ՂՈՒԿԱՍ 15

15
Կորած ոչխարի և կորած դրամի առակը
(Մտթ. 18.12-14)
1Բոլոր մաքսավորներն ու մեղավորները նրա մոտ էին՝ նրան լսելու նպատակով։ 2Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։ 3Հիսուսը նրանց այս առակն ասաց. 4«Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից, մինչև գտնի այն։ 5Եվ երբ գտնի, այն խնդությամբ կդնի իր ուսերի վրա 6և կգնա տուն, կկանչի բարեկամներին և հարևաններին ու նրանց կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը”։ 7Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ 8Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը ու չի փնտրի փութով, մինչև գտնի։ 9Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին և հարևաններին ու կասի. “Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը”։ 10Ասում եմ ձեզ. Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»։
Անառակ որդու առակը
11Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ. 12նրանցից կրտսերը հորն ասաց. “Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը”։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ 13Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ 14Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա չքավոր դարձավ։ 15Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, որը նրան ուղարկեց իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ 16Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք չէր տալիս նրան։ 17Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ 18Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ 19և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրև քո աշխատավորներից մեկը”։ 20Վեր կացավ եկավ իր հոր մոտ. և դեռ բավական հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց. վեր կացավ և վազեց ընդառաջ, ընկավ նրա պարանոցով և համբուրեց նրան։ 21Եվ որդին ասաց նրան. “Հա՛յր, մեղանչեցի երկնքի և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու”։ 22Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ. 23բերե՛ք պարարտ եզը, մորթե՛ք. ուտենք և ուրախ լինենք, 24որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”։ Եվ սկսեցին ուրախանալ։ 25Իսկ նրա ավագ որդին ագարակում էր։ Մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը։ 26Իր մոտ կանչելով ծառաներից մեկին՝ հարցրեց, թե այդ ի՛նչ է։ 27Եվ սա ասաց նրան. “Քո հայրը մորթեց պարարտ եզ, քանի որ քո եղբայրը եկել է, ողջ-առողջ վերադարձել է”։ 28Նա բարկացավ և չէր ուզում ներս մտնել. իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ 29Որդին պատասխանեց և ասաց հորը. “Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ 30Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը մորթեցիր նրա համար”։ 31Հայրը նրան ասաց. “Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. 32բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։

Արդեն Ընտրված.

ՂՈՒԿԱՍ 15: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք