ԾՆՆԴՈՑ 28
28
1Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան և պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից կին չառնես։ 2Վեր կաց գնա՛ Փադան-Արամ (Միջագետք)՝ մորդ հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քեզ համար կի՛ն առ քո մորեղբայր Լաբանի աղջիկներից։ 3Ամենակարող Աստված օրհնի քեզ, աճեցնի ու բազմացնի քեզ, որպեսզի դու ժողովուրդների բազմություն լինես։ 4Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը, քեզ և քո սերնդին քեզ հետ, որպեսզի ժառանգես քո պանդխտության երկիրը, որ Աստված տվել է Աբրահամին»։ 5Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին. և նա գնաց Փադան-Արամ՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն՝ Հակոբի և Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբոր մոտ։
Եսավի իսմայելացի կինը
6Երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին ու նրան ուղարկեց Փադան-Արամ՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես», 7և որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու իր մորը ու գնաց Փադան-Արամ, 8Եսավը տեսավ նաև, որ Քանանի աղջիկները իր հորը՝ Իսահակին, հաճելի չեն, 9Եսավը գնաց Իսմայելի մոտ և բացի իր կանանցից, իրեն կին առավ Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան, Նաբեոթի քրոջը։
Հակոբի երազը Բեթելում
10Հակոբը Բերսաբեեից դուրս եկավ և գնաց դեպի Խառան։ 11Նա հասավ մի տեղ և գիշերն այնտեղ մնաց, որովհետև արեգակը մայր էր մտել։ Այնտեղի քարերից մեկը վերցրեց, դրեց իր գլխի տակ ու այնտեղ պառկեց քնելու։ 12Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։ 13Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա#28.13 Բնագիրը կարելի է հասկանալ նաև՝ նրա մոտ։. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այդ հողը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերնդին։ 14Քո սերունդը երկրի ավազի#28.14 Եբր. փոշի։ չափ կլինի և կտարածվի դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ. քեզանով և քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ցեղերը։ 15Ահա ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ»։ 16Հակոբը զարթնեց իր քնից և ասաց. «Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի»։ 17Նա վախեցավ և ասաց. «Ի՜նչ ահավոր է այս տեղը. սա ուրիշ բան չէ, այլ միայն Աստծու տունը, և սա է երկնքի դուռը»։ 18Վաղ առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, այն կանգնեցրեց որպես հուշարձան և նրա վրա յուղ լցրեց։ 19Եվ այդ տեղի անունը Բեթել#28.19 Աստծու տուն։ դրեց. բայց առաջ այդ քաղաքի անունը Լուզ էր։ 20Հակոբն ուխտ արեց և ասաց. «Եթե Աստված ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով ես գնում եմ, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա, 21և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տունը, Տերն ինձ համար Աստված լինի։ 22Եվ այս քարը, որ ես կանգնեցրի որպես հուշարձան, Աստծու տուն թող լինի։ Եվ այն ամենից, ինչ որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ կտամ»։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 28: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018