Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։
Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և մի՛ մոռացիր նրա բոլոր բարիքները.
Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո բոլոր ցավերը,
Որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով և գթությամբ,
Որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, և քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։
Տերն արդարություն է շնորհում և իրավունք՝ բոլոր զրկվածներին։
Նա իր ճանապարհները ցույց տվեց Մովսեսին և իր գործերը՝ Իսրայելի որդիներին։
Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։
Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։
Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։
Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութն իրենից վախեցողների նկատմամբ։
Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։
Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած իրենից վախեցողների հանդեպ։
Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։
Մարդու օրերը խոտի նման են. ինչպես դաշտի ծաղիկը, այնպես ծաղկում է.
Երբ քամին անցնում է նրա վրայով, նա էլ չկա, և նրա տեղն այլևս չի ճանաչում նրան։
Բայց Տիրոջ ողորմությունը հավիտյան իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը՝ որդիների որդիների վրա։
Նրա ուխտը պահողների վրա է և նրանց վրա, ովքեր հիշում են նրա պատվիրանները՝ դրանք կատարելու համար։
Տերը երկնքում հաստատեց իր գահը, և նրա թագավորությունը տիրում է բոլորին։
Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա հրեշտակներ, հզոր զորությամբ, դուք, որ կատարում եք նրա խոսքը՝ նրա խոսքի ձայնը լսելով։
Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյանե՛ր, որ կատարում եք նրա կամքը։
Օրհներգեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր արարածներ, նրա տերության բոլոր տեղերում. օրհներգի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։