ՂՈՒԿԱՍ 2
2
Հիսուսի ծնունդը և հովիվների այցը
(Մտթ. 1.18-25)
1Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անցկացնելու։ 2Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ Ասորիքում Կյուրենիոսի կուսակալության օրոք։ 3Բոլորն էլ գնում էին արձանագրվելու՝ յուրաքանչյուրն իր ծննդյան վայրում։ 4Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով, Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթղեհեմ է կոչվում՝ 5արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա նշանածն էր և հղի էր։ 6Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու օրերը հասան, 7և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։
8Այնտեղ բացօթյա մնացող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ 9Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, և Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ 10Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։ 11Քանզի այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ Օծյալն է՝ Տերը։ 12Եվ սա ձեզ համար թող նշան լինի. խանձարուրով փաթաթած և մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»։ 13Եվ հանկարծակի այդ հրեշտակի հետ երևաց երկնային զորքերի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն ու ասում.
14«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն,
խաղաղությո՜ւն երկրի վրա
և հաճությո՜ւն մարդկանց մեջ»։
15Երբ հրեշտակները նրանցից հեռանալով երկինք բարձրացան, հովիվներն ասացին միմյանց. «Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց»։ 16Եվ նրանք շտապ եկան ու գտան Մարիամին և Հովսեփին և մսուրի մեջ դրված մանկանը։ 17Եվ ճանաչեցին նրան այն խոսքից, որ իրենց ասվել էր մանկան մասին։ 18Եվ բոլոր լսողները զարմանում էին այն բաների վրա, որ հովիվներն ասացին իրենց։ 19Իսկ Մարիամն այս բոլոր խոսքերը պահում էր իր մեջ և իր սրտում խորհում։ 20Եվ հովիվները վերադարձան. փառավորում և օրհնում էին Աստծուն այն ամենի համար, որ լսեցին ու տեսան, ինչպես պատմվել էր իրենց։
Հիսուսի թլփատումը և ընծայումը տաճարին
21Երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղիացվել մոր որովայնում։
22Նրանց սրբագործման օրերի լրանալուց հետո, Մովսեսի օրենքի համաձայն, նրան Երուսաղեմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու, 23ինչպես գրված է Տիրոջ օրենքում. «Ամեն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի» (Ելք 13.2, 12)։ 24Եվ Տիրոջ օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ (Ղևտ. 12.8)։
Սիմեոն ծերունու մարգարեացումը և օրհնությունը
25Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։ 26Սուրբ Հոգուց նրան հրամայված էր մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին։ 27Հոգով առաջնորդված՝ նա եկավ տաճար, և երբ ծնողները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու ինչ որ Օրենքի սովորության համաձայն էր, 28Սիմեոնը նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն ու ասաց.
29«Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի
խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային.
30որովհետև աչքերս տեսան քո փրկությունը,
31որ պատրաստեցիր բոլոր ազգերի առաջ,
32լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար
և փառք Իսրայելի՝ քո ժողովրդի համար»։
33Նրա հայրն ու մայրը զարմացած էին այն խոսքերի համար, որ ասում էին նրա մասին։ 34Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։ 35Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»։
Աննայի մարգարեացումը
36Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։ 37Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։ 38Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։
39Եվ երբ ամեն ինչ կատարեցին Տիրոջ օրենքի համաձայն, վերադարձան Գալիլեա, իրենց քաղաքը՝ Նազարեթ։ 40Մանուկն աճում և զորանում էր՝ լի իմաստությամբ, և Աստծու շնորհները նրա վրա էին։
Մանուկ Հիսուսը տաճարում՝ վարդապետների մեջ
41Նրա ծնողներն ամեն տարի՝ Զատկի տոնին, Երուսաղեմ էին գնում։ 42Եվ երբ նա տասներկու տարեկան դարձավ, տոնի սովորության համաձայն՝ Երուսաղեմ ելան։ 43Երբ տոնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Հիսուսը մնաց Երուսաղեմում, իսկ նրա ծնողներն այդ չիմացան։ 44Կարծում էին, թե նա իրենց ուղեկիցների հետ է. մեկ օրվա չափ ճանապարհ եկան և նրան փնտրեցին ազգականների ու ծանոթների մեջ։ 45Բայց երբ չգտան, Երուսաղեմ վերադարձան՝ նրան փնտրելու։ 46Երեք օր հետո նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ լսում էր նրանց և հարցեր տալիս։ 47Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա։ 48Երբ ծնողները նրան տեսան, ապշահար եղան, իսկ մայրն ասաց. «Որդյա՛կ, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահավասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտրում»։ 49Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։ 50Բայց նրանք չհասկացան իրենց ասված այդ խոսքը։ 51Հիսուսը նրանց հետ իջավ Նազարեթ։ Եվ հնազանդ էր նրանց։ Իսկ նրա մայրն այդ բոլոր խոսքերը պահում էր իր սրտում։
52Հիսուսը զարգանում էր իմաստությամբ, հասակով և շնորհով՝ Աստծու և մարդկանց առջև։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն