտի զգուշացումներին։ Բացարձակապես ո՛չ մի տարբերություն Նոյի ժամանակներից։ Ղովտը հավատում էր Տեր Աստծու զգուշացմանը և աղաչում էր մարդկանց լքել քաղաքը, որը պետք է շուտով կործանվեր երկնքից թափվող ծծումբով ու կրակով։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ մեղքի պղծության ու զվարճանքի կյանքով ապրող մարդիկ հերթական զվարճանքն էին գտել Ղովտի զգուշացումների մեջ։ Նրանք ծաղրում էին Ղովտին և հաճույք ստանում իրենց հումորներից։

«Ղովտը դուրս ելավ և իր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում» (Ծննդոց 19․14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը Տեր Հիսուսի զգուշացումներին։ Արդյոք դու Նոյի՞ մոտեցումն ունես, որ անմիջապես ձեռնամուխ եղավ իր ընտանիքի անդամների և իր փրկության գործին, թե՞ Ղովտի փեսաների պես իրական զգուշացումը որպես կատակ ես ընդունել։ Տեր Հիսուսը հստակ զգուշացրել է, որ այս աշխարհակարգը կործանվելու է, և Ինքն է լինելու այդ կործանման հեղինակը։

Սակայն Նրա սերն այսօր հորդորում է քեզ և բոլորիս, որպեսզի այդ ահավոր կործանումից առաջ հասցնենք մտնել մերօրյա տապանի՝ Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու մեջ։ Տեր Հիսուսի վերադարձի ժամանակ Նրա խոսքերին հավատացող և Նրա կամքը կատարող մարդիկ փայլելու են արեգակի պես։ Նրանց փրկությունը մի մեծ ու սքանչելի իրադարձություն է լինելու Աստծու պատվիրանները ատող և Քրիստոսի իշխանությունը մերժող մարդկության կործանվող քաղաքակրթության համեմատ։

Շատերն են ասում․ «Աստված բարի է։ Հնարավոր չէ, որ Նա կործանի Իր կողմից արարված մարդկանց։ Մի՛ մտահոգվեք, ամեն բան լավ է լինելու»։ Տեր Հիսուսի համեմատությունը Նոյի և Ղովտի ժամանակների հետ մեզ հակառակն է փոխանցում․ «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն»։ Փրկությունը Քրիստոսի ուսուցումներին համահունչ կյանքով ապրելու և Նրա հավատարիմ աշակերտը դառնալու որոշման մեջ է։ Այդ ժամանակ դու ինքդ կմտնես Նրա պատրաստած Տապանի մեջ, իսկ քո ապրած կյանքը հավատքի, նվիրման ու անձնազոհության օրինակ կդառնա քո սիրելիների ու քո շրջապատի շատ մարդկանց համար՝ նրանց ցույց տալով դեպի փրկության մերօրյա տապան տանող միակ ճանապարհը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին: Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am