Լավագույն մաղթանքըՕրինակ

Լավագույն մաղթանքը

ՕՐ 5 7-ից

Սուրբ Հոգու հրաշք հաղորդությունը

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավագույն մաղթանքը» անվանումը։ Ընթերցե՛նք Բ Կորնթացիս 13․13 խոսքում տեղ գտած մաղթանքը, որի շուրջ կառուցված են այսօրվա և առաջիկա օրերի ուղերձները․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13․13):

Սիրելի՛ բարեկամ, երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է Սուրբ Հոգու հաղորդությունը։ Այն մի կրոնավոր երևույթ ու ծես չէ, այլ անմիջական ու իրական հաղորդակցություն է Սուրբ Երրորդության անձերից մեկի՝ Աստծու Սուրբ Հոգու հետ։ Ինչպես Հայր Աստված է անձ, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսն է անձ, այնպես էլ Սուրբ Հոգին է անձ։ Առանց այս ճշմարտության հստակ ընկալման մարդը չի կարող Նրա հետ հաղորդակցություն հաստատել։

«Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև Նա ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու» (Հովհաննես 14․15-17):

Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ ինչպես Ինքն էր Մխիթարիչ աշակերտների համար, այնպես Սուրբ Հոգին է Մխիթարիչ լինելու Իր բոլոր աշակերտների համար։ Ինչպես Իրենից էին աշակերտները խրատներ և ուղղորդում ընդունում, այնպես էլ հետագայում ընդունելու էին Սուրբ Հոգուց։ Սակայն աշխարհն ունակ չի լինելու տեսնելու կամ ճանաչելու Սուրբ Հոգուն։ Դա անելու ունակ են լինելու միայն Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները։ Սուրբ Հոգին նրանց մոտ է լինելու և նրանց մեջ է բնակվելու։

«Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն Հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր» (Հռոմեացիս 8․14-15):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուս Քրիստոսի իրական աշակերտները կեղծ քրիստոնյաներից տարբերվում են Սուրբ Հոգու առաջնորդության հանդեպ իրենց վերաբերմունքով։ Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծու որդիներ։ Սուրբ Հոգին անձ է, Ով մխիթարում է մարդուն, հանդիմանում մեղքի և սխալ պահվածքի համար։ Նա ուրախանում է, երբ մենք հնազանդվում ենք Աստծու Խոսքին և տրտմում, երբ մենք մեր մարդկային պատկերացումներն ու ցանկությունները վեր ենք դասում Աստծու կամքից և սկզբունքներից։

Սուրբ Հոգու հետ հաղորդություն ունենալու պարգևը մեծագույն գանձ է, որը շատերի կողմից մնում է թերագնահատված ու անտեսված։ Տեր Հիսուսը հենց այնպես չի խնդրել Հորը, որ Նա Իր Հոգին ուղարկի՝ որպես Իր զավակների մեկ ուրիշ Մխիթարիչ։ Իսկ դու հաղորդություն ունե՞ս Աստծու Սուրբ Հոգու հետ։ Դու ճանաչո՞ւմ ես Նրան։ Դու զգո՞ւմ ես Նրա տրամադրության փոփոխությունը՝ երբ է Նա տրտմում և ինչի՞ց է ուրախանում։ Դու զգո՞ւմ ես Նրա քաջալերանքը, երբ Աստծու Խոսքի համեմատ ես ընթանում, կամ հանդիմանությունները, երբ շեղվում ես ճշմարտության ճանապարհից կամ որոշումներդ ավելի շատ մարմնավոր են, քան՝ հոգևոր․․․

Քրիստոնեական կյանքն առանց Սուրբ Հոգու հաղորդության չոր ու ցամաք մի անապատ է։ Սուրբ Հոգին է, որ այդ անապատը լցնում է կենդանի ջրերով և անգամ ամենածանր դժվարություններով անցնող մարդուն ուժ տալիս արդարության կյանքով ապրելու, ինչպես նաև խաղաղության և ուրախության լեցունություն ունենալու համար։

«Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. "Ով Ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին Նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր» (Հովհաննես 7․37-39):

«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Լավագույն մաղթանքը

Թո՛ղ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը քեզ հետ լինեն քո կյանքի բոլոր օրերում։ Մենք կարիք ունենք Տեր Աստծու գերբնական օգնության։ Թո՛ւյլ տուր, որ Քրիստոսի շնորհը գործի քո կյանքում, և կտեսնե՛ս կյանքիդ փոխակերպումը։ Սուրբ Հոգու պարգևը մեծագույն գանձ է: Ազատագրությունը, հայրական խնամքն ու հոգևոր աճը Տեր Աստծու կամքն է մեզնից յուրաքանչյուրի համար։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am