ՂՈՒԿԱՍ 13
13
Կոչ ապաշխարության
1Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց, երբ նրանք զոհ էին մատուցում, և նրանց արյունը խառնվեց զոհերի արյան հետ։ 2Նա պատասխանեց նրանց և ասաց. «Կարծում եք, թե այն գալիլեացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավո՞ր էին, քան մնացած բոլոր գալիլեացիները։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք»։
Անպտուղ թզենին
6Պատմեց և այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ 7Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այն. ինչո՞ւ է հողն իզուր զբաղեցնում”։ 8Այգեգործը պատասխանեց և ասաց. “Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, որպեսզի նրա շուրջը փորեմ և աղբ լցնեմ. 9գուցե պտուղ տա. ապա թե ոչ՝ մի տարուց հետո կկտրես այն”»։
Կուչ եկած կնոջ բժշկումը շաբաթ օրով
10Մի շաբաթ օր Հիսուսը մի ժողովարանում ուսուցանում էր։ 11Եվ ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը տասնութ տարի բռնած էր պահում. կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ 12Հիսուսը, նրան տեսնելով, կանչեց իր մոտ և ասաց. «Ո՛վ կին, բժշկված ես քո հիվանդությունից»։ 13Ձեռքը դրեց նրա վրա, և նույն ժամին հիվանդն ուղղվեց ու Աստծուն փառք էր տալիս։ 14Ժողովրդապետը բարկացավ, թե ինչո՛ւ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. «Վեց օր կա, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը»։ 15Տերը նրան պատասխանեց՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում և չի՞ տանում ջուր տալու։ 16Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։ 17Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակվում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից։
Մանանեխի հատիկի առակը
(Մտթ. 13.31-32, Մրկ. 4.30-32)
18Եվ ասաց. «Ինչի՞ նման է Աստծու արքայությունը, և ինչի՞ նմանեցնեմ այն։ 19Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց և նետեց իր պարտեզը։ Սա աճեց և ծառ դարձավ, և երկնքի թռչուններն ապրում էին նրա ճյուղերի վրա»։
Թթխմորի առակը
(Մտթ. 13.33)
20Եվ դարձյալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայությունը. 21նման է այն խմորին, որ մի կին վերցնելով խառնեց երեք գրիվ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
Նեղ դուռը
(Մտթ. 7.13-14, 21-23)
22Եվ Հիսուսը շրջում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր։ Երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ, 23մեկը նրան ասաց. «Տե՛ր, սակավաթի՞վ են նրանք, որ փրկվելու են»։ 24Եվ նա նրանց ասաց. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ 25Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել և ասել. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց մեզ համար”։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թե որտեղից եք”։ 26Այն ժամանակ կսկսեք ասել. “Մենք քո առաջ կերանք և խմեցինք, և դու հրապարակներում ուսուցանեցիր”։ 27Եվ տանտերը կասի. “Ասում եմ՝ չգիտեմ, թե որտեղից եք. հեռացե՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրավ մշակներդ”։ 28Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս հանված։ 29Եվ կգան մարդիկ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից ու կբազմեն Աստծու արքայության մեջ։ 30Եվ ահա վերջիններ կան, որ առաջին կդառնան, և առաջիններ, որ կլինեն վերջին»։
Աղվես Հերովդեսը
31Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել»։ 32Եվ Հիսուսը նրանց ասաց. «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ։ 33Ասե՛ք նրան, որ նույնը կլինի այսօր և վաղը, և հաջորդ օրը կշարունակեմ իմ ճանապարհը, որովհետև ընդունված չէ մարգարեին սպանել Երուսաղեմից դուրս»։
Ողբ Երուսաղեմի
(Մտթ. 23.37-39)
34«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին՝ թևերի տակ, բայց դու չկամեցար։ 35Ահա ձեր տունը ավերակ պիտի դառնա. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք՝ “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26)»։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 13: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն