ԵՍԱՅԻ 2
2
Հավիտենական խաղաղությունը
1Այն պատգամը, որը Ամոզի որդի Եսային տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին։
2Այնպես պիտի լինի վերջին օրերին, որ Տիրոջ տան լեռը պիտի հաստատվի լեռների գագաթին, պիտի բարձրանա բլուրներից վեր, և բոլոր ազգերը պիտի փութան դեպի այն։ 3Բազում ժողովուրդներ պիտի գնան և ասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը, Հակոբի Աստծու տունը. նա մեզ կսովորեցնի իր ճանապարհները, և մենք կգնանք նրա շավիղներով»։ Արդարև, Սիոնից է դուրս գալիս օրենքը, և Երուսաղեմից՝ Տիրոջ խոսքը։ 4Նա կդատի ազգերին և կհանդիմանի շատ ժողովուրդների։ Նրանք իրենց սրերից խոփեր կձուլեն և իրենց նիզակներից՝ էտոցներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չպիտի սովորեն պատերազմել։
5Ո՛վ Հակոբի տուն, եկե՛ք քայլենք Տիրոջ լույսով։
Հոխորտանքը պիտի կործանվի
6Դու լքել ես քո ժողովրդին՝ Հակոբի տունը, որովհետև նրանք լցվել են արևելքի գուշակներով և հմայություն են անում փղշտացիների նման, ու օտարների որդիների հետ համաձայնվեցին։ 7Նրանց երկիրը լցված է արծաթով ու ոսկով, և նրանց գանձերին թիվ չկա. նրանց երկիրը լցված է ձիերով, և նրանց ռազմակառքերին վերջ չկա։ 8Նրանց երկիրը լցված է կուռքերով. նրանք երկրպագում են իրենց ձեռքի գործին, նրան, որ իրենց մատներն են ստեղծել։ 9Մարդը խոնարհեցվում է, մարդիկ նվաստացվում են. մի՛ ներիր նրանց։
10Մտի՛ր ժայռերի մեջ, թաքնվի՛ր հողի տակ Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից։ 11Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը, 12որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն, 13Լիբանանի բոլոր եղևնիների դեմ՝ բարձր ու բարձրացած, և Բասանի բոլոր կաղնիների դեմ, 14բոլոր բարձրաբերձ լեռների և բոլոր բարձր բլուրների դեմ, 15ամեն բարձր աշտարակի և ամեն ամուր պարսպի դեմ, 16Թարսիսի բոլոր նավերի դեմ, ցանկալի տեսք ունեցող ամեն ինչի դեմ և ճարտարորեն պատրաստված ամեն բաների դեմ։ 17Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։ 18Կուռքերն ամբողջովին պիտի անհետանան։ 19Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։
20Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որ պատրաստել էր երկրպագելու համար դրանց, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին, 21որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։ 22Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018