Լավագույն մաղթանքըՕրինակ

Լավագույն մաղթանքը

ՕՐ 2 7-ից

Երբ մարդկային զորությունն այլևս բավարար չէ․․․

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավագույն մաղթանքը» անվանումը։ Ընթերցե՛նք Բ Կորնթացիս 13:13 խոսքում տեղ գտած մաղթանքը, որի շուրջ կառուցվելու են այսօրվա և առաջիկա օրերի ուղերձները․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13․13):

Սիրելի՛ բարեկամ, իմ կյանքում շատ են եղել իրավիճակներ, երբ ես հասկացել եմ, որ իմ մարդկային զորությունն այլևս անկարող է որևէ բան փոխելու։ Նման պահերին իմ հայացքը միայն Տեր Աստծու կողմն է եղել, և ես սպասել եմ Նրա օգնությանը։ Երանի՜ քեզ անծանոթ լինեին նման ապրումները։ Սակայն չեմ կարծում, որ այս աշխարհում կա գեթ մեկ հասուն մարդ, որ չի հասկանում, թե ի՛նչ եմ ասում։

«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի» (Սաղմոս 121․1-3):

Մենք միշտ կարիք ունենք Տեր Աստծու օգնության, սակայն մեր կյանքի ցնցումների և արհավիրքների ժամանակ Նրա գերբնական օգնությունն ուղղակի անհրաժեշտություն է, առանց որի մենք անկարող ենք շարունակելու մեր ընթացքը: Հենց նման օգնության մաղթանք է ուղղում եկեղեցու հավատացյալներին Պողոս առաքյալը․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»։ Մենք այնքա՜ն ունենք Տեր Աստծու գերբնական միջամտության և մեր կյանքերում Նրա օգնող ու զորացնող ձեռքի գործերի կարիքը։

«Դեպի Քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, Ո՛վ երկնքում բնակվող։ Ահա ինչպես ծառաների աչքերը նայում են իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը՝ մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի» (Սաղմոս 123․1-2):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ այսօր մի կողմ դնենք մեր բոլոր մարդկային հույսերը և մեր ամբողջ սրտով ապավինենք մեր Տեր Աստծու օգնությանը։ Ե՛կ մեր աղոթքների մեջ խնդրենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը գործի մեր կյանքերում, որ մենք լիովին զգանք ու վերապրենք Աստծու սերը և որ Սուրբ Հոգին ուղղորդի և խրատի մեզ մեր կյանքի բոլոր օրերում։

Ե՛կ աղոթենք, որ մեր դժվարությունների ու նեղությունների մեջ մեր հայացքը կենտրոնացած լինի Տեր Աստծու օգնող ու զորացնող ձեռքի վրա։ Ինչպես ծառան իր տիրոջ ձեռքին է նայում, ինչպես աղախինը՝ իր տիրուհու, այնպես մենք սպասենք Տեր Աստծու ողորմությանն ու մեր աղոթքների և աղաչանքների գերբնական պատասխանին։

Այսօր հատուկ խնդրելու եմ նաև, որ կապ հաստատես մեր ծառայության հետ և գրես մեզ քո պատասխանված աղոթքի վկայությունը։ Ես հավատում եմ, որ Աստված մեր աղոթքներից շատերին պատասխանում է գերբնական կերպով։ Եվ հավատում եմ նաև, որ քո վկայությունը շատերի մոտ հավատք է ծնելու և նրանց էլ մղելու է աղոթքով Աստծուց գերբնական օգնություն խնդրելուն։ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 1Օր 3

Այս Ծրագրի Մասին

Լավագույն մաղթանքը

Թո՛ղ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը քեզ հետ լինեն քո կյանքի բոլոր օրերում։ Մենք կարիք ունենք Տեր Աստծու գերբնական օգնության։ Թո՛ւյլ տուր, որ Քրիստոսի շնորհը գործի քո կյանքում, և կտեսնե՛ս կյանքիդ փոխակերպումը։ Սուրբ Հոգու պարգևը մեծագույն գանձ է: Ազատագրությունը, հայրական խնամքն ու հոգևոր աճը Տեր Աստծու կամքն է մեզնից յուրաքանչյուրի համար։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am