ԵԶԵԿԻԵԼ 11
11
Երուսաղեմը դատապարտվելու է
1Հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասը, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար. նրանց մեջ տեսա Ազուրի որդի Հեզոնիային և Բանեայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխանավորներին։ 2Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են անօրենություն նյութող մարդիկ, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքում։ 3Եվ ասում են. “Ժամանակը չէ՞, որ տներ կառուցենք. այս քաղաքը կաթսան է#11.3 Հմմտ. 24.3։, մենք էլ՝ միսը”։ 4Ուստի մարգարեացի՛ր նրանց դեմ, մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի»։
5Եվ Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց ինձ. «Ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Դուք այսպես եք մտածում, ո՛վ Իսրայելի տուն, բայց ես իմացել եմ ձեր մտքերում եղածը։ 6Դուք այս քաղաքում շատացրիք ձեր սպանվածներին և նրա փողոցները լցրիք սպանվածներով"։ 7Ուստի այսպես է ասում Տեր Աստված. "Ձեր սպանվածները, որ դուք դրանում դրեցիք, դրանք են միսը, իսկ այս քաղաքը՝ կաթսան. իսկ դուք պիտի հանվեք նրա միջից։ 8Դուք սրից վախեցաք, բայց ես սուր եմ բերելու ձեզ վրա"”»,- ասում է Տեր Աստված։ 9«Եվ ձեզ պիտի դուրս բերեմ նրա միջից և ձեզ օտարների ձեռքը պիտի մատնեմ ու ձեզ վրա դատավճիռներ պիտի գործադրեմ։ 10Սրից պիտի ընկնեք, Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ, և պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։ 11Այս քաղաքը ձեզ համար կաթսա չպիտի դառնա, ոչ էլ դուք նրա մեջ միս պիտի լինեք. Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ, 12և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ձեզ շրջապատող ազգերի սովորությունների պես արեցիք»։ 13Եվ իմ մարգարեանալու ժամանակ Բանեայի որդի Փաղատիան մեռավ. ես երեսնիվայր ընկա ու բարձր ձայնով աղաղակելով՝ ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե պիտի բոլորովին ոչնչացնես Իսրայելի մնացորդին»։
Աստված պիտի հավաքի ցրված ժողովրդին
14Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 15«Քո եղբայրները, մարդո՛ւ որդի, քո եղբայրները, քո ազգականները և ողջ Իսրայելի ամբողջ տունը նրանք են, որոնց մասին Երուսաղեմի բնակիչներն ասում են. “Նրանք Տիրոջից հեռացած են. երկիրն իբրև ժառանգություն մեզ է տրված”։
16Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Թեև նրանց հեռացրել եմ ազգերի մեջ և թեև նրանց ցրել եմ երկրներում, բայց ես նրանց համար մի փոքր#11.16 Կամ մի կարճ ժամանակով։ սրբարան պիտի դառնամ այն երկրներում, ուր գնացել են նրանք"”։ 17Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես ձեզ պիտի հավաքեմ ազգերի միջից ու ժողովեմ ձեզ այն երկրներից, ուր ցրված եք, և Իսրայելի երկիրը ձեզ պիտի տամ։ 18Նրանք այնտեղ պիտի մտնեն և նրանից պիտի հեռացնեն նրա բոլոր գարշելի կուռքերն ու նրա բոլոր պիղծ պատկերները։ 19Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ, 20որպեսզի իմ կանոններով ընթանան և իմ պատվիրանները պահեն և դրանք կատարեն, ու նրանք ինձ ժողովուրդ լինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը։ 21Իսկ որոնց սրտերը իրենց գարշելի քանդակների և պիղծ կուռքերի հետևից են գնում, նրանց արարքներն իրենց գլխով պիտի տամ",- ասում է Տեր Աստված”»։
Աստծու փառքը հեռանում է Երուսաղեմից
22Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը, անիվներն էլ նրանց կողքին, և Իսրայելի Աստծու փառքը նրանց վրա էր՝ վերևում։ 23Եվ Տիրոջ փառքը քաղաքի միջից վերև բարձրացավ ու կանգնեց այն սարի վրա, որ քաղաքի արևելքում էր։
24Եվ Հոգին ինձ բարձրացրեց ու տեսիլքում բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ։ Այս բանը տեսիլքով եղավ, Աստծու Հոգով։ Ապա ինձնից վերացավ այն տեսիլքը, որ տեսել էի։ 25Եվ ես տարագերիներին ասացի այն ամենը, որ Տերն ինձ ցույց էր տվել։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 11: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018