ՂՈՒԿԱՍ 4
4
Հիսուսի փորձությունն անապատում
(Մտթ. 4.1-11, Մրկ. 1.12-13)
1Հիսուսը, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից և Հոգով առաջնորդվեց անապատ 2քառասուն օր և ենթարկվեց սատանայի փորձություններին։ Չկերավ և չխմեց այն օրերին, իսկ քառասուն օրերի լրանալուց հետո քաղց զգաց։
3Եվ սատանան նրան ասաց. «Եթե Աստծու Որդի ես, այդ քարին ասա՛, որ հաց դառնա»։ 4Հիսուսը նրան պատասխանեց և ասաց. «Գրված է. “Միայն հացով չի ապրում մարդ, այլ Աստծու խոսքով” (Բ Օր. 8.3)»։
5Եվ սատանան, նրան տանելով մի բարձր լեռ, մի վայրկյանում նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորությունները։ 6Եվ սատանան նրան ասաց. «Քեզ կտամ այս բոլոր իշխանությունները և սրանց փառքը, որովհետև ինձ է տրված, և ում կամենամ, կտամ այն։ 7Արդ, եթե դու իմ առաջ ընկնելով երկրպագես, բոլորը քոնը կլինի»։ 8Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Գրված է.
“Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի երկրպագես
և միայն նրա՛ն պիտի պաշտես” (Բ Օր. 6.13)»։
9Տարավ նրան Երուսաղեմ, կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եթե Աստծու Որդի ես, քեզ այստեղից ցա՛ծ նետիր, 10որովհետև գրված է.
“Իր հրեշտակներին պատվիրել է քեզ համար,
11 և նրանք իրենց ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ,
որպեսզի ոտքդ երբեք քարին չխփես” (Սաղ. 90(91).11-12)»։
12Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ասված է. “Չփորձե՛ս Տիրոջը՝ քո Աստծուն” (Բ Օր. 6.16)»։ 13Եվ սատանան, կատարած լինելով բոլոր փորձությունները, նրանից միառժամանակ հեռացավ։
Քարոզչություն Գալիլեայում
(Մտթ. 4.12-17, Մրկ. 1.14-15)
14Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու գավառի բոլոր կողմերում նրա համբավը տարածվեց։ 15Եվ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառավորվելով բոլորից։
Հիսուսը Նազարեթում
(Մտթ. 13.53-57, Մրկ. 6.1-6)
16Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, և ըստ իր սովորության՝ շաբաթ օրը ժողովարան մտավ։ 17Նրան Եսայի մարգարեի գիրքը տվեցին, երբ ելավ ընթերցելու, իսկ երբ գիրքը բացեց, գտավ այն տեղը, որտեղ գրված էր.
18 «Տիրոջ Հոգին ինձ վրա է,
հենց դրա համար օծեց ինձ,
ուղարկեց աղքատներին ավետարանելու,
սրտով բեկյալներին բժշկելու,
19 գերիներին ազատություն քարոզելու
և կույրերին՝ տեսողություն,
կեղեքվածներին ազատ արձակելու,
Տիրոջն ընդունելի տարին հռչակելու» (Ես. 61.1-2)։
20Եվ փակելով գիրքը՝ տվեց պաշտոնյային ու նստեց. իսկ ժողովարանում գտնվողների բոլորի աչքերը նրան էին սևեռված։ 21Սկսեց ասել նրանց. «Այսօր այս մարգարեությունը, որ լսեցիք ձեր իսկ ականջներով, կատարվեց»։ 22Եվ բոլորը վկայում էին ու զարմանում նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա ու ասում. «Սա Հովսեփի որդին չէ՞»։ 23Եվ ասաց նրանց. «Անշուշտ, ինձ այս առածը կասեք. “Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ”։ Այն ամենը, ինչ արել ես Կափառնաումում, որչափ որ լսեցինք, արա՛ և այստեղ, քո հայրենի գավառում»։ 24Եվ նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարգարեն ընդունելի չէ իր հայրենի գավառում։ 25Արդարև, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում բազում այրիներ կային, երբ երկինքը փակվեց#Իմա՛ չանձրևեց։ երեք տարի ու վեց ամիս, և ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ։ 26Սակայն այրիներից ոչ մեկի մոտ Եղիան չուղարկվեց, այլ միայն Սիդովնի Սարեփթա՝ մի այրի կնոջ մոտ։ 27Իսրայելում Եղիսե մարգարեի օրոք բազում բորոտներ կային, և սակայն նրանցից ոչ մեկը չմաքրվեց, այլ միայն Նեեման Ասորին»։ 28Երբ այս լսեցին, ժողովարանում բոլորը լցվեցին բարկությամբ 29և վեր կենալով՝ նրան քաղաքից դուրս հանեցին ու տարան մինչև դարավանդը այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը, որպեսզի նրան գահավեժ անեն։ 30Իսկ նա, անցնելով նրանց միջով, գնաց։
Դիվահարի բժշկումը
(Մրկ. 1.21-28)
31Իջավ Գալիլեայի Կափառնաում քաղաքը և շաբաթ օրերն ուսուցանում էր նրանց։ 32Նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իշխանությամբ էր խոսում։ 33Եվ ժողովարանում մի պիղծ դևի ոգին ունեցող մի մարդ կար. սա բարձր ձայնով աղաղակեց և ասաց. 34«Վա՜յ մեզ, Հիսո՛ւս Նազովրեցի, ի՞նչ ես ուզում մեզնից. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք, թե ո՛վ ես՝ Սուրբը Աստծու»։ 35Հիսուսը սաստեց նրան ու ասաց. «Պապանձվի՛ր և դո՛ւրս ելիր դրանից»։ Եվ դևն այնտեղ գետնին գցեց նրան և դուրս ելավ նրանից՝ առանց որևէ վնաս տալու։ 36Եվ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խոսում էին ու ասում. «Ի՜նչ խոսք է այս. իշխանությամբ և զորությամբ սաստում է պիղծ ոգիներին, և դրանք դուրս են գալիս»։ 37Եվ նրա հռչակը տարածվում էր գավառի բոլոր տեղերում։
Զանազան բժշկումներ
(Մտթ. 8.14-17, Մրկ. 1.29-34)
38Եվ նա, ժողովարանից դուրս գալով, մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, և նրա համար աղաչեցին Հիսուսին։ 39Նա կանգնեց նրա մոտ, սաստեց ջերմին, և ջերմը թողեց նրան։ Հիվանդն անմիջապես ոտքի ելավ և սպասարկում էր նրանց։
40Մայրամուտին բոլոր նրանք, որ պես-պես ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց։ Իսկ նա նրանցից յուրաքանչյուրի վրա ձեռք էր դնում ու բժշկում նրանց։ 41Շատերի միջից էլ դևեր էին ելնում, որոնք աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։ Եվ նա սաստում էր ու թույլ չէր տալիս նրանց խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։
Քարոզչական շրջագայություն
(Մրկ. 1.35-39)
42Լուսանալուն պես Հիսուսը ելավ գնաց ամայի մի տեղ, իսկ ժողովուրդը փնտրում էր նրան. եկան մինչև նրա մոտ և չէին թողնում նրան, որ հեռանա իրենցից։ 43Եվ նա նրանց ասաց. «Աստծու արքայությունը ես ուրիշ քաղաքների էլ պիտի ավետարանեմ, որովհետև հենց դրա համար ուղարկվեցի»։ 44Եվ նա քարոզում էր գալիլեացիների ժողովարաններում։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 4: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն