ՄԱՐԿՈՍ 16
16
Հիսուսի հարությունը
(Մտթ. 28.1-8, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)
1Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սողոմեն գնացին, խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան, օծեն Հիսուսի մարմինը։ 2Կիրակի օրը՝ վաղ առավոտյան, արևածագին, եկան գերեզման։ 3Եվ միմյանց ասում էին. «Մեզ համար գերեզմանի մուտքից քարը ո՞վ կգլորի»։ 4Որովհետև այն շատ մեծ էր, բայց նայեցին ու տեսան, որ գերեզմանից քարը գլորված էր։ 5Գերեզմանից ներս մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագին, և սարսափեցին։ 6Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։ 7Բայց գնացե՛ք, նրա աշակերտներին և Պետրոսին ասե՛ք, որ ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա. այնտեղ կտեսնեք նրան, ինչպես ասել էր ձեզ»։ 8Երբ այս լսեցին, ելան ու փախան գերեզմանից, քանի որ սարսափահար էին, և ոչ ոքի բան չասացին, որովհետև վախենում էին։
Հիսուսի երևումները
(Մտթ. 28.9-10, Ղուկ. 24.13-49, Հովհ. 20.11–21.24)
9Հիսուսը հարություն առնելուց հետո՝ առաջին կիրակի օրն առավոտյան, երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։ 10Մարիամը գնաց և պատմեց նրանց, ովքեր Հիսուսի հետ էին, մինչ նրանք սգում ու լաց էին լինում։ 11Երբ նրանք լսեցին, թե Հիսուսը կենդանի է և երևացել է Մարիամին, չհավատացին։
12Հետո Հիսուսն ուրիշ կերպարանքով երևաց նրանցից երկուսին, ովքեր դեպի ագարակներ էին գնում։ 13Նրանք էլ գնացին և պատմեցին մյուսներին, բայց նրանք չհավատացին։
14Հետո Հիսուսը երևաց տասնմեկին, երբ նրանք սեղան էին նստել։ Նա հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։
Հիսուսի աշակերտների առաքելությունը
(Մտթ. 28.16-20)
15Եվ ասաց նրանց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին քարոզե՛ք Ավետարանը։ 16Ով հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։ 17Այն նշանները կուղեկցեն նրանց, ովքեր հավատում են. իմ անունով դևեր կհանեն, լեզուներ կխոսեն, 18ձեռքով օձ կբռնեն, և եթե մահացու որևէ թույն խմեն, չեն վնասվի, հիվանդների վրա ձեռք կդնեն և կբժշկեն»։
Հիսուսի համբարձումը
(Ղուկ. 24.50-53, Գրծ. 1.9-11)
19Եվ ինքը՝ Տեր Հիսուսը, աշակերտների հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց և նստեց Հոր աջ կողմում։ 20Իսկ նրանք գնացին և ամբողջ աշխարհում քարոզում էին Ավետարանը։ Տերը առաջնորդում էր նրանց և նրանց քարոզչությունը հաստատում հրաշքներով։
Արդեն Ընտրված.
ՄԱՐԿՈՍ 16: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն