Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկությունՕրինակ

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

ՕՐ 5 7-ից

Ինչպե՞ս դիմակայել վերջին օրերի մարտահրավերներին

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն» վերնագիրը։ Նախորդ ուղերձի մեջ մենք քննարկեցինք, թե որոնք են վերջին օրերի նշանները և ինչպիսի իրադարձություններ են տեղի ունենալու Տեր Հիսուսի վերադարձից առաջ։ Իսկ այս ուղերձի մեջ փորձելու ենք Աստծու Խոսքի միջոցով հասկանալ, թե ինչպիսի՛ մարտահրավերներ են լինելու ճշմարիտ հավատացյալների համար վերջին օրերում և ինչպե՛ս ենք կարող դիմակայել դրանց։

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը լրջորեն զգուշացնում էր, որ ամեն բան շատ վատ է լինելու Իր վերադարձից առաջ։ Սակայն մենք զորավոր մխիթարություն ունենք և սքանչելի խոստում, որ որքան էլ վատ լինի իրավիճակը և դժվար լինի ճշմարիտ քրիստոնեական կյանքով ապրողների համար վերջին օրերում, Տերը զորացնելու է մեզ, պաշտպանելու է և Իր ներկայության քաղցրությամբ ցրելու է վախի ու տագնապի ամեն դրսևորում։ Ո՞ւմ են վերաբերում այս զորավոր խոստումները։ Ովքե՞ր են լինելու Տեր Հիսուսի առանձնահատուկ պաշտպանության և հոգացած ապահովության ներքո։

«Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն Իր բերանի շնչով կսպանի ու Իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է՝ ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով և ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են՝ փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան» (Բ Թեսաղոնիկեցիս 2․8-12):

Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք չպետք է խորը թաքստոցներ պատրաստենք կամ մի քանի տարվա սննդի պաշարներ հավաքենք։ Այս և նման նախապատրաստությունները մոդայիկ թեմաներ են դավադրության կեղծ տեսություններով սնվող մարդկանց համար։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը և այն ճշմարտության սերը, որը Նա է մեզ փոխանցում Իր Խոսքի մեջ և Սուրբ Հոգու միջոցով։

«Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք Նրան, եթե Նրա պատվիրանները պահենք։ Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց Նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Բայց ով Նրա Խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ Նրա մեջ ենք։ Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ Նա ընթացավ» (Ա Հովհաննես 2․3-6):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վերջին օրերին առանձնահատուկ կերպով ակտիվանալու է սուտ ուսուցիչների և սուտ մարգարեների գործունեությունը։ Նշաններ, սուտ հրաշքներ, խաբեբայություններ․․․ Այս ամենը մեկ նպատակ ունի՝ մարդկանց ուշադրությունը շեղել Աստծու Խոսքի ճշմարտություններից և անել այնպես, որ մարդիկ չհավատան ճշմարտությանը, այլ անօրեն կյանքի ու մեղքերի մեջ գտնեն իրենց հաճույքն ու կյանքի իմաստը։

Մարդիկ բաժանվելու են երկու մասի, և այդ բաժանումը կատարվելու է մի պարզ սկզբունքով՝ ինչի՞ց է մարդը հաճույք ստանում։ Քրիստոսին պատկանողները հաճույք են ստանալու սրբության կյանքից, երբ ամեն օր ավելի ու ավելի են ճանաչում Աստծու կամքը և ամեն ջանք անում են, որպեսզի իրենց կյանքից հեռացնեն մեղքն ու ապրեն ըստ Տիրոջ կամքի։ Իսկ Քրիստոսին մերժողները, թեկուզ արտաքինից լինեն աստվածապաշտ ու առաքինի, ներսից՝ իրենց սրտում, հաճույք են ստանում մեղքից ու անօրենությունից և ամեն ջանք անում են, որպեսզի չզրկվեն իրենց հաճույքի աղբյուրից և, մոլորեցնող վարդապետություններով ու սուտ առաջնորդներին հետևելով, արդարացնեն իրենց մեղսալի կյանքն ու Քրիստոսի ճշմարտությունները մերժելը։

«Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր» (Բ Տիմոթեոս 3․1-5):

Մեղքից զզվող ու մեղքն ատող մարդիկ՝ նրանք, ովքեր արյուն թափելու չափ պայքարում են մեղքի դեմ և ամեն ջանք անում են, որպեսզի ապրեն Աստծու կամքի մեջ, լինելու են Տեր Աստծու ապահով ծածկոցի ներքո։ Իսկ մնացած մարդկանց, որոնք հաճույք են ստանում անօրենության ու մեղքի կյանքից, սպասում է Տեր Աստծու բարկությանը բախվելու ծանրագույն հեռանկարը՝ անշուշտ, եթե մինչ այդ չապաշխարեն իրենց չար ճանապարհներից և դարձի չգան դեպի Քրիստոս, Քրիստոսի ուսուցանած սրբության կյանքն ու այդ կյանքն ապրելու զորություն տվող Սուրբ Հոգու հետ մտերմությունը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին: Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am