ՂՈՒԿԱՍ 17

17
Գայթակղության մասին
(Մտթ. 18.6-9, Մրկ. 9.42-48)
1Հիսուսն ասաց նաև իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ 2Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար կախվեր, և ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ 3Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար»։
Եղբայրական անհիշաչարություն
«Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան։ 4Եվ եթե յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։
Հավատի ուժը
5Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։ 6Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։
Խոնարհաբար ծառայել
7«Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ ագարակից տուն մտնի, նրան կասի իսկույն՝ “Անցի՛ր սեղան նստիր”. 8այլ նրան չի՞ ասի՝ “Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, և գոտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչև ուտեմ և խմեմ, և ապա կուտես և կխմես դու էլ”։ 9Մի՞թե տերը պարտական պիտի մնա այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց։ 10Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք. “Նվաստ ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք”»։
Տասը բորոտների մաքրվելը
11Եվ մինչ նա Երուսաղեմի կողմ էր գնում, անցնում էր Սամարիայի և Գալիլեայի միջով։ 12Մի գյուղ մտնելիս նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 13բարձրացրին իրենց ձայնը և ասացին. «Հիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ 14Եվ երբ նրանց տեսավ, ասաց. «Գնացե՛ք, ձեզ ցո՛ւյց տվեք քահանաներին»։ Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին։ 15Նրանցից մեկը, երբ տեսավ, որ բժշկվեց, վերադարձավ և բարձր ձայնով փառավորում էր Աստծուն. 16երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան, և ինքը սամարացի էր։ 17Հիսուսը պատասխանեց և ասաց. «Սրանք տասն էլ չմաքրվեցի՞ն. իսկ արդ, մնացած ինը ո՞ւր են, 18որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի այս օտարազգի մարդուց»։ 19Եվ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետև քո հավատը քեզ փրկեց»։
Աստծու արքայության գալուստը
(Մտթ. 24.23-2837-41)
20Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե ե՞րբ պիտի գա Աստծու արքայությունը, նա պատասխանեց և ասաց. «Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 21և չեն ասի՝ “Ահավասիկ այստեղ է կամ այնտեղ”, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է»։ 22Իսկ իր աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ կկամենաք Մարդու Որդու օրերից մեկը տեսնել, և չեք տեսնի։ 23Եվ եթե ձեզ ասեն՝ “Ահավասիկ այստեղ է կամ այնտեղ”, մի՛ շտապեք գնալու, 24որովհետև Մարդու Որդու երևումը այնքան տեսանելի կլինի, ինչպես որ երբ փայլակը փայլատակում է հորիզոնի մի կողմում, փայլում է նաև մյուս կողմում։ 25Բայց նա նախ պետք է շատ չարչարվի և մերժվի այս սերնդից։ 26Եվ ինչպես եղավ Նոյի օրերին, այնպես կլինի և Մարդու Որդու օրը։ 27Ուտում էին, խմում, կին էին առնում և մարդու էին գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապան մտավ, և ջրհեղեղը եկավ ու բոլորին կորստյան մատնեց։ 28Նույնպես, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։ 29Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելավ, երկնքից կրակ և ծծումբ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց։ 30Նույն ձևով է նաև լինելու այն օրը, երբ Մարդու Որդին է հայտնվելու։ 31Այն օրը, ով տանիքում է, և իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. և ով հանդում է, նույնպես թող հետ չդառնա։ 32Հիշե՛ք Ղովտի կնոջը։ 33Ով ուզի իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով կորցնի իր կյանքը, կփրկի այն։ 34Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթե երկու հոգի լինեն մի մահճի մեջ, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը՝ թողնվի։ 35Եվ եթե երկու կին միասին աղալիս լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը՝ թողնվի։ Եվ եթե հանդում երկու հոգի լինեն, մեկը պիտի վերցվի, իսկ մյուսը՝ թողնվի։ Երկու կին միասին աղալիս կլինեն. մեկը կվերցվի, մյուսը կթողնվի»։ 36Պատասխան տվեցին և ասացին նրան. «Որտե՞ղ, Տե՛ր»։ 37Եվ նա ասաց նրանց. «Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները»։

Արդեն Ընտրված.

ՂՈՒԿԱՍ 17: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք