ՂՈՒԿԱՍ 16
16
Անիրավ տնտեսի առակը
1Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ։ Նրա մասին ամբաստանություն եղավ, որ վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ 2Տերը կանչեց նրան և ասաց. “Այս ի՜նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր և տնտեսությունդ հանձնի՛ր, որովհետև այլևս տնտես լինել չես կարող”։ 3Տնտեսն իր մտքում ասաց. “Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունը ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ 4Գիտեմ, թե ինչ պիտի անեմ, որ ինձ ընդունեն իրենց տները, երբ դադարեմ տնտես լինելուց”։ 5Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով՝ առաջինին ասաց. “Իմ տիրոջն ինչքա՞ն պարտք ունես”։ 6Նա ասաց. “Հարյուր մար ձեթ”։ Տնտեսը նրան ասաց՝ “Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապես գրի՛ր՝ հիսուն”։ 7Ապա դարձավ մյուսին. “Դու ինչքա՞ն պարտք ունես”։ Նա ասաց՝ “Հարյուր քոռ ցորեն”։ Տնտեսը նրան ասաց. “Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ ութսուն”։ 8Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։
Դրամի խելացի օգտագործումը
9«Եվ ես ձեզ ասում եմ. նույնիսկ անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամնե՛ր սարքեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ 10Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է։ 11Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը։ 12Եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ։ 13Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթե մեկին ատի, մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի։ Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային»։
Ընդդեմ արծաթասեր փարիսեցիների
(Մտթ. 11.12-13, 5.31-32, Մրկ. 10.11-12)
14Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, պախարակում էին նրան, քանի որ արծաթասեր էին։ 15Եվ նրանց ասաց. «Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է։ 16Օրենքն ու մարգարեները մարգարեացան մինչև Հովհաննեսը. այնուհետև ավետարանվում է Աստծու արքայությունը, և ամեն ոք ձգտում է մտնել այնտեղ։ 17Ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրը անցնեն, քան թե օրենքից մեկ նշանախեցի չափ փոքր մի բան չկատարվի։
18Ով իր կնոջն արձակում է և մի ուրիշին առնում, շնանում է. ով արձակվածին է առնում, նույնպես շնանում է»։
Աղքատ Ղազարոսի առակը
19«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում։ 20Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վերքերով ծածկված։ 21Եվ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից։ Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը։ 22Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց։ 23Եվ դժոխքում, մինչ տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգչելիս։ 24Եվ նա աղաղակեց ու ասաց. “Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակվում եմ”։ 25Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։ 26Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա. ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել”։ 27Մեծահարուստն ասաց. “Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, 28որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը”։ 29Աբրահամն ասաց. “Նրանք ունեն Մովսեսին և մարգարեներին, թող նրա՛նց լսեն”։ 30Եվ նա ասաց. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն”։ 31Եվ Աբրահամը նրան ասաց. “Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն”»։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 16: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն