ԵՍԱՅԻ 3
3
Քաոս Երուսաղեմում
1Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, Երուսաղեմից և Հուդայի երկրից հեռացնելու է պաշարն ու նեցուկը,#3.1 Եբր. բռց. գավազանն ու ցուպը։ հացի ամբողջ պաշարը և ջրի ամբողջ պաշարը, 2զորավորին ու պատերազմող մարդուն, դատավորին ու մարգարեին, գուշակին ու երեցին, 3հիսնապետին ու պատվավոր մարդուն, խորհրդականին ու ճարտար#3.3 Բռց. իմաստուն։ արհեստավորին և վարպետ կախարդին։ 4Նրանց վրա ես իշխան պիտի կարգեմ մանուկներին, և տղաները պիտի տիրեն նրանց։ 5Մարդիկ իրար պիտի հարստահարեն, ամեն մեկը՝ իր ընկերոջը. տղաները պիտի գոռոզանան ծերերի դեմ, և անարգները՝ արժանավորների դեմ։ 6Մարդ կբռնի իր եղբորն իր հոր տան մեջ՝ ասելով. «Դու հանդերձ ունես, իշխո՛ղ եղիր մեզ վրա, թող քո ձեռքի տակ լինի այս ավերակը»։ 7Իսկ նա բարձրաձայն կպատասխանի այն օրը. «Ես դարմանող չեմ լինի, իմ տանը չկա ո՛չ հաց, ո՛չ հանդերձ, ինձ իշխող մի՛ կարգեք ժողովրդի վրա»։ 8Երուսաղեմը գայթեց, Հուդայի երկիրն ընկավ, որովհետև նրանց լեզուն ու արարքները ուղղված են Տիրոջ դեմ՝ ընդդիմանալով նրա վեհափառ հայացքին։
9Նրանց երեսի տեսքն իրենց դեմ է վկայում, նրանք իրենց մեղքերը հրապարակում են Սոդոմի նման, չեն ծածկում։ Վա՜յ նրանց անձերին, որովհետև իրենք իրենց չարիք են բերում։
10Ասացե՛ք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է, որովհետև նա իր արարքների պտուղն է ուտելու։ 11Վա՛յ ամբարիշտին. նրա համար ամեն ինչ վատ է, որովհետև իր ձեռքի գործերի համաձայն հատուցում պիտի լինի։ 12Իմ ժողովրդին հարստահարողները երեխաներ են, և կանայք են տիրում նրան։ Ո՛վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցնողներ են. նրանք խոտորել են քո ճանապարհի ընթացքից։
Աստված դատելու է իր ժողովրդին
13Տերը վեր է կացել, որ դատաստան անի. նա կանգնել է ժողովուրդներին դատելու համար։ 14Տերը դատի մեջ է մտնում իր ժողովրդի երեցների և նրա իշխանավորների հետ. «Դուք հրկիզել եք այգին, թշվառներից կողոպտվածը ձեր տներում է։
15Ի՞նչ է եղել ձեզ, որ ճզմում եք իմ ժողովրդին, թշվառներին չարաշահում եք»,- ասում է Զորությունների Տեր Աստված։
16Տերն ասում է. «Սիոնի աղջիկները հպարտացել են, ման են գալիս բարձրապարանոց, ակնարկներ են նետում անհամեստ աչքերով, կաքավելով են գնում և խշխշացնում են իրենց ոտքերի ապարանջանները»։ 17Դրա համար էլ Տերը կխուզի Սիոնի աղջիկների գլուխը, կմերկացնի նրանց ամոթույքը։
Ազդարարություն Երուսաղեմի կանանց
18Այդ օրը Տերը կվերացնի նրանց ոտքի գեղեցիկ ապարանջանները, նրանց ճակատանոցներն ու մահիկները, 19գինդերը, ապարանջաններն ու շղարշները, 20գլխազարդերը, ոտքի շղթայիկներն ու գոտիները, թալիսմաններն ու հմայիլները, 21մատանիներն ու քթի օղակները, 22պատմուճաններն ու թիկնոցները, վերարկուներն ու քսակները, 23հայելիներն ու փաթթոցներն ու գլխաշորերը։ 24Անուշահոտությունների փոխարեն փտության հոտ պիտի լինի, զարդագոտու փոխարեն՝ պարան, հյուսած խոպոպիկի փոխարեն՝ ճաղատություն, շքեղ պատմուճանի փոխարեն՝ քուրձից հագուստ, գեղեցկության փոխարեն՝ խարան։ 25Քո մարդիկ պիտի ընկնեն սրով, քո քաջամարտիկները՝ պատերազմում։ 26Նրա#3.26 Այսինքն՝ Սիոնի։ դարպասները պիտի ողբան ու սգին, իսկ նա ամայացած պիտի նստի գետնամած։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 3: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018