Ինչպե՞ս Պաշտպանել Քո ԸնտանիքըՕրինակ
Աստված հոգ է տանում քո սիրելիների համար
Սիրելի՛ բարեկամ, այսօր ավարտում ենք մեր ուղերձների այս յոթնօրյա շարքը, որը նվիրված էր աղոթքի կարևորությանը մեր ընտանիքներում։
Երբ մեր սիրելիները անցնում են կյանքի դժվարություններով ու փորձություններով, մենք ցանկանում ենք հնարավորինս մոտ լինել նրանց, որպեսզի կարողանանք մխիթարել, կիսել նրանց ցավը և մեր հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնել նրանց։ Սակայն տարբեր պատճառների արդյունքում, միշտ չէ, որ դա հնարավոր է լինում անել։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտակար լինել մեր սիրելիներին նման պարագայում։
Երբ մենք չենք կարող ֆիզիկապես ներկա գտնվել մեր ընտանիքի անդամի կամ մեկ այլ հարազատ մարդու կողքին, ապա չպետք է մոռանանք, որ Աստված, որ լսում է մեր աղոթքները, կարողություն ունի մեզ իրար մոտեցնելու։
Որպես արձագանք քո աղոթքների, Տերը կարող է միջամտել քեզ սիրելի մարդկանց կյանքում։ Հակոբոս 5.16 խոսքը մեզ հենց դրա մասին է սովորեցնում. «…Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում» (Հակոբոս 5․16)։
Աստծո միջամտությունը չունի սահմաններ։ Սակայն վերը բերված զորավոր խոստման մեջ նույնպես կա պայման։ Իսկ աղոթողը համապատասխանո՞ւմ է Աստծո ակնկալած արդարության պահանջներին։ Աստծո ակնկալած արդարությունը անսխալ ու անթերի կյանքը չէ։ Աստծո ակնկալած արդարությունը մեղքից զուրկ կատարյալ ընթացքը չէ։
Աստծո ակնկալած արդարությունը հավատքն է Իր Խոսքերի հանդեպ և հնազանդության մեծ փափագը Իր կամքի հանդեպ։ Աստծո ակնկալած արդարությունը մեր նվիրումն է Իր սկզբունքներին, արժեհամակարգին և Իր ակնկալած կենսակերպին։ Եթե ուզում ենք, որ մեր աղոթքները զորություն ունենան իրենց մեջ, ապա պետք է ունենանք հենց այն արդարությունը, որը Տերն է պարգևում անկեղծ սրտով Իրեն հավատացողներին։
Երբ աղոթում ենք մենք՝ Քրիստոսով արդարացածներս, անկախ մեր գտնվելու վայրից և անկախ նրանից, թե որտեղ է գտնվում մեր ընտանիքի անդամը, Աստծո հոգատար ու փրկարար ձեռքը հասնում է նրանց։
Ինչպիսի՜ արտոնություն է իմանալ, որ անգամ սիրելիներիցդ հեռու լինելով՝ աղոթքի միջոցով կարող ես օգնության հստակ քայլեր ձեռնարկել նրանց համար։ Եթե նույնիսկ չես կարող գտնվել քո կարիքը զգացող մարդկանց կողքին, ապա շնորհիվ աղոթքի նրանց կողքին է լինում մեզնից անհամեմատ ավելի զորավոր Մեկը՝ մեր Տերը Իր սիրող ու կարեկից ներկայությամբ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ քեզ սիրելիներիդ կյանքերն այսօր աղոթքով հանձնել Տեր Հիսուսի ձեռքերի մեջ։ Նա կարող է գործել այնտեղ, որտեղ դու գործելու հնարավորություն չունես։ Անմնացորդ վստահի՛ր Նրան և գոհացի՛ր ու փառաբանի՛ր Նրան այն ամենի համար, որ դեռ պիտի անի Իր սիրող սրտից բխած ողորմությունների և քո աղոթքների արդյունքում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում ուզում եմ միասին խոսենք մեր ընտանիքների մասին։ Ցավոք սրտի, աշխարհով մեկ ընտանիքներն ավելի ու ավելի շատ են հայտնվում թշնամու թիրախում։ Սակայն մեր ընտանիքների պաշտպանության համար Աստված մեզ զորավոր զենքեր է պարգևել…
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/