Լավագույն մաղթանքըՕրինակ

Լավագույն մաղթանքը

ՕՐ 3 7-ից

Տեր Հիսուս Քրիստոսի զարմանահրաշ շնորհը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավագույն մաղթանքը» անվանումը։ Ընթերցե՛նք Բ Կորնթացիս 13:13 խոսքում տեղ գտած մաղթանքը, որի շուրջ կառուցված են այսօրվա և առաջիկա օրերի ուղերձները․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13․13):

Սիրելի՛ բարեկամ, ի՜նչ զարմանահրաշ բան է Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքն ընդունելը։ Այն փոխակերպում է մարդկային կյանքը։ Այն ներում է բերում մեր կյանքերում։ Բերում է փրկություն։ Այդ շնորհքով ենք մենք որդեգրվում Աստծու ընտանիքին և դառնում Նրա զավակները։ Այդ շնորհքով ենք մենք հաղթում մեղքին և ազատագրվում մեղքի կապանքներից։

«Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է» (Հռոմեացիս 3․24):

«․․․որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ Իր կամքի ու շնորհի, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական ժամանակներից առաջ» (Բ Տիմոթեոս 1․9):

«Որովհետև մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհի» (Հռոմեացիս 6․14):

«․․․ սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում» (Հռոմեացիս 5․16):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը սիրում է քեզ անսահման սիրով։ Իմ և քո հանդեպ Նրա սերն էր մղում մեր Տիրոջը դեպի Գողգոթայի խաչի տառապանքներն ու մահը։ Նա վճարեց մեր մեղքերի համար, որպեսզի կարողանա ներել մեզ մեր հանցանքները և օգնել մեզ մեղքի դեմ մեր պատերազմի մեջ։ Մեր կյանքի բոլոր դժվարությունները մեղքի պատճառով են, իսկ Նրա շնորհքը բավարար է քո կյանք այցելած ցանկացած մեղքի հաղթելու համար։

Տերը այսօր էլ պատրաստ սպասում է, որ օգնի յուրաքանչյուր մարդու, որ մուտք կգործի Իր ներկայության մեջ և Նրանից օգնություն կխնդրի իր կյանքի ու հոգևոր ընթացքի դժվարությունները հաղթահարելու համար։ Թո՛ւյլ տուր, որ Նրա զարմանահրաշ շնորհքը գործի քո կյանքում, և կտեսնե՛ս կյանքիդ ու բնավորությանդ անհավանական փոխակերպումը։ Դու կնմանվես Տեր Հիսուսին՝ կզարգացնես քո մեջ Նրա բնավորությունը, կհղկես Նրա սկզբունքայնությունն ու Աստծու կամքը կատարելու հարցում Նրա նախանձավորությունը։

«Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․14-16):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Լավագույն մաղթանքը

Թո՛ղ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը քեզ հետ լինեն քո կյանքի բոլոր օրերում։ Մենք կարիք ունենք Տեր Աստծու գերբնական օգնության։ Թո՛ւյլ տուր, որ Քրիստոսի շնորհը գործի քո կյանքում, և կտեսնե՛ս կյանքիդ փոխակերպումը։ Սուրբ Հոգու պարգևը մեծագույն գանձ է: Ազատագրությունը, հայրական խնամքն ու հոգևոր աճը Տեր Աստծու կամքն է մեզնից յուրաքանչյուրի համար։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am