ՄԱՐԿՈՍ 15

15
Հիսուսը Պիղատոսի առջև
(Մտթ. 27.1-211-14, Ղուկ. 23.1-5, Հովհ. 18.28-38, 19.1-16)
1Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի ու դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին և տարան հանձնեցին Պիղատոսին։ 2Պիղատոսը հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխան տվեց նրան և ասաց. «Այո՛, ինչպես ասացիր»։ 3Քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում, բայց Հիսուսը ոչինչ չէր պատասխանում։ 4Իսկ Պիղատոսը դարձյալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տե՛ս, ինչքա՛ն ամբաստանություններ են անում քո դեմ»։ 5Հիսուսը դրանից հետո ոչինչ չպատասխանեց, այնպես որ Պիղատոսը շատ զարմացավ։
Բարաբբան
(Մտթ. 27.15-26, Ղուկ. 23.13-25, Հովհ. 18.39-40)
6Զատկի տոնի առիթով Պիղատոսը նրանց համար մի կալանավոր էր ազատ արձակում, որի համար նրանք խնդրում էին։ 7Բարաբբա անունով մեկը կար՝ բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։ 8Ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել և պահանջել, որ համաձայն իր սովորության՝ Պիղատոսն իրենց համար Բարաբբային արձակի։ 9Պիղատոսը պատասխանեց և ասաց նրանց. «Ուզո՞ւմ եք, որ հրեաների արքային արձակեմ ձեզ համար». 10որովհետև նա գիտեր, որ Հիսուսին նախանձի պատճառով էին հանձնել քահանայապետները, 11որոնք էլ ամբոխին համոզեցին, որ Բարաբբային արձակեր իրենց համար։ 12Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց և ասաց. «Իսկ ի՞նչ եք ուզում, որ անեմ հրեաների արքային»։ 13Եվ նրանք, քահանայապետներից դրդվելով, դարձյալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»։ 14Պիղատոսը նրանց հարցրեց. «Ի՞նչ չար բան է արել նա»։ Սակայն նրանք ավելի ու ավելի էին աղաղակում և ասում. «Խա՛չը հանիր դրան»։ 15Այն ժամանակ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին մտրակով ծեծել տալուց հետո հանձնեց, որպեսզի խաչը հանվի։
16Զինվորները Հիսուսին ներսի գավիթը տարան, որ պալատի բակն էր, և մեկտեղ կանչեցին ողջ գունդը։ 17Հիսուսին կարմիր քղամիդ և ծիրանի հագցրին և նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին։ 18Ապա սկսեցին նրան ողջույն տալ և ասել. «Ողջո՜ւյն քեզ, հրեաների՛ արքա»։ 19Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին և ծնկի գալով՝ երկրպագում էին նրան։ 20Ծաղրուծանակի ենթարկելուց հետո Հիսուսի վրայից քղամիդն ու ծիրանին հանեցին, իր հագուստը հագցրին և դուրս տարան, որ խաչը հանեն։
Հիսուսի խաչելությունը
(Մտթ. 27.32-44, Ղուկ. 23.26-43, Հովհ. 19.17-27)
21Եվ ստիպեցին մի անցորդի, որ արտից էր գալիս, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Նա Սիմոն Կյուրենացին էր՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հայրը։ 22Հիսուսին տարան Գողգոթա, մի տեղ, որ «Գագաթ» է թարգմանվում։ 23Նրան զմուռս խառնած գինի տվեցին, բայց նա չվերցրեց։
24Ապա նրան խաչը հանեցին։ Եվ նրա հագուստը բաժանեցին՝ դրանց վրա վիճակ գցելով՝ տեսնելու, թե ով ի՛նչ պիտի վերցնի։ 25Առավոտյան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին։ 26Նրա հանցապարտության մասին գրություն կար՝ գրված այսպես. «Հրեաների թագավորն է»։ 27Նրա հետ խաչը հանեցին երկու ավազակների, մեկին՝ նրա աջ կողմում, իսկ մյուսին՝ ձախ կողմում։ 28Այսպիսով կատարվեց Սուրբ Գրքի այն խոսքը, որ ասում է՝ «Անօրենների շարքը դասվեց»։ 29Ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան և շարժելով իրենց գլուխները՝ ասում էին. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, 30ազատի՛ր ինքդ քեզ և ցա՛ծ իջիր այդ խաչից»։ 31Նույնպես և քահանայապետները դպիրների հետ իրար մեջ ծաղրում էին և ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ 32Ասում է, թե Քրիստոսն է, Իսրայելի թագավորը, թող այժմ խաչից իջնի, որպեսզի տեսնենք և հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ նախատում էին նրան։
Հիսուսի մահը
(Մտթ. 27.45-56, Ղուկ. 23.44-49, Հովհ. 19.28-37)
33Վեցերորդ ժամին խավար պատեց ամբողջ երկիրը, մինչև իններորդ ժամը։ 34Իններորդ ժամին Հիսուսը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Սաղ. 21(22).2)։ 35Նրա շուրջը կանգնածներից ոմանք, երբ լսեցին այս, ասացին. «Եղիային է կանչում»։ 36Մեկն առաջ վազելով սպունգը քացախի մեջ թաթախեց և եղեգին անցկացնելով՝ տվեց Հիսուսին, որ խմի. և ասում էր. «Թողե՛ք տեսնենք, Եղիան կգա՞ նրան խաչից իջեցնելու»։
37Հիսուսը բարձր ձայն արձակեց և հոգին ավանդեց։ 38Տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար։ 39Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ, տեսնելով, թե Հիսուսն ինչպե՛ս աղաղակեց և հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես Աստծու Որդի էր»։ 40Այնտեղ նաև կանայք կային, որոնք դիտում էին հեռվից։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի և Հովսեի մայրը՝ Մարիամը, ինչպես և Սողոմեն, 41որոնք, երբ Հիսուսը Գալիլեայում էր, գնում էին նրա հետևից և ծառայում նրան։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որոնք նրա հետ Երուսաղեմ էին բարձրացել։
Հիսուսի թաղումը
(Մտթ. 27.57-61, Ղուկ. 23.50-56, Հովհ. 19.38-42)
42Երբ երեկո եղավ,- քանի որ ուրբաթ էր, և շաբաթամուտն էր սկսվում,- 43եկավ Արիմաթեացի Հովսեփը, որ մի պարկեշտ մարդ էր, հրեաների ատյանի անդամ, և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ և խնդրել Հիսուսի մարմինը։ 44Պիղատոսը զարմացավ, որ Հիսուսն այդքան շուտ էր մեռել։ Իր մոտ կանչելով հարյուրապետին՝ հարցրեց նրան և ասաց. «Իրո՞ք այդքան շուտ մեռավ»։ 45Հարյուրապետից այդ ստուգելուց հետո մարմինը շնորհեց Հովսեփին։ 46Հովսեփն էլ կտավ գնեց և նրան խաչից իջեցնելով՝ պատեց կտավով և դրեց մի ժայռափոր գերեզմանի մեջ։ Ապա մի քար գլորեց գերեզմանի մուտքին։ 47Մարիամ Մագդաղենացին և Հակոբոսի ու Հովսեի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրվեց։

Արդեն Ընտրված.

ՄԱՐԿՈՍ 15: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք