ՄԱՐԿՈՍ 13
13
Հիսուսը խոսում է տաճարի կործանման մասին
(Մտթ. 24.1-2, Ղուկ. 21.5-6)
1Երբ Հիսուսը դուրս էր գալիս տաճարից, իր աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս՝ ինչպիսի՜ քարեր են, և ինչպիսի՜ շինություններ»։ 2Հիսուսը նրան պատասխան տվեց և ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինությունները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդտեղ քարը քարի վրա չպիտի թողնվի, ամբողջը պիտի քանդվի»։
Խռովություններ, հալածանքներ և ավերումներ
(Մտթ. 24.3-14, Ղուկ. 21.7-19)
3Եվ մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա՝ տաճարի դիմաց, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը առանձին հարցրին նրան. 4«Ասա՛ մեզ, ե՞րբ կլինի այդ, և ի՞նչը կլինի նշանը, երբ կատարվելու լինեն այդ բոլորը»։
5Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛ւյշ մնացեք՝ ոչ ոք ձեզ չխաբի, 6որովհետև շատերը պիտի գան իմ անունով և ասեն՝ “Ես եմ Քրիստոսը” և շատերին պիտի մոլորեցնեն։ 7Սակայն երբ լսեք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն. բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։ 8Ազգ ազգի դեմ կելնի, և թագավորություն՝ թագավորության դեմ, տարբեր տեղերում երկրաշարժներ կլինեն, սով, համաճարակ ու խռովություններ. բայց այս ամենը սկիզբն է նեղությունների։ 9Ձեզ էլ դատարաններ կհանձնեն, և ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք՝ վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին։ 10Բայց նախ պետք է Ավետարանը քարոզվի։ 11Եվ երբ ձեզ տանեն դատարան հանձնելու, նախապես մի՛ մտահոգվեք և մի՛ մտածեք, թե ի՛նչ պիտի խոսեք, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, ա՛յդ խոսեք, որովհետև դո՛ւք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։ 12Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, և հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն ու կսպանեն նրանց։ 13Եվ բոլորը ձեզ կատեն իմ անվան պատճառով։ Բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի»։
Մեծ սրբապղծությունը
(Մտթ. 24.15-28, Ղուկ. 21.20-24)
14«Երբ տեսնեք “ավերածության պղծությունը”՝ տեղադրված այնտեղ, որտեղ չպետք է լիներ (ով կարդում է, թող հասկանա), այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, 15ով տանիքի վրա լինի, թող չիջնի և տուն մտնի՝ այնտեղից մի բան վերցնելու, 16և ով արտի մեջ լինի, թող հետ չդառնա՝ իր վերնազգեստը վերցնելու։ 17Բայց վա՜յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին։ 18Աղոթե՛ք, որ այն ձմեռ ժամանակ չպատահի։ 19Այդ օրերը պիտի լինեն այնպիսի նեղության օրեր, որոնց նման արարչագործության սկզբից մինչև այժմ երբեք չի պատահել և ոչ էլ կպատահի։ 20Եվ եթե Աստված իր ընտրյալների համար այդ օրերը չպակասեցներ, ոչ մեկը չէր փրկվի։ Բայց հանուն ընտրյալների, որոնց Աստված ընտրեց, այդ օրերը պակասեցրեց։ 21Այն ժամանակ եթե մեկը ձեզ ասի, թե՝ “Ահա այստեղ է Քրիստոսը”, կամ՝ “Ահա այնտեղ է”, չհավատաք, 22որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն, նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։ 23Բայց դուք զգո՛ւյշ եղեք։ Ահա նախապես ամեն ինչ ասացի ձեզ»։
Մարդու Որդու գալուստը
(Մտթ. 24.29-31, Ղուկ. 21.25-28)
24«Բայց այդ օրերին՝ այդ նեղությունից հետո, արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, 25աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ 26Այն ժամանակ կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրայով (Դան. 7.13)՝ զորությամբ ու մեծ փառքով։ 27Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը»։
Թզենու դասը
(Մտթ. 24.32-35, Ղուկ. 21.29-33)
28«Բայց դուք թզենու օրինակո՛վ սովորեք դասը։ Երբ նրա ճյուղերը հետզհետե փափկում են և տերև են արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։ 29Նույնպես և դուք, երբ այս բոլորը կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Մարդու Որդին դռների մոտ է։ 30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ 31Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։
Ոչ ոք չգիտի օրը և ժամը
(Մտթ. 24.36-44, Ղուկ. 21.34-36)
32«Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը։ 33Զգո՛ւյշ եղեք, արթուն մնացե՛ք և աղոթե՛ք, քանի որ չգիտեք, թե ե՛րբ կլինի ժամանակը։ 34Նման կլինի այն իրավիճակին, որ մի մարդ, ուրիշ երկիր գնալով, թողնի իր տունն ու իր ծառաներին իշխանություն տա. յուրաքանչյուրին՝ իր գործը, դռնապանին էլ պատվիրի, որ արթուն լինի։ 35Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։ 36Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնի մեջ գտնի։ 37Բայց ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. արթո՛ւն կացեք»։
Արդեն Ընտրված.
ՄԱՐԿՈՍ 13: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն