ԵՍԱՅԻ 1
1
1Ամոզի որդի Եսայու տեսիլքը, որ նա տեսավ Հուդայի և Երուսաղեմի մասին Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին։
Աստված հանդիմանում է իր ժողովրդին
2Լսի՛ր, ո՛վ երկինք, ակա՛նջ դիր, ո՛վ երկիր, որովհետև Տերն է խոսում. «Ես զավակներ սնուցեցի և մեծացրի, բայց նրանք ըմբոստացան իմ դեմ։ 3Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի»։
4Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։ 5Ինչո՞ւ եք դեռևս պատժվում՝ ապստամբությունը շարունակելով։ Ամբողջ գլուխը հիվանդ է, ամբողջ սիրտն է նվաղած։ 6Ոտքի ներբանից մինչև գլուխ առողջ տեղ չկա նրա վրա. կապտուկներ, վերքեր, թարախալի խոցեր, որ չեն մաքրվում, չեն վիրակապվում, չեն մեղմացվում ձեթով։ 7Ձեր երկիրն#1.7 Բռց. հողը։ ամայացած է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. ձեր հողերի բերքն օտարներն են ուտում ձեր աչքի առաջ. դրանք խոպանացած են օտարների կողմից կործանվածի նման։ 8Սիոնի դուստրը մնացել է լքված, ինչպես մի խրճիթ այգու մեջ, ինչպես մի հյուղակ վարունգի արտում, ինչպես պաշարված մի քաղաք։ 9Եթե Զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։
10Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։ 11«Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։ 12Երբ գալիս եք ինձ պաշտելու,#1.12 Բռց. իմ երեսը տեսնելու։ ո՞վ է այդ պահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները։ 13Այլևս սին ընծաներ մի՛ բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար. չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները և ժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։ 14Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։ 15Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։
16Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։ 17Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։
18Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։ 19Եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։ 20Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասաց այն»։
Մեղավոր քաղաքը
21Ինչպե՜ս պոռնկացավ հավատարիմ քաղաքը. նա լի էր իրավունքով, արդարությունն էր օթևանում նրա մեջ, իսկ այժմ՝ մարդասպաններով։ 22Քո արծաթը խարամ է դարձել, քո գինին խառնված է ջրով։ 23Քո իշխաններն ապստամբներ և գողերի ընկերներ են. բոլորն էլ կաշառք են սիրում ու նվերի հետևից են ընկել, որբի դատը չեն տեսնում, և որբևայրու դատը նրանց առաջ չի գալիս։
24Դրա համար էլ Տերը՝ Զորությունների Տերը՝ Իսրայելի Հզորը, այս խոսքն է ասում. «Ահա ես հատուցում կպահանջեմ իմ հակառակորդներից, վրեժ կառնեմ իմ թշնամիներից։ 25Երուսաղե՜մ, ես իմ ձեռքը կդարձնեմ քո դեմ, քեզնից կմաքրեմ խարամը#1.25 Այսինքն՝ կղանքը։, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը։ 26Կվերահաստատեմ քո դատավորներին, ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին, ինչպես որ սկզբում էր։ Դրանից հետո կկոչվես Արդարության քաղաք, Հավատարիմ ավան»։
27Սիոնը պիտի փրկվի իրավունքով, իսկ նրա մեջ դարձի եկողները՝ արդարամտությամբ։ 28Բայց ըմբոստներն ու մեղավորները միասին կկործանվեն, և նրանք, որ լքում են Տիրոջը, կբնաջնջվեն։ 29Եվ դուք կամաչեք այն բևեկնիների համար, որոնք ձեզ հաճույք էին պատճառում, և կշիկնեք այն պարտեզների համար, որ ընտրել եք, 30որովհետև դուք պիտի լինեք տերևները թառամած բևեկնու պես և պարտեզի նման, որի մեջ ջուր չկա։ 31Ուժեղ մարդը պիտի լինի խծուծի պես, և նրա գործը՝ կայծի պես, երկուսն էլ պիտի այրվեն միասին, և հանգցնող չպիտի լինի։
Արդեն Ընտրված.
ԵՍԱՅԻ 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018