ԵԶԵԿԻԵԼ 12

12
Մարգարեն՝ տարագիր
1Եվ ես տարագիրներին ասացի ամենը, ինչ որ Տերը ցույց էր տվել ինձ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 2«Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, և ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբների տուն են։ 3Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր և ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր. գուցե հասկանան, թեև ապստամբների տուն են նրանք։ 4Եվ քո գույքը ցերեկով նրանց աչքի առաջ դո՛ւրս բեր իբրև տարագրության գույք, բայց ինքդ իրիկունը նրանց աչքի առաջ դո՛ւրս եկ տարագրության գնացողների նման։ 5Նրանց աչքի առաջ պատը փորի՛ր և այնտեղո՛վ դուրս արի։ 6Նրանց աչքի առաջ ուսիդ պիտի բարձես և դուրս բերես մթնած ժամանակ. երեսդ պիտի ծածկես, որ երկիրը չտեսնես, որովհետև քեզ նշան կարգեցի Իսրայելի տան համար»։
7Եվ ես այնպես արեցի, ինչպես որ հրամայվել էր ինձ. իրերս դուրս հանեցի ցերեկով՝ որպես տարագրի գույք, և իրիկունը ձեռքով ինձ համար պատը փորեցի, մթնած ժամանակ դուրս եկա՝ ուսի վրա կրելով նրանց աչքի առաջ։ 8Առավոտյան Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 9«Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը՝ ապստամբների տունը, քեզ չասա՞ց. “Այդ ի՞նչ ես անում”։ 10Նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այս պատգամը իշխանին մասին է՝ Երուսաղեմում և Իսրայելի ամբողջ տանը, որ այնտեղ է"”։ 11Ասա՛. “Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպես որ արեցի, նույնպես է լինելու նրանց, նրանք պիտի տարագրվեն, գերեվարվեն։ 12Եվ այն իշխանը, որ նրանց մեջ է, մթնած ժամանակ ուսի վրա է բարձելու և դուրս գալու. պատը պիտի փորեն, որ այնտեղից դուրս բերեն նրան, նա իր դեմքը պիտի ծածկի, որպեսզի երկիրն աչքով չտեսնի։ 13Եվ նրա վրա պիտի տարածեմ իմ ցանցը, և նա պիտի բռնվի իմ որոգայթի մեջ. նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, պիտի բերեմ, բայց այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի։ 14Եվ նրա շուրջը եղողներին, նրա օգնականներին ու նրա բոլոր զորագնդերին ես կցրեմ բոլոր հողմերին և սուր կմերկացնեմ նրանց հետևից։ 15Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ որ նրանց տարածեմ ազգերի մեջ ու նրանց ցրեմ երկրներով։ 16Նրանցից սակավաթիվ մարդկանց պիտի թողնեմ, որ ազատվեն սրից, սովից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր պիղծ բաները պատմեն այն ազգերի մեջ, ուր պիտի գնան և պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։
Դողացող մարգարեի նշանը
17Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 18«Մարդո՛ւ որդի, հացդ դողալո՛վ կեր և ջուրդ տագնապով ու անձկությա՛մբ խմիր։ 19Եվ ասա՛ երկրի ժողովրդին. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմի բնակիչների մասին, որ Իսրայելի երկրում են. "Նրանք իրենց հացն անձկությամբ պիտի ուտեն և իրենց ջուրը սարսափով պիտի խմեն, որովհետև նրանց երկիրը պիտի ամայանա իր լիությունից՝ նրա մեջ բոլոր բնակվողների անօրենության#12.19 Կամ բռնության։ պատճառով։ 20Շեն քաղաքները պիտի կործանվեն, և երկիրն ամայանա. պիտի իմանաք, որ ես եմ Տերը"”»։
Տիրոջ խոսքը իրականանալու է
21Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 22«Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած է, որ ունեք Իսրայելի երկրում, որ ասում եք. “Օրերը երկարում են, և ամեն տեսիլք ոչնչանում է”։ 23Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ես կվերացնեմ այդ առածը, և այն Իսրայելի մեջ մյուս անգամ իբրև առած չեն ասի"”. բայց նրանց ասա՛. “Օրերը մոտեցել են, և ամեն տեսիլք կկատարվի։ 24Որովհետև այլևս Իսրայելի տան մեջ ոչ մի ունայն տեսիլք և շողոքորթող գուշակություն չպիտի լինի։ 25Որովհետև ես եմ Տերը. պիտի խոսեմ, ինչ խոսք որ պիտի խոսեմ, և պիտի կատարվի անհապաղ, որովհետև ձեր օրերում, ո՛վ ապստամբների տուն, պիտի խոսեմ իմ խոսքը և կատարեմ”»,- ասում է Տեր Աստված։
26Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 27«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ասում է. “Այն տեսիլքը, որ նա տեսնում է, հեռավոր օրերի համար է, և նա հեռու ժամանակների համար է մարգարեանում”։ 28Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Այլևս հապաղում չպիտի լինի. ամեն մի խոսքը, որ ես խոսեմ, պիտի կատարվի"”»,- ասում է Տեր Աստված։

Արդեն Ընտրված.

ԵԶԵԿԻԵԼ 12: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում