Մարդու Սրտի ԳաղտնիքներըՕրինակ
Արդյոք Աստված դատապարտո՞ւմ է քեզ
Սիրելի՛ բարեկամ, անառակ որդու առակն ամենահայտնի և ամենաազդեցիկ առակներից մեկն է։ Այն մեզ պատմում է անառակ կյանքով ապրած որդու վերադարձի մասին այն բանից հետո, երբ վատնել էր իր ողջ ունեցվածքը և կործանման եզրին էր հասցրել սեփական կյանքը։ Նրա հայրը աչքը ճանապարհին սպասում էր որդու վերադարձին և հեռվից նկատեց նրան․ «…հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան» (Ղուկաս 15.20):
Անառակ որդու պատմությունն իրականում հոր սրտի մասին է, ով հեռվից տեսնելով իր որդուն՝ ընդառաջ է վազում նրան։ Նա ընդհանրապես չի դատապարտում չար կյանքով ապրած որդուն, չի տալիս որևէ հարց, և բառերի տարափի փոխարեն, մոտենում է որդուն՝ ընդունելով նրան իր հայրական գրկի մեջ, վերականգնելով նրա կարգավիճակը և առատորեն տալով նրան իր հայրական սերը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո երկնային Հայրը ոչ միայն գրկաբաց սպասում է քեզ, այլև աչքը ճանապարհին փնտրում է քեզ Իր մոտ բերող ճանապարհի վրա։ Եվ բացարձակապես կարևոր չէ, թե որքան․․․
- Խորն է քո կյանքի բանտը,
- Մեծ է սխալիդ մեծությունը,
- Սարսափելի է մեղքիդ ահավորությունը,
- Կամ ահռելի է վախիդ ուժգնությունը։
Աստված քայլ է անում դեպի քեզ։
Աստվածաշնչում մենք տեսնում ենք, թե ինչպես է Տեր Հիսուսը մոտենում մեղավոր մարդկանց։ Նա երես չի թեքում մեղավորներից և ոչ էլ դատապարտում է նրանց։ Ընդհակառակը, Նա գրկաբաց ընդունում է բոլոր մեղավորներին և սովորեցնում մեղքից ազատ ապրելու ուղին։ Տերը կարեկցող է, գթասիրտ ու ներող։
Այս մասին կարդում ենք Հովհաննեսի ավետարանի 8.10-11 խոսքերում. «Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Ո՛վ կին, քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ Ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։
Այս կինը շնության մեղքի մեջ էր բռնվել։ Տեսնելով Տեր Հիսուսին՝ նա հավանաբար վախեցել էր՝ մտածելով. «Ինչպե՞ս ինձ հետ կվարվի Հիսուսը։ Արդյոք Նա՞ էլ քար կնետի ինձ վրա»։ Բայց դատապարտելու և մյուսների հետ միասին նրան քարկոծելու փոխարեն՝ Տեր Հիսուսը պաշտպանեց նրան և ներեց նրա կյանքի ահավոր մեղքը։
Եթե այսօր քեզ հեռու ես զգում Տիրոջից, ապա իմացի՛ր, որ Նա ընդառաջ է գալիս դեպի քեզ, որպեսզի դու էլ մոտենաս Նրան։ Նա այն Միակն է, ով գալիս է քեզ փնտրելու։ Որպեսզի դուրս քաշի քեզ քո մեղքերի բանտից, ազատի հիվանդությունից, մտքի ճնշումներից և ազատագրի քո տանջանքներից։
Որչափ էլ որ հաստ լինեն քո բանտի պատերը, քո երկնային Հայրը կքանդի դրանք Իր սիրո զորությամբ և Իր Խոսքի իշխանությամբ։
Քաջալերում եմ քեզ այսօր ընդառաջ գնալ քո երկնային Հորը, մոտենալ Նրան և վստահել Նրան քո ամբողջ սրտով։ Նա քեզ երբե՛ք հուսախաբ չի անի։
Աստծո սիրո ջերմությամբ լեցուն հրաշալի օր եմ մաղթում քեզ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա 7 օրերի ընթացքում ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու մի թեմայի վրա, որ կոչվում է «Մարդու սրտի գաղտնիքները»։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս շարքով և կբացահայտես Տեր Աստծո անսահման սերն ու հայրական հոգատարությունը քո հանդեպ։ Նրա առջև չկա ոչ մի փակ դուռ։ Նա ներկա է այն ծածուկ վայրում, որտեղ դու առանձնանում ես մարդկանցից, և Նա տեսնում է քո սիրտն ու լսում մտքերդ։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/