Մարդու Սրտի ԳաղտնիքներըՕրինակ

Մարդու Սրտի Գաղտնիքները

ՕՐ 1 7-ից

Քո սրտի խոհերը գաղտնիք չեն Տեր Աստծո համար

Սիրելի՛ բարեկամ, այսօրվանից սկսած առաջիկա 7 օրերի ընթացքում ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու մի հրաշալի թեմայի վրա, որ կոչվում է «Մարդու սրտի գաղտնիքները»։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս շարքով և նորովի կբացահայտես Տեր Աստծո անսահման սերն ու հայրական հոգատարությունը քո հանդեպ։

Քո սիրտը ոչ մի գաղտնիք չի կարող ունենալ, որից անտեղյակ լինի քեզ ստեղծող Տերը։ Լինի դա քո մտքերի, թաքուն երազանքների առումով կամ այն ամենի, ինչը չես համարձակվում բարձրաձայնել մյուսների մոտ, կամ էլ քո ներքին զգացողությունների, որոնք վերաբերում են այն ամենին, ինչ կատարվում է քեզ հետ ու քո ներսում, երբ առանձնանում ես ու մենակ ես մնում ինքդ քեզ հետ։ Սակայն ոչինչ չի կարող վրիպել Տեր Աստծո աչքից։ Նրա առջև չկա ոչ մի փակ դուռ։ Նա ներկա է այն ծածուկ վայրում, որտեղ դու առանձնանում ես մարդկանցից, և Նա տեսնում է քո սիրտն ու լսում մտքերդ։

Աստծո ներկայության գիտակցումը ոմանց մոտ վախ է ծնում, իսկ ոմանց մոտ դառնում խաղաղվելու և վստահությամբ լցվելու աղբյուր։ Իսկ ի՞նչ զգացողություններ են քեզ մոտ առաջանում։ Ինչպե՞ս է այս ամենը դրսևորվում քո պարագայում։

Սաղմոս 139.8-16 խոսքերը կատարելապես նկարագրում են հենց այս ճշմարտությունը․

«Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա Դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին, Այնտեղ էլ Քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և Քո աջն է բռնելու ինձ։ Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։ Մութն էլ խավար չէ Քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է Քեզ համար։ Որովհետև Դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ Քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։ Իմ ոսկորները չծածկվեցին Քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար»։

Երբ դեռ քո կերպարանքը ձևավորված չէր, Աստված տեսավ կյանքիդ բոլոր օրերը։ Եբրայերեն բնագրում «չձևավորված կերպարանքը» «գոլեմ» բառն է, որ նշանակում է սաղմ, պտուղ։ «Գոլեմ» բառի արմատը «գալամ»-ն է, որ նշանակում է ծալել, փաթաթել, միասին դասավորել։ Այլ խոսքերով ասած, երբ կյանքիդ օրերը դեռ չէին կազմվել, լույսի մեջ չէին բերվել, Աստված արդեն իսկ գիտեր քեզ և Նրան ամեն բան հայտնի էր քո մասին։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչի միջով էլ անցնելիս լինես, իմացիր, որ Աստված ամեն բան տեսնում է։ Նույնիսկ այն ամենը, ինչ ծածկված է, ծալված ու զգուշորեն փաթաթված քո սրտի խորքերում։ Աստված տեսնում է, գիտի և տեղյակ է քո սրտի խորքերում պահված բոլոր խոհերից ու մտորումներից։

Եվ ինչ էլ որ դա լինի, այն Աստծուն չի կարող վանել քեզնից։ Եթե անգամ քո գաղտնիքները քեզ են վանում քեզնից, եթե անգամ դու ես վատ զգում քո ծածուկ կյանքի համար՝ ամաչում ու ինքնադատապարտության մեջ ընկնում քո գաղտնիքների, մեղքերի ու թույլ տված սխալների պատճառով, մի բանում կարող ես համոզված լինել՝ Աստված սիրում է քեզ և շարունակելու է քեզ սիրել։ Նա քո կողքին է կյանքիդ ուղիների մեջ։ Նա քեզ հետ է ամեն օր։ Նա քայլում է քո կողքին քո կյանքի բոլոր ճանապարհներում։ Եվ Նրա հայացքը լի է ակնկալիքով, որ կտեսնես Իրեն ու կդառնաս դեպի Նրա ակնկալած ճանապարհները։ Աստված սիրում է քեզ, ընդունում այնպիսին, ինչպիսին կաս, սակայն ուզում է քեզ ընդունելուց հետո չմնաս նույնը, այլ փոխվես ու դառնաս այնպիսին, ինչպիսին Նա է քեզ ունեցել Իր մտքում, երբ արարել է քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

Մարդու Սրտի Գաղտնիքները

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա 7 օրերի ընթացքում ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու մի թեմայի վրա, որ կոչվում է «Մարդու սրտի գաղտնիքները»։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս շարքով և կբացահայտես Տեր Աստծո անսահման սերն ու հայրական հոգատարությունը քո հանդեպ։ Նրա առջև չկա ոչ մի փակ դուռ։ Նա ներկա է այն ծածուկ վայրում, որտեղ դու առանձնանում ես մարդկանցից, և Նա տեսնում է քո սիրտն ու լսում մտքերդ։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/