Ինչպե՞ս գտնել Աստծո ներկայությունը և լցվել ՆրանովՕրինակ
Ե՛կ և խմիր
Սիրելի՛ բարեկամ, այսօր հրավիրում եմ քեզ, որ օրդ սկսես ամենահամեղ և ամենաօգտակար Աղբյուրից հագենալով․․․
«Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս 16.11)։
Աստված է ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրը՝ իրական ուրախության աղբյուրը… Ուրախություն՝ այնքա՜ն առատ, որ գրեթե անհնար է թաքցնել ու զսպել այնպես, որ մարդիկ չնկատեն այն: Խանդավառություն, որ լցնում է քո սիրտը և ստիպում, որ հոգիդ ցնծությունից պար գա: Այս ուրախությունը սրբում է քո բոլոր արցունքները, ստիպում է քեզ երգել ցնծության մեջ և դեմքիդ մի շողշողացող ժպիտ է բերում, որը լուսավորում է քո շրջապատի մարդկանց կյանքի խավարը:
Աստված է ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրը՝ իրական խաղաղության աղբյուրը… Խաղաղություն, որը չես կարող ստանալ ուրիշ ոչ մեկից: Դա աստվածային խաղաղություն է՝ երկնային և կատարյալ: Աշխարհի դժվարություններն ու արհավիրքներն անկարող են մարդուց գողանալու այն խաղաղությունը, որ Աստված է նրան շնորհում։
Աստված է կյանքի աղբյուրը… Քո գոյությունը բխում է Նրա էությունից: Նա Իր շունչն է փչել քո ռունգերից ներս և քեզ Իր կյանքով լցրել։ Նրա ներկայությունը քեզ շրջապատում է ամեն օր, ամեն վայրկյան ու ամեն ակնթարթ:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անսպառ ու վարար մի գետի նման Աստված քո կյանքի բոլոր կարիքների ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրն է։ Նա ցանկանում է Իրենով լցնել քեզ։
Ուզո՞ւմ ես զգալ Նրա ուրախության ցնծությունը, Նրա անըմբռնելի խաղաղությունը և Նրա առատ կյանքի հեղումը քո ներսում։ Եթե այո, ապա հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես ընդունում եմ Քո ուրախությունը, Քո խաղաղությունը և Քո առատ կյանքը հենց հիմա: Ես Քո զավակն եմ և որոշել եմ այս կյանքն ապրել՝ Քո կամքը ճանաչելով և Քո կամքին հնազանդվելով։ Ես ամեն ջանք անելու եմ, որպեսզի իմ որոշումներով, իմ գործերով, իմ ծրագրերով ու երազանքներով Քո բարեհաճությանն արժանանամ և արտոնություն ու առանձնաշնորհում ունենամ Քո կյանքի գետից հագենալու համար։ Թող այսօր Քո սիրո գետը լցվի իմ մեջ, և հոգիս թարմանա ու ծարավս հագենա: Դու իմ ուրախության լիությունն ես, և ես սիրում եմ Քեզ: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար: Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/