ՄԱՐԿՈՍ 14

14
Դավադրություն Հիսուսի դեմ
(Մտթ. 26.1-5, Ղուկ. 22.1-2, Հովհ. 11.47-53)
1Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե Հիսուսին նենգությամբ ինչպե՛ս ձերբակալեն և սպանեն։ 2Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։
Օծում Բեթանիայում
(Մտթ. 26.6-13, Հովհ. 12.1-8)
3Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն իր հետ ուներ նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղի մի շիշ։ Շիշը կոտրելով՝ նա յուղը թափեց Հիսուսի գլխին։ 4Աշակերտները դժկամում էին և ասում. «Ինչի՞ համար էր այդ յուղի վատնումը. 5կարելի էր այդ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին»։ Եվ սկսեցին խիստ բարկանալ կնոջ վրա։ 6Հիսուսը նրանց ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառում, քանի որ նա ինձ համար մի բարի գործ արեց։ 7Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք բարիք անել նրանց։ Բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ 8Այս կինն ինչ որ կարող էր, արեց. նախօրոք օծեց իմ մարմինը՝ ի նշան թաղման պատրաստության։ 9Ճշմարիտ եմ ասում ձեզ, ամբողջ աշխարհում որտեղ էլ որ քարոզվի այս Ավետարանը, նրա հիշատակի համար կպատմվի նաև այն, ինչ նա արեց»։
Հուդայի համաձայնությունը՝ մատնելու Հիսուսին
(Մտթ. 26.14-16, Ղուկ. 22.3-6)
10Ապա Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, գնաց քահանայապետների մոտ, որպեսզի Հիսուսին մատնի նրանց։ 11Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան դրամ տալ նրան։ Եվ Հուդան հարմար առիթ էր փնտրում Հիսուսին մատնելու համար։
Վերջին ընթրիքը
(Մտթ. 26.17-25, Ղուկ. 22.7-1421-23)
12Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը։ Գնանք պատրաստենք»։ 13Հիսուսն աշակերտներից երկուսին ուղարկեց՝ նրանց ասելով. «Կգնաք քաղաք և երբ այնտեղ մտնեք, ձեզ մի մարդ կհանդիպի, որ ուսին ջրի մի սափոր կունենա. կգնաք նրա հետևից։ 14Ո՛ր տունը մտնի, այդ տան տիրոջը կասեք. “Վարդապետն ասում է՝ որտե՞ղ է այն օթևանը, որտեղ իմ աշակերտների հետ պիտի ուտեմ զատկական ընթրիքը”։ 15Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի մեծ վերնատուն. այնտեղ կպատրաստեք մեզ համար»։ 16Նրա աշակերտները գնացին պատրաստելու։ Եկան քաղաք և գտան այնպես, ինչպես Հիսուսն ասել էր իրենց, և պատրաստեցին զատկական ընթրիքը։
17Երբ երեկո եղավ, Հիսուսը եկավ տասներկուսի հետ։ 18Երբ սեղան էին նստել և դեռ ուտում էին, Հիսուսն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկը, ով հիմա ինձ հետ ուտում է, մատնելու է ինձ»։ 19Նրանք սկսեցին տրտմել և մեկ առ մեկ հարցնել. «Մի՞թե ես եմ», և մյուսը. «Մի՞թե ես եմ»։ 20Հիսուսը պատասխան տվեց և նրանց ասաց. «Տասներկուսիցդ մեկը, որ ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։ 21Ճիշտ է, Մարդու Որդին կգնա, ինչպես որ նրա մասին ասում է Սուրբ Գիրքը, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով Մարդու Որդին կմատնվի. լավ կլիներ այդ մարդու համար, եթե ծնված իսկ չլիներ»։
Հաղորդության խորհրդի հաստատումը
(Մտթ. 26.26-30, Ղուկ. 22.17-20, Ա Կրնթ. 11.23-25)
22Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը, հաց վերցնելով, օրհնեց, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Առե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։ 23Ապա բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց, և բոլորն էլ նրանից խմեցին։ 24Հիսուսն ասաց նրանց. «Ա՛յս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։ 25Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ կխմեմ նորը Աստծու արքայության մեջ»։
26Ապա գոհություն մատուցելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։
Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը
(Մտթ. 26.31-35, Ղուկ. 22.31-34, Հովհ. 13.36-38)
27Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր ամենքդ էլ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև Սուրբ Գիրքն ասում է.
“Պիտի հարվածեմ հովվին,
և ոչխարները պիտի ցրվեն”։
28Բայց հարություն առնելուց հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ»։ 29Պետրոսը խոսեց և ասաց նրան. «Եթե բոլորն էլ գայթակղվեն, ես չեմ գայթակղվի»։ 30Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ հենց դու այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։ 31Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ մեռնել անգամ, քեզ չեմ ուրանա»։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։
Աղոթք Գեթսեմանիում
(Մտթ. 26.36-46, Ղուկ. 22.39-46)
32Եկան այն այգին, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև աղոթեմ»։ 33Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին։ Սկսեց տխրել ու տագնապել։ 34Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. մնացե՛ք այստեղ և արթո՛ւն կացեք»։ 35Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսնիվայր գետնին ընկավ և աղոթում էր, որ եթե հնարավոր է, այդ ժամն իրենից հեռանա։ 36Ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում»։ 37Ապա Հիսուսը եկավ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես, չկարողացա՞ր մեկ ժամ արթուն մնալ։ 38Արթո՛ւն կացեք և աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ 39Նորից գնաց, աղոթք արեց և նույն խոսքերն ասաց։ 40Կրկին վերադարձավ և նրանց քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, և չէին իմանում, թե ի՛նչ պատասխան տան նրան։ 41Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք և հանգստացե՛ք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը, և ահա Մարդու Որդին մատնվում է մեղավորների ձեռքը։ 42Օ՛ն, վե՛ր կացեք գնանք, որովհետև ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու է»։
Հիսուսի մատնվելը և ձերբակալվելը
(Մտթ. 26.47-56, Ղուկ. 22.47-53, Հովհ. 18.1-12)
43Մինչ Հիսուսը խոսում էր այս բաները, եկավ Հուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մեկը, նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի ամբոխ՝ ուղարկված քահանայապետների, դպիրների ու ծերերի կողմից։ 44Մատնիչը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, ձերբակալե՛ք նրան և զգուշությամբ տարե՛ք»։ 45Հուդան, իսկույն մոտենալով, նրան ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛», և համբուրեց նրան։ 46Նրանք բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ 47Ապա նրա շուրջը գտնվողներից մեկը սուրը քաշեց և զարկեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։ 48Հիսուսը խոսքն ուղղեց նրանց և ասաց. «Իմ դեմ եք ելել սրերով ու մահակներով՝ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ 49Միշտ ձեզ մոտ էի և ուսուցանում էի տաճարում, և ինձ չձերբակալեցիք։ Բայց այս ամենը եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն»։ 50Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան։
51Մի երիտասարդ գնում էր նրա հետևից՝ իր մերկ մարմնի վրա սավան գցած։ Երիտասարդները նրան բռնեցին, 52բայց նա, թողնելով սավանը, մերկ փախավ նրանցից։
Հիսուսն ատյանի առջև
(Մտթ. 26.57-68, Ղուկ. 22.66-71, Հովհ. 18.12-1419-24)
53Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ սկսեցին հավաքվել բոլոր քահանայապետները, դպիրներն ու ծերերը։ 54Պետրոսը, հեռվից Հիսուսին հետևելով, մտավ մինչև անգամ ներս՝ քահանայապետի գավիթը։ Նա նստած էր սպասավորների հետ ու տաքանում էր կրակի առջև։ 55Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն, բայց չէին գտնում։ 56Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ, բայց վկայություններն իրար չէին համապատասխանում։ 57Ոմանք, վեր կենալով, նրա դեմ սուտ վկայություն էին տալիս և ասում. 58«Մենք լսեցինք նրանից, որ ասում էր. “Ես կքանդեմ այս ձեռակերտ տաճարը և երեք օրում կկառուցեմ մեկ ուրիշը՝ անձեռակերտ”»։ 59Սակայն այսպես էլ նրանց վկայությունը նույնանման չէր։ 60Ապա քահանայապետը, մեջտեղում կանգնելով, Հիսուսին հարց տվեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. նրանք այս ի՞նչ են վկայում քո դեմ»։ 61Իսկ նա լուռ էր մնում և որևէ պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնյալ Աստծու Որդին»։ 62Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Այո՛, ինչպես ասացիր, ես եմ։ Եվ պիտի տեսնեք Մարդու Որդուն՝ նստած Ամենազոր Աստծու աջ կողմում և եկած երկնքի ամպերով (Դան. 7.13)»։ 63Քահանայապետն իսկույն պատռեց իր պատմուճանը և ասաց. «Էլ ի՞նչ պետք ունենք վկաների։ 64Ահա ամենքդ էլ նրա բերանից լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Բոլորն էլ դատապարտեցին նրան՝ վճռելով, որ մահապարտ է։ 65Ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորը գլխին քաշել, բռունցքներով խփել և ասել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Սպասավորներն էլ ապտակում էին նրան։
Պետրոսի ուրանալը
(Մտթ. 26.69-75, Ղուկ. 22.54-62, Հովհ. 18.15-1825-27)
66Մինչ Պետրոսը դեռ ներքևում էր՝ գավթում, քահանայապետի աղախիններից մեկը եկավ 67և տեսավ, որ նա տաքանում էր, ուշադիր նայեց նրան և ասաց. «Դու էլ էիր Հիսուս Նազովրեցու հետ»։ 68Պետրոսն ուրացավ և ասաց. «Ո՛չ ճանաչում եմ, ո՛չ էլ գիտեմ՝ ինչ ես ասում դու»։ Երբ նա արտաքին գավիթը ելավ, աքաղաղը կանչեց։ 69Աղախինը կրկին տեսավ նրան և սկսեց իր շուրջը գտնվողներին ասել. «Սա էլ է նրանցից»։ 70Բայց Պետրոսը դարձյալ ուրացավ։ Քիչ անց շուրջը գտնվողները դարձյալ ասացին Պետրոսին. «Իրոք դու նրանցից ես, քանի որ գալիլեացի ես, և խոսքդ էլ նրանց նման է»։ 71Պետրոսն սկսեց նզովել, երդվել և ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խոսում եք»։ 72Եվ հենց նույն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց։ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուսն ասել էր իրեն՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ սկսեց լաց լինել։

Արդեն Ընտրված.

ՄԱՐԿՈՍ 14: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք