ՂՈՒԿԱՍ 14
14
Ջրգողով հիվանդի բժշկումը շաբաթ օրով
1Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխանավորներից մեկի տունը հաց ուտելու, նրանք հետևում էին նրան։ 2Եվ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիվանդ մի մարդ կանգնեց։ 3Հիսուսը պատասխանեց Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին և ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինավո՞ր է, թե՞ ոչ»։ 4Նրանք լուռ մնացին։ Հիսուսը, նրան բռնելով, բուժեց և արձակեց։ 5Եվ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մեջ, իսկույն չի հանի այն շաբաթ օրով»։ 6Եվ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։
Դաս՝ խնջույքի հրավիրվածներին
7Հրավիրվածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թե ինչպես նրանք պատվավոր տեղերն էին ընտրում։ 8Նրանց ասաց. «Երբ մեկը քեզ հարսանիքի կամ հրավերքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցե քեզնից ավելի պատվական մեկը նրա կողմից կանչված լինի։ 9Եվ քեզ ու նրան կանչողը գա ու քեզ ասի՝ “Սրան տե՛ղ տուր”։ Եվ ապա սկսես ամոթով վերջին տեղը գրավել։ 10Այլ, երբ հրավիրվես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպեսզի, երբ քեզ կանչողը գա և քեզ ասի՝ “Բարեկա՛մ, ավելի վե՛ր մոտեցիր”, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառավորվես. 11որովհետև նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, և նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։
Հրավիրվածների ընտրություն
12Իրեն հրավիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի։ 13Այլ, երբ ընդունելություն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին 14և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը»։
Մեծ խնջույքի առակը
(Մտթ. 22.1-10)
15Երբ սեղանակիցներից մեկն այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայության մեջ»։ 16Եվ Հիսուսն ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ 17Եվ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրավիրվածներին, թե՝ “Եկե՛ք, որովհետև ահա ամեն բան պատրաստ է”։ 18Եվ ամենքը մեկ առ մեկ սկսեցին հրաժարվել։ Առաջինն ասաց. “Ագարակ գնեցի և պետք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր”։ 19Մյուսն ասաց. “Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարվա՛ծ համարիր”։ 20Իսկ մյուսն ասաց. “Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ”։ 21Ծառան եկավ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ տանտերը, բարկանալով, իր ծառային ասաց. “Իսկույն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին բեր մտցրո՛ւ այստեղ”։ 22Եվ ծառան ասաց. “Տե՛ր, ինչ հրամայեցիր, կատարվեց, և էլի տեղ կա”։ 23Եվ տերը ծառային ասաց. “Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ և մարդկանց այստե՛ղ մտցրու, որպեսզի տունս լցվի”։ 24Ասում եմ ձեզ, որ նրանցից ոչ ոք, ում հրավիրել էի, իմ ընթրիքից չի ճաշակի»։
Քրիստոսի ճշմարիտ հետևորդը
(Մտթ. 10.37-38)
25Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում։ Նա դարձավ և ասաց նրանց. 26«Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել. 27որովհետև, ով չվերցնի իր խաչը և իմ հետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել։ 28Ձեզնից ո՞վ, եթե կամենա աշտարակ շինել, նախ նստելով չի հաշվի իր ծախսերը, թե ավարտելու համար բավական դրամ ունի՞, 29որպեսզի գուցե երբ հիմքը դնի և չկարողանա ավարտել, բոլոր նրանք, որ տեսնեն, սկսեն ծաղրել նրան 30և ասել, թե՝ “Այս մարդը սկսեց կառուցել և չկարողացավ ավարտել”։ 31Կամ ո՞ր թագավորը, եթե պատրաստվի պատերազմելու այլ թագավորի դեմ, նախ չի նստի և խորհի, թե տասը հազարով կկարողանա՞ դիմադրել նրան, որ իր վրա քսան հազարով է գալիս։ 32Ապա թե ոչ, մինչ սա դեռ հեռու է, պատգամավորություն ուղարկելով՝ խաղաղություն կխնդրի։ 33Արդ, այսպես էլ ձեզնից ով իր ամբողջ ունեցվածքից չհրաժարվի, չի կարող իմ աշակերտը լինել»։
Անհամ աղը
(Մտթ. 5.13, Մրկ. 9.49-50)
34«Աղը լավ բան է, բայց եթե աղն էլ անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի։ 35Ո՛չ հողի համար է պիտանի և ո՛չ էլ պարարտանյութի, այլ դուրս թափելու։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 14: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն