ԾՆՆԴՈՑ 27

27
Իսահակը օրհնում է Հակոբին
1Երբ Իսահակը ծերացավ, և աչքերի տեսողությունը թուլացավ, կանչեց իր ավագ որդի Եսավին և ասաց նրան. «Որդյա՛կ»։ Սա ասաց նրան. «Ահա ես այստեղ եմ»։ 2Եվ ասաց. «Ես ծերացել եմ և չգիտեմ իմ մեռնելու օրը։ 3Հիմա ա՛ռ քո զենքերը՝ քո կապարճն ու քո աղեղը, դուրս եկ գնա՛ դաշտ և ինձ համար մի ո՛րս արա։ 4Ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները և բե՛ր ինձ, որ ուտեմ, որպեսզի իմ հոգին օրհնի քեզ իմ մեռնելուց առաջ»։ 5Ռեբեկան լսում էր, երբ Իսահակը խոսում էր իր որդու՝ Եսավի հետ։ Եսավը գնաց դաշտ, որ որս անի և բերի։
6Իսկ Ռեբեկան խոսեց իր որդի Հակոբի հետ՝ ասելով. «Ես լսեցի, որ հայրդ խոսում էր քո եղբոր՝ Եսավի հետ և ասում. 7“Ինձ համար ո՛րս բեր և ինձ համար խորտիկնե՛ր պատրաստիր, որ ուտեմ և օրհնեմ քեզ Տիրոջ առջև իմ մեռնելուց առաջ”։ 8Հիմա լսի՛ր ինձ, որդի՛ս, ինչ որ պատվիրում եմ քեզ։ 9Գնա՛ հոտերի մոտ և այնտեղից ինձ համար երկու ընտիր ո՛ւլ բեր, որ ես դրանցից քո հոր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ։ 10Դու կտանես քո հորը, նա կուտի և դրա համար կօրհնի քեզ իր մեռնելուց առաջ»։ 11Հակոբն ասաց իր մորը՝ Ռեբեկային. «Իմ եղբայր Եսավը մազոտ մարդ է, իսկ ես լերկ մարդ եմ։ 12Գուցե իմ հայրն ինձ շոշափի, և ես նրա աչքին խաբեբա դառնամ ու ինձ վրա անեծք բերեմ և ոչ թե օրհնություն»։ 13Մայրը նրան ասաց. «Քո անեծքն ինձ վրա, որդի՛ս, միայն թե լսի՛ր ինձ և գնա ուլերը բե՛ր ինձ համար»։ 14Եվ նա գնաց, վերցրեց ու բերեց իր մոր համար, և նրա մայրը պատրաստեց իր հոր սիրած խորտիկները։ 15Ռեբեկան առավ իր մեծ որդի Եսավի լավագույն հանդերձները, որ տանն իր մոտ էին, և հագցրեց իր փոքր որդի Հակոբին։ 16Եվ ուլերի մորթիներն էլ հագցրեց նրա ձեռքերին ու վզի լերկ տեղին։ 17Եվ խորտիկները և այն հացն էլ, որ պատրաստել էր, տվեց իր որդի Հակոբի ձեռքը։
18Նա գնաց իր հոր մոտ և ասաց. «Հա՛յր իմ»։ Հայրն ասաց. «Ահա ես այստեղ եմ. ո՞վ ես դու, որդի՛ս»։ 19Հակոբն ասաց հորը. «Ես Եսավն եմ՝ քո անդրանիկը. ես արեցի, ինչպես որ ասացիր ինձ. վե՛ր կաց, նստի՛ր և կե՛ր իմ որսից, որ քո օրհնությունը տաս ինձ#27.19 Բռց. քո հոգին օրհնի ինձ։»։ 20Իսահակն ասաց իր որդուն. «Այդ ի՞նչ շուտ գտար որսը, որդի՛ս»։ Նա պատասխանեց. «Քո Տեր Աստվածն իմ առջև բերեց»։ 21Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցի՛ր, և թող շոշափեմ քեզ, որդի՛ս, թե արդյոք դո՞ւ ես իմ որդի Եսավը, թե՞ ոչ»։ 22Հակոբը մոտեցավ իր հորը՝ Իսահակին, և նա շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբի ձայնն է, իսկ ձեռքերը Եսավի ձեռքերն են»։ 23Եվ չճանաչեց նրան, որովհետև ձեռքերը նրա եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին։ Եվ օրհնեց նրան։ 24Եվ ասաց. «Սա դո՞ւ ես, իմ որդի՛ Եսավ»։ Նա ասաց. «Ես եմ»։ 25Իսահակն ասաց. «Մոտեցրո՛ւ ինձ, որ ուտեմ իմ որդու որսերը, որպեսզի իմ օրհնությունը տամ քեզ»։ Հակոբը խորտիկները մոտեցրեց նրան, և նա կերավ. և գինի բերեց նրա համար, ու նա խմեց։ 26Եվ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Մոտեցի՛ր և համբուրի՛ր ինձ, որդի՛ս»։ 27Նա մոտեցավ և համբուրեց նրան։ Իսահակն առավ նրա հանդերձների հոտը և օրհնեց նրան ու ասաց. «Տե՛ս, իմ որդու հոտը նման է այն դաշտի հոտին, որ օրհնեց Տերը։ 28Թող Աստված քեզ տա երկնքի ցողից, երկրի պարարտությունից և ցորենի ու գինու առատություն տա։ 29Ազգեր ծառայեն քեզ, և ժողովուրդներ երկրպագեն քեզ. տե՛ր եղիր քո եղբայրների վրա, և թող երկրպագեն քեզ քո մոր որդիները. քեզ անիծողներն անիծյալ, և քեզ օրհնողներն օրհնյալ լինեն»։
30Երբ Իսահակը Հակոբին օրհնեց վերջացրեց, և հենց որ Հակոբը դուրս եկավ իր հոր՝ Իսահակի առջևից, որսից եկավ նրա եղբայր Եսավը։ 31Նա էլ խորտիկներ պատրաստեց, բերեց իր հոր մոտ և ասաց հորը. «Վե՛ր կաց, հա՛յր իմ, և կե՛ր քո որդու որսից, որպեսզի քո օրհնությունը տաս ինձ»։ 32Նրա հայր Իսահակն ասաց նրան. «Դու ո՞վ ես»։ Եվ նա ասաց. «Ես քո անդրանիկ որդի Եսավն եմ»։ 33Իսահակը սարսափահար սաստիկ ցնցվեց և ասաց. «Հապա նա՞ ով էր, որ որս էր արել ու բերել ինձ, և քո գալուց առաջ ես կերա ամենից և օրհնեցի նրան. նա օրհնված էլ կմնա»։ 34Երբ Եսավը լսեց իր հոր խոսքերը, մեծ և դառն աղաղակով սաստիկ լաց եղավ և ասաց իր հորը. «Ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՛նձ էլ»։ 35Իսահակն ասաց. «Քո եղբայրը եկավ նենգությամբ և առավ քո օրհնությունը»։ 36Եվ Եսավն ասաց. «Մի՞թե նրա անունը Հակոբ չէ. ահա այս երկու անգամ է, որ խաբում է ինձ. իմ անդրանիկությունն առավ, իսկ հիմա էլ ահա օրհնությունն առավ»։ Եվ ասաց. «Ինձ համար օրհնություն չե՞ս թողել»։ 37Իսահակը պատասխանեց և ասաց Եսավին. «Ահա նրան քեզ վրա տեր դրեցի, նրա բոլոր եղբայրներին նրան տվեցի ծառաներ լինելու համար և նրան ապահովեցի ցորենով ու գինով։ Հիմա քեզ համար ի՞նչ անեմ, որդի՛ս»։ 38Եսավն ասաց իր հորը. «Մի՞թե դու միայն մեկ օրհնություն ունես, հա՛յր իմ. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր իմ»։ Եվ Եսավը բարձրացրեց իր ձայնն ու լաց եղավ։ 39Նրա հայր Իսահակը պատասխանեց նրան և ասաց. «Ահա քո բնակարանը լինի երկրի պարարտությունից և երկնքի ցողից՝ վերևից#27.39 Ըստ LXX-ի։ Եբր. Ահա քո բնակարանը հեռու լինի երկրի պարարտությունից և երկնքի ցողից։։ 40Քո սրով ապրես և քո եղբորը ծառայես։ Բայց ժամանակ կլինի, երբ դու կընդվզես նրա դեմ և նրա լուծը քո վզի վրայից կգցես»։
41Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։ 42Ռեբեկային հայտնեցին իր մեծ որդու՝ Եսավի խոսքերը։ Նա մարդ ուղարկեց և կանչեց իր կրտսեր որդի Հակոբին և ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսավն ուզում է վրեժ լուծել քեզնից և սպանել քեզ։ 43Հիմա լսի՛ր իմ խոսքը, որդի՛ս. փախիր գնա՛ Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ։ 44Նրա մոտ բնակվի՛ր միառժամանակ, մինչև որ քո եղբոր զայրույթը մեղմանա, 45մինչև որ քո եղբոր բարկությունն անցնի քեզանից, և նա մոռանա այն, ինչ որ արել ես իրեն։ Ես մարդ կուղարկեմ և կվերադարձնեմ քեզ այնտեղից. ինչո՞ւ զրկվեմ երկուսիցդ մեկ օրում»։
Իսահակը Հակոբին ուղարկում է Լաբանի մոտ
46Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։

Արդեն Ընտրված.

ԾՆՆԴՈՑ 27: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք