ՂՈՒԿԱՍ 3

3
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը
(Մտթ. 3.1-12, Մրկ. 1.1-8, Հովհ. 1.19-28)
1Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պիղատոս Պոնտացին Հուդայի կուսակալն էր, Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետն էր, նրա եղբայր Փիլիպպոսը չորրորդապետն էր Իտուրեայի ու Տրաքոնեայի, և Լյուսանիասը չորրորդապետն էր Աբիլինեի, 2երբ քահանայապետներն էին Աննասն ու Կայիափան, Աստծու խոսքն եկավ-հանգեց Զաքարիայի որդի Հովհաննեսի վրա, որն անապատում էր։ 3Եվ նա եկավ Հորդանանի կողմը՝ մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզելու, 4ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում.
«Անապատում կանչողի ձայնն է.
Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը
և ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։
5 Բոլոր ձորերը թող լցվեն,
բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվեն,
դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան,
առապարները՝ հարթ ճանապարհներ,
6 և ամեն մարդ տեսնի Աստծու փրկությունը» (Ես. 40.3-5)։
7Եվ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտվելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից։ 8Այսուհետև ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. “Մենք իբրև հայր ունենք Աբրահամին”։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ 9Որովհետև կացինն ահա ծառերի արմատի մոտ է դրված. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կկտրվի և կրակը կգցվի»։ 10Իսկ ժողովուրդը նրան հարցնում էր ու ասում. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք»։ 11Պատասխանեց և ասաց նրանց. «Ով երկու զգեստ ունի, մեկը թող չունեցողին տա, և ով ուտելիք ունի, նույն ձևով թող անի»։ 12Մաքսավորներն էլ եկան մկրտվելու և հարցրին նրան. «Վարդապե՛տ, մենք ի՞նչ անենք»։ 13Նա ասաց նրանց. «Ձեզ հասանելիքից ավելին մի՛ վերցրեք»։ 14Զինվորները ևս հարցնում էին նրան. «Իսկ մենք ի՞նչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի»։
15Ժողովուրդն սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին հարց էին տալիս «Մի՞թե սա է Քրիստոսը»։ 16Հովհաննեսը պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես նրա կոշիկները տանելու իսկ արժանի չեմ։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։ 17Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։ 18Շատ ուրիշ մխիթարիչ խոսքերով բարի լուրն էր ավետում ժողովրդին։
19Բայց Հերովդես չորրորդապետը, հանդիմանված լինելով Հովհաննեսի կողմից իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի պատճառով և իր գործած բոլոր չարիքների համար, 20այդ բոլորի վրա ավելացրեց և այն, որ Հովհաննեսին բանտարկեց։
Հիսուսի մկրտությունը
(Մտթ. 3.13-17, Մրկ. 1.9-11)
21Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց ու երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, 22և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Հիսուսի ազգաբանությունը
(Մտթ. 1.1-17)
23Եվ ինքը՝ Հիսուսը, շուրջ երեսուն տարեկան էր, երբ սկսեց իր գործը, և, ինչպես կարծում էին, որդին էր Հովսեփի, նա՝ Հակոբի, նա՝ Հեղիի, նա՝ Մատաթեի, 24նա՝ Ղևիի, նա՝ Մեղքիի, նա՝ Հաննեի, նա՝ Հովսեփի, 25նա՝ Մատթեի, նա՝ Ամոսի, նա՝ Նավումի, նա՝ Էսղիի, նա՝ Նանգեի, 26նա՝ Մաաթի, նա՝ Մատաթեի, նա՝ Սեմեիի, նա՝ Հովսեքի, նա՝ Հովդայի, 27նա՝ Հովնանեի, նա՝ Րեսայի, նա՝ Զորաբաբելի, նա՝ Սաղաթիելի, նա՝ Ներիի, 28նա՝ Մեղքիի, նա՝ Ադդեի, նա՝ Կոսամի, նա՝ Ելմոդադի, նա՝ Երեի, 29նա՝ Հեսուի, նա՝ Եղիազարի, նա՝ Հորամի, նա՝ Մատթեի, նա՝ Ղևիի, 30նա՝ Սիմեոնի, նա՝ Հուդայի, նա՝ Հովսեփի, նա՝ Հովնամի, նա՝ Եղիակիմի, 31նա՝ Մելլեի, նա՝ Մեննեի, նա՝ Մատտաթայի, նա՝ Նաթանի, նա՝ Դավթի, 32նա՝ Հեսսեի, նա՝ Ովբեդի, նա՝ Բոոսի, նա՝ Սաղմանի, նա՝ Նաասովնի, 33նա՝ Ամինադաբի, նա՝ Արամի, նա՝ Ադմեի, նա՝ Առնեի, նա՝ Եսրոնի, նա՝ Փարեսի, նա՝ Հուդայի, 34նա՝ Հակոբի, նա՝ Իսահակի, նա՝ Աբրահամի, նա՝ Թարայի, նա՝ Նաքորի, 35նա՝ Սերուքի, նա՝ Ռագավի, նա՝ Փաղեկի, նա՝ Եբերի, նա՝ Սաղայի, 36նա՝ Կայնանի, նա՝ Արփաքսադի, նա՝ Սեմի, նա՝ Նոյի, նա՝ Ղամեքի, 37նա՝ Մաթուսաղայի, նա՝ Ենոքի, նա՝ Հարեդի, նա՝ Մաղաղայելի, նա՝ Կայնանի, 38նա՝ Ենոսի, նա՝ Սեթի, նա՝ Ադամի, նա՝ Աստծու։

Արդեն Ընտրված.

ՂՈՒԿԱՍ 3: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք