ԵԶԵԿԻԵԼ 10
10
Տիրոջ փառքը հեռանում է տաճարից
1Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքով մի բան երևաց նրանց վրա։ 2Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։ 3Այն մարդու մտնելու ժամանակ քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, և ամպը լցրեց ներքնագավիթը։ 4Եվ Տիրոջ փառքը քերովբեի վրայից բարձրացավ տան շեմի վրա, և տունը լցվեց ամպով, գավիթն էլ լցվեց Տիրոջ փառքի պայծառությամբ։ 5Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ խոսում է։ 6Երբ հրամայեց քաթանով զգեստավորված մարդուն. «Անիվների միջից, քերովբեների մեջտեղից կրա՛կ վերցրու», նա գնաց ու կանգնեց անիվի կողքին։ 7Եվ քերովբեների միջից քերովբեն իր ձեռքը մեկնեց դեպի քերովբեների մեջտեղում գտնվող կրակը, վերցնելով դրեց քաթանով զգեստավորվածի ափի մեջ, և նա առավ ու դուրս եկավ։ 8Եվ քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի նմանություն էր երևում։
9Ես նայեցի. ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվների տեսքը ոսկեքարի տեսքի նման էր։ 10Եվ նրանց չորսի տեսքը մի նմանություն ուներ. կարծես թե անիվն անիվի մեջ լիներ։ 11Երբ գնում էին, դեպի չորս կողմն էին գնում, չէին դառնում գնալիս, որովհետև այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրա հետևում էին. նրանք չէին դառնում գնալիս։ 12Եվ նրանց բոլոր մարմինները, նրանց մեջքերն ու ձեռքերը, նրանց թևերն ու անիվները շուրջանակի լիքն էին աչքերով. նրանց չորսի անիվները։ 13Ինչ վերաբերում է անիվներին, ականջներում նրանք կոչվեցին «Մրրիկ»։ 14Եվ ամեն մի քերովբե չորս երես ուներ. մի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես։ 15Եվ քերովբեները բարձրացան։ Սրանք են այն էակները, որոնց տեսա Քեբար գետի մոտ։ 16Եվ քերովբեների գնալու ժամանակ անիվները նրանց կողքով գնում էին, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ բարձրանան երկրից, անիվները նրանց կողքից չէին հեռանում։ 17Երբ քերովբեները կանգնում էին, անիվներն էլ կանգնում էին, և նրանց բարձրանալու ժամանակ վերանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակի հոգին կար նրանց մեջ։
18Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա։ 19Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վերացան երկրից՝ իմ աչքերի առաջ դուրս գալով, անիվներն էլ նրանց հետ, և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքում, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։ 20Սրանք էին այն կենդանի էակները, որ ես տեսա Իսրայելի Աստծու տակ՝ Քեբար գետի մոտ, և իմացա, որ քերովբեներ են նրանք։ 21Ամեն մեկը չորսական երես ուներ և ամեն մեկը՝ չորս թև, և մարդու ձեռքերի նման բան կար նրանց թևերի տակ։ 22Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։
Արդեն Ընտրված.
ԵԶԵԿԻԵԼ 10: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018