ՂՈՒԿԱՍ 5
5
Ձկնորսներից՝ առաքյալներ
(Մտթ. 4.18-22, Մրկ. 1.16-20)
1Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։ 2Եվ տեսավ ծովակի եզերքին կանգնած երկու նավակներ, և ձկնորսները, դրանց միջից դուրս եկած, ուռկաններն էին լվանում։ 3Նա մտավ նավակներից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, և խնդրեց, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նավակի միջից ուսուցանում էր ժողովրդին։ 4Եվ երբ դադարեց խոսելուց, ասաց Սիմոնին. «Քշի՛ր դեպի ծովի խորքերը, և ձեր ուռկանները գցե՛ք որսալու համար»։ 5Սիմոնը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այս ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք»։ 6Երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռվում էին։ 7Նրանք նշան էին անում մյուս նավակի մեջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնելու։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ լցվեցին սուզվելու աստիճան։ 8Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ». 9քանզի վախը պատել էր նրան և բոլոր մարդկանց, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. 10նույնպես և Հակոբոսին և Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին, որոնք Սիմոնի որսակիցներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկա՛նց պիտի որսաս կյանքի համար»։ 11Եվ նավակը ցամաք հանելով՝ թողեցին ամեն ինչ ու նրան հետևեցին։
Բորոտի բժշկումը
(Մտթ. 8.1-4, Մրկ. 1.40-45)
12Եվ երբ նա հասավ քաղաքներից մեկը, բորոտությամբ պատված մի մարդ, Հիսուսին տեսնելով, երեսի վրա ընկած՝ աղաչեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 13Հիսուսը մեկնեց իր ձեռքը, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունն իսկույն գնաց նրանից։ 14Հիսուսը պատվիրեց նրան ոչ ոքի չասել, այլ ասաց. «Գնա՛, դու քեզ ցո՛ւյց տուր քահանային և ընծա՛ մատուցիր քո մաքրվելու համար, ինչպես որ հրամայել էր Մովսեսը՝ իբրև վկայություն նրանց»։ 15Եվ նրա համբավն ավելի ու ավելի էր տարածվում. բազում ժողովուրդ էր հավաքվում՝ լսելու նրան ու իրենց հիվանդությունից բժշկվելու։ 16Իսկ նա խույս էր տալիս դեպի ամայի վայրեր ու աղոթքի էր կանգնում։
Անդամալույծի բժշկումը
(Մտթ. 9.1-8, Մրկ. 2.1-12)
17Եվ մի օր ինքն ուսուցանում էր, իսկ Գալիլեայի և Հրեաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղեմից հավաքված փարիսեցիները և Օրենքի ուսուցիչները նստած էին։ Մարդկանց բժշկելիս Տիրոջ զորությունը Հիսուսի հետ էր։ 18Եվ ահա մարդիկ մահիճով մի անդամալույծ մարդ բերեցին և ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։ 19Եվ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք և կտուրի բացվածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մեջտեղ՝ Հիսուսի առաջ։ 20Տեսնելով նրանց հավատը՝ Հիսուսն ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներվեն»։ 21Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել և ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթե ոչ՝ Աստված միայն»։ 22Հիսուսը, գիտենալով նրանց մտածումներն ու հարցերը, պատասխանեց նրանց և ասաց. «Ի՞նչ եք մտմտում ձեր սրտերում. 23ո՞րն է ավելի հեշտ, ասել՝ քեզ ներված լինեն քո մեղքե՞րը, թե՞ ասել՝ վե՛ր կաց և քայլի՛ր։ 24Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու,- անդամալույծին ասաց. “Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը”»։ 25Եվ բոլորի առաջ իսկույն վեր կենալով՝ իր վրա առավ այն, ինչի վրա պառկած էր, գնաց իր տունը և փառավորում էր Աստծուն։ 26Բոլորն ապշահար եղան, և փառավորում էին Աստծուն։ Ահով լցվեցին և ասում էին. «Այսօր մի նոր նշան էլ տեսանք»։
Հիսուսը կանչում է Ղևիին
(Մտթ. 9.9-13, Մրկ. 2.13-17)
27Դրանից հետո դուրս ելավ այնտեղից և տեսավ մի մաքսավորի, որի անունը Ղևի էր, որ մաքսատանը նստած՝ գործի էր։ Հիսուսը նրան ասաց. «Իմ հետևից արի՛»։ 28Եվ նա, թողնելով ամեն ինչ, վեր կացավ գնաց նրա հետևից։ 29Եվ Ղևին իր տան մեջ նրան մեծ ընդունելություն տվեց, և մեծ թվով մաքսավորներ և ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել։ 30Փարիսեցիները և դպիրները տրտնջում էին Հիսուսի դեմ իր աշակերտների մոտ ու ասում. «Ինչո՞ւ եք մաքսավորների և մեղավորների հետ ուտում և խմում»։ 31Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ոչ թե առողջներին, այլ հիվանդներին են բժիշկներ պետք։ 32Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության»։
Վեճ ծոմապահության մասին
(Մտթ. 9.14-17, Մրկ. 2.18-22)
33Եվ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Հովհաննեսի, ինչպես և փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում հաճախ և աղոթք մատուցում, իսկ քո աշակերտներն ուտում են ու խմում»։ 34Եվ Հիսուսն ասաց նրանց. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, մինչդեռ փեսան նրանց հետ է։ 35Կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»։ 36Եվ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք նոր կտավից հնացած ձորձի վրա կարկատան չի դնի, որովհետև նոր կտավը թե՛ պատռված կլինի և թե՛ հնի հետ չի հարմարվի։ 37Եվ ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, ապա թե ոչ՝ նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափվի, և տիկերը կփչանան։ 38Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի, և երկուսն էլ կպահպանվեն։ 39Եվ ոչ ոք հինը խմելուց հետո նորը չի ուզի, որովհետև կասի, թե՝ հինն ավելի լավն է»։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն