Լավագույն մաղթանքըՕրինակ
Ո՞րն է լավագույն մաղթանքը
Այսօր մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Լավագույն մաղթանքը» անվանումը։ Առաջիկա յոթ օրերին մենք միասին խորհելու ենք Աստվածաշնչի՝ անձնապես ինձ համար լավագույն մաղթանքներից մեկի՝ Բ Կորնթացիս 13:13 խոսքում տեղ գտած մաղթանքի շուրջ․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13․13):
Սիրելի՛ բարեկամ, նկատեցի՞ր արդյոք, որ այս հրաշք մաղթանքի մեջ ներառված է աստվածային Սուրբ Երրորդության անձերից յուրաքանչյուրի օրհնությունը։ Արդյոք հրաշալի չէ՞, որ մեկ մաղթանքի մեջ ներառված են Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը, որոնք այնքա՜ն կարևոր են ճշմարիտ քրիստոնեական ընթացքի մեջ գտնվող բոլոր հավատացյալների համար։ Նեղ ճանապարհի դժվարություններն ուղղակի անհնարին կլինի հաղթահարել առանց Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի, Հայր Աստծու սիրո և Սուրբ Հոգու հաղորդության։
Ինչպիսի՞ դժվարություններով ես անցնում կյանքիդ այս փուլում։ Ընտանեկա՞ն, առողջակա՞ն, հոգեբանակա՞ն, աշխատանքայի՞ն, ֆինանսակա՞ն, հարաբերությունների՞, թե՞ մեկ այլ, որը ես չնշեցի։ Գուցե կասկածներ, վախեր ու տագնապային մտքե՞ր են քեզ այցելել։ Իսկ գուցե սխալ ինքնագնահատականի, թերարժեքության կամ ինքնադատապարտության ծուղա՞կն ես ընկել։ Ինչպիսի դժվարություններով էլ անցնելիս լինես, քո խնդիրներից ազատվելու դեղատոմսը հետևյալն է՝ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, յուրաքանչյուր իրական քրիստոնյա, երբ որոշում է կայացնում ապրելու Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներով, հենց այդ նո՛ւյն պահին մուտք է գործում հոգևոր պատերազմի մեջ, որտեղ պետք է ո՛չ միայն հաղթի չարի զորքերին, այլև հիշի, որ մարդիկ․․․ անգամ մեր հանդեպ ծայրահեղ թշնամաբար տրամադրված մարդիկ, մեր թշնամիները չեն։
«Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու Նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել» (Եփեսացիս 6․10-13):
Ես չգիտեմ, թե ինչ հնարքներ է քո դեմ կիրառում սատանան, որպեսզի քեզ շեղի հավատքի ճանապարհից, ընկճի քեզ ու գողանա քեզնից Տիրոջ պարգևած սրբությունը, խաղաղությունն ու ուրախությունը։ Սակայն Աստված գիտի քո կյանքի ամեն իրավիճակը և տեղյակ է քո ապրումներից ու դժվարություններից։ Եվ Նա պատրաստ է քեզ օգնելու այդ ամենն Իր օգնությամբ հաղթահարելու հարցում։ Պատրա՞ստ ես, որ միասին անցնենք ուղերձների այս շարքի և այս հրաշալի մաղթանքի գործնական օգտակարության ուսումնասիրության օրհնյալ ընթացքով․․․
«Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․14-16):
Աստված անտարբեր չէ քո ցավի նկատմամբ․․․ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Թո՛ղ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը քեզ հետ լինեն քո կյանքի բոլոր օրերում։ Մենք կարիք ունենք Տեր Աստծու գերբնական օգնության։ Թո՛ւյլ տուր, որ Քրիստոսի շնորհը գործի քո կյանքում, և կտեսնե՛ս կյանքիդ փոխակերպումը։ Սուրբ Հոգու պարգևը մեծագույն գանձ է: Ազատագրությունը, հայրական խնամքն ու հոգևոր աճը Տեր Աստծու կամքն է մեզնից յուրաքանչյուրի համար։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am