ՂՈՒԿԱՍ 18
18
Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը
1Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թե ինչպես ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան աղոթքից. 2«Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում։ 3Նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ և ասում. “Իմ ոսոխի դեմ իմ դա՛տն արա”։ 4Եվ դատավորը երկար ժամանակ անտեսում էր։ Բայց դրանից հետո իր մտքում ասաց. “Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, 5բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատն անեմ, որ անընդհատ չգա և ինձ չանհանգստացնի”»։ 6Եվ Տերն ասաց. «Լսե՛ք, թե ի՛նչ էր ասում անիրավ դատավորը։ 7Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ 8Այո՛, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞»։
Փարիսեցին և մաքսավորը
9Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։ 10«Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ 11Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ 12Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”։ 13Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս”։ 14Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։
Հիսուսը օրհնում է մանուկներին
(Մտթ. 19.13-15, Մրկ. 10.13-16)
15Մանուկներին էլ մոտեցնում էին նրան, որպեսզի նրանց դիպչի։ Երբ աշակերտները այդ տեսան, սաստեցին բերողներին։ 16Իսկ Հիսուսը, մանուկներին իր մոտ կանչելով, ասաց. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին ինձ մոտ գալու, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։ 17Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի ինչպես մի մանուկ, այնտեղ չի մտնի»։
Հարուստ իշխանավորը
(Մտթ. 19.16-26, Մրկ. 10.17-27)
18Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ 19Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված։ 20Պատվիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հորը և մորը (Ելք 20.14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։ 21Եվ նա ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկությունից»։ 22Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։ 23Երբ նա լսեց այս, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։ 24Երբ Հիսուսը նրան տրտմած տեսավ, ասաց. «Ինչքա՜ն դժվարությամբ Աստծու արքայությունը կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ 25Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակից անցնի, քան թե մի մեծահարուստ Աստծու արքայությունը մտնի»։ 26Եվ նրանք, որ լսեցին, ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ 27Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։ 28Պետրոսն ասաց. «Ահա մենք մեր ամեն ինչը թողեցինք և եկանք քո հետևից»։ 29Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տունը, կամ ծնողներին, կամ եղբայրներին, կամ կնոջը, կամ զավակներին՝ Աստծու արքայության համար, 30և այս ներկա ժամանակում բազմապատիկ չստանա ու հավիտենական կյանքը չժառանգի գալիք աշխարհում»։
Կրկին կանխասություն մահվան և հարության մասին
(Մտթ. 20.17-19, Մրկ. 10.32-34)
31Տասներկուսին մի կողմ տանելով՝ առանձին ասաց նրանց. «Ահավասիկ ելնում ենք դեպի Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն. 32որովհետև նա պիտի մատնվի հեթանոսներին և պիտի ծաղրվի. 33նրան պիտի ձաղկեն ու սպանեն, և երրորդ օրը հարություն պիտի առնի»։ 34Առաքյալներն այս բոլորից ոչինչ չհասկացան, այլ խոսքը նրանցից ծածկված էր, և ասվածները չէին ըմբռնում։
Երիքովի կույր մուրացկանի բժշկումը
(Մտթ. 20.29-34, Մրկ. 10.46-52)
35Երբ նա մոտենում էր Երիքովին, մի կույր, ճանապարհին նստած, մուրում էր։ 36Երբ սա լսեց, որ ժողովուրդն անցնում է, հարցրեց, թե՝ այդ ի՞նչ է։ 37Եվ նրան պատմեցին, թե անցնում է Հիսուս Նազովրեցին։ 38Նա աղաղակեց և ասաց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 39Առջևից գնացողները սաստեցին նրան, որ լռի։ Իսկ նա առավել բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 40Հիսուսը տեղում կանգնեց և հրամայեց իր մոտ բերել նրան։ Երբ կույրը մոտեցավ, նրան հարցրեց և ասաց. 41«Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Եվ նա ասաց. «Որ բացվեն աչքերս, և տեսնեմ, Տե՛ր»։ 42Հիսուսը նրան ասաց. «Տե՛ս. քո հավատը քեզ փրկեց»։ 43Եվ կույրն իսկույն տեսավ. գնում էր Հիսուսի հետևից և փառք էր տալիս Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, գովաբանում էր Աստծուն։
Արդեն Ընտրված.
ՂՈՒԿԱՍ 18: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն