ՂՈՒԿԱՍ 1
1
Նախաբան
1Քանի որ շատերը ձեռնարկեցին վերաշարադրել մեզանում իրականացած դեպքերի պատմությունը, 2ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից Խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան, 3ես էլ, որ սկզբից ամենայն ճշմարտությամբ հետամուտ եղա ամեն բանի, կամեցա կարգով շարադրել քեզ համար, ո՛վ գերազանցդ Թեոփիլոս, 4որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր։
Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը
5Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք, Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դուստրերից էր՝ Եղիսաբեթ անունով։ 6Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։ 7Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։
8Եվ մինչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտոնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով՝ 9ըստ քահանայության օրենքի վիճակը նրան ընկավ՝ Տիրոջ տաճար մտնելու և խնկարկելու։ 10Եվ խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած։ 11Տիրոջ հրեշտակը հանկարծ երևաց նրան՝ խնկարկության սեղանի աջ կողմում կանգնած։ 12Երբ Զաքարիան նրան տեսավ, խռովվեց, և վախ ընկավ նրա մեջ։ 13Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։ 14Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի, և շատերը կուրախանան նրա ծննդյամբ, 15որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և օղի չի խմի ու մոր որովայնից սկսած՝ Սուրբ Հոգով կլցվի, 16Իսրայելի որդիներից շատերին էլ կդարձնի դեպի իրենց Տիրոջը՝ Աստծուն։ 17Նա Եղիայի հոգով և զորությամբ պիտի գնա Տիրոջ առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին՝ արդարների իմաստությանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ 18Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ինչպե՞ս վստահ լինեմ, քանի որ ծեր եմ, և կինս էլ տարիքն առել է»։ 19Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ և այդ բանը քեզ ավետելու։ 20Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։
21Իսկ ժողովուրդն սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ 22Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։ 23Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ 24Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ։ Հինգ ամիս նա թաքնվում էր և ասում. 25«Այս ի՞նչ արեց Տերն ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։
Հիսուսի ծննդյան ավետումը
26Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, 27Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ 28Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ 29Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ի՛նչ բան էր այս ողջույնը։ 30Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ 31Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ 32Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, 33ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ 34Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։ 35Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։ 36Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է, 37որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։ 38Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։
Մարիամի այցելությունը Եղիսաբեթին
39Այդ օրերին Մարիամը վեր կացավ և փութով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, 40մտավ Զաքարիայի տունն ու Եղիսաբեթին ողջույն տվեց։ 41Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, 42բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ. 44որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45Եվ երանի՜ նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։
Մարիամի օրհներգությունը
46Իսկ Մարիամն ասաց.
«Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը,
47և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով,
48որովհետև նա նկատեց
իր աղախնի խոնարհ վիճակը։
Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները
ինձ երանի պիտի տան,
49որովհետև ամենազոր Աստված
մեծամեծ գործեր արեց ինձ համար,
և նրա անունը սուրբ է։
50Նրա ողորմությունը սերնդեսերունդ
իր երկյուղածների վրա է։
51Նա իր բազկով զորություն գործադրեց,
ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին.
52հզորներին տապալեց իրենց աթոռներից
և բարձրացրեց խոնարհներին։
53Քաղցածներին լիացրեց բարիքներով
և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։
54Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին՝
հիշելով իր ողորմությունները,
55ինչպես ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին և նրա սերնդին, հավիտյան»։
56Ապա Մարիամը գրեթե երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և վերադարձավ իր տունը։
Հովհաննես Մկրտչի ծնունդը և թլփատումը
57Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացավ, և նա որդի ծնեց։ 58Նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ, և ուրախանում էին նրա հետ։
59Եվ երբ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու, նրան ցանկանում էին իր հոր անունով Զաքարիա կոչել։ 60Բայց մանկան մայրը պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այլ Հովհաննես պետք է կոչվի»։ 61Նրան ասացին. «Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովհաննես լինի»։ 62Նշան արեցին նրա հորը, թե ի՛նչ կկամենա նրան կոչել։ 63Նա մի տախտակ ուզեց և վրան գրեց. «Դրա անունը Հովհաննես է»։ Եվ ամենքը զարմացան։ 64Եվ իսկույն բացվեցին նրա բերանը և լեզուն. խոսում էր և օրհնում Աստծուն։ 65Այս բանը լսողների և նրանց շուրջը բնակվողների մեջ ահ ընկավ, և Հրեաստանի ամբողջ լեռնակողմում պատմվում էին այս բոլոր բաները։ 66Եվ բոլոր լսողներն այս ամենը պահում էին իրենց սրտում և ասում էին. «Արդյոք ի՞նչ պիտի դառնա այս մանուկը»։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։
Զաքարիայի օրհներգությունը
67Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ և ասաց.
68«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,
որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։
69Եվ իր ծառա Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր հանեց,
70ինչպես որ խոսել էր սրբերի բերանով,
որոնք հին դարերում նրա մարգարեներն էին.
71փրկություն՝ մեր թշնամիներից և բոլոր մեզ ատողների ձեռքից՝
72ողորմություն անելու համար մեր հայրերին
և հիշելու իր սուրբ ուխտը.
73այն երդումը, որ արել էր մեր հորը՝ Աբրահամին,
74որպեսզի թշնամիների ձեռքից փրկված՝
կարողանանք առանց երկյուղի,
սրբությամբ և արդարությամբ ծառայել նրա առաջ
75մեր կյանքի բոլոր օրերում։
76Եվ դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես,
որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,
77տալու նրա ժողովրդին փրկության գիտությունը՝
նրանց մեղքերի թողության համար,
78մեր Աստծու գթառատ ողորմության շնորհիվ,
որով բարձունքից արեգակը մեզ կայցելի
79ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի
և մահվան ստվերների մեջ՝
ուղղելու մեր ոտքերը
դեպի խաղաղության ճանապարհները»։
80Եվ մանուկն աճում ու զորանում էր հոգով։ Ապրում էր անապատներում մինչև Իսրայելում իր երևալու օրը։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն