ԵԼՔ 29
29
Ահարոնի և որդիների ձեռնադրության հրահանգներ
(Ղևտ. 8.1-36)
1«Ահա թե ինչ պիտի անես նրանց, որ սրբագործես նրանց՝ ինձ համար քահանա լինելու։ Վերցրո՛ւ արջառներից մի զվարակ և երկու անարատ խոյ։ 2Եվ բաղարջ հաց, յուղով հունցված բաղարջ շոթեր և յուղով օծված բաղարջ բլիթներ. ցորենի ընտիր ալյուրով կպատրաստես դրանք։ 3Դրանք կդնես մի կողովի մեջ և կմատուցես կողովի մեջ. նաև զվարակն ու երկու խոյերը։ 4Ահարոնին և նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։ 5Կվերցնես զգեստները. Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդն ու լանջապանակը. այն կգոտևորես եփուդի ժապավենով։ 6Խույրը կդնես նրա գլխին և սուրբ թագն էլ կամրացնես խույրի վրա։ 7Ապա կվերցնես օծության յուղը, կթափես նրա գլխին և կօծես նրան։ 8Մոտ կբերես նրա որդիներին և շապիկներ կհագցնես նրանց։ 9Գոտիներով կգոտևորես նրանց, այսինքն՝ Ահարոնին ու նրա որդիներին, և նրանց գլուխներին ապարոշներ կփաթաթես։ Եվ հավիտենական կանոնով քահանայությունը կպատկանի նրանց։ Այսպես լցրո՛ւ Ահարոնի ձեռքը և նրա որդիների ձեռքը։
10Զվարակը կմոտեցնես ժողովի վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն զվարակի գլխին։ 11Զվարակը կմորթես ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։ 12Կվերցնես զվարակի արյունից և քո մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կթափես զոհասեղանի տակ։ 13Ապա կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրա եղած ճարպը և կայրես զոհասեղանի վրա։ 14Բայց զվարակի միսը, նրա մորթին և աղբը կրակով կայրես բանակատեղիից դուրս։ Դա զոհաբերություն է մեղքերի համար։
15Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։ 16Կմորթես այդ խոյը և վերցնելով նրա արյունը՝ շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։ 17Խոյը կբաժանես մասերի, կլվանաս նրա փորոտիքն ու ոտքերը և դրանք կդնես կտրտած մասերի և նրա գլխի վրա։ 18Ապա ամբողջ խոյը կայրես զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է Տիրոջ համար. կրակով այրված անուշահոտ զոհաբերություն է Տիրոջը։
19Կառնես մյուս խոյը. և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։ 20Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից, կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջների բլթակին, նրանց աջ ձեռքի բթամատին, նրանց աջ ոտքի բթամատին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։ 21Կառնես զոհասեղանի վրա եղած արյունից ու օծման յուղից և շաղ կտաս Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա հետ նաև նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա։ Եվ նա ու իր զգեստները, նրա հետ նաև նրա որդիներն ու նրա որդիների զգեստները սրբացած կլինեն։ 22Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ զիստը (որովհետև դա քահանայի ձեռնադրության համար մորթված խոյն է), 23Տիրոջ առաջ դրված բաղարջ հացի կողովից կվերցնես նաև մի նկանակ հաց, յուղով հունցված մի կարկանդակ և մի բլիթ. 24այդ բոլորը կդնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք Տիրոջ առաջ որպես երերացնելու#29.24 Կամ աջ ու ձախ շարժելու՝ տարուբերելու։ ընծա կմատուցես։ 25Ապա դրանք կվերցնես նրանց ձեռքից և սեղանի ողջակեզի վրա կայրես Տիրոջ առաջ անուշահոտության համար։ Դա զոհաբերություն է Տիրոջը։ 26Կառնես Ահարոնի քահանայական ձեռնադրության համար մորթված խոյի կուրծքը և այն իբրև երերացնելու ընծա կմատուցես Տիրոջ առաջ. և դա կլինի քո բաժինը։ 27Կսրբագործես Ահարոնի և նրա որդիների քահանայական ձեռնադրության խոյի երերացնելու կրծքի միսը և բարձրացնելու զիստը։ 28Եվ հավիտենական մի կանոն կդառնա Ահարոնի և նրա որդիների համար Իսրայելի որդիների կողմից, որովհետև դա բարձրացնելու ընծա է. և բարձրացնելու ընծա պիտի լինի Իսրայելի որդիների կողմից խաղաղության զոհերից. բուն իրենց բարձրացնելու ընծան Տիրոջ համար է։
29Ահարոնի սուրբ զգեստները իրենից հետո իր որդիներին թող պատկանեն՝ դրանցով օծվելու և դրանցով ձեռնադրվելու համար։ 30Յոթ օր դրանք թող հագնի նրա որդիներից իրեն փոխարինող քահանան, որպեսզի մտնի ժողովի վրան՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։
31Կվերցնես ձեռնադրության խոյը և դրա միսը կեփես սուրբ վայրում։ 32Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանի դռան մոտ թող ուտեն խոյի միսը և կողովում գտնվող հացը։ 33Նրանք թող ուտեն այն բաները, որ իրենց ձեռնադրության ու նվիրագործման համար նրանցով քավություն եղավ։ Եվ ուրիշը չպիտի ուտի, որովհետև դրանք սուրբ են։ 34Եթե ձեռնադրության մսից և հացից մինչև առավոտ մնա, այդ ավելացածը կայրես կրակով։ Այն չպետք է ուտվի, որովհետև սուրբ է։
35Ահարոնին ու նրա որդիներին այնպես կանես, ինչպես պատվիրել եմ քեզ։ Յոթ օր պիտի տևի նրանց ձեռնադրությունը։ 36Օրը մեկ զվարակ մեղքերի զոհ կմատուցես քավության համար. զոհասեղանի համար քավություն կանես՝ այն մաքրելով, և այն կօծես սրբագործելու համար։ 37Յոթ օր քավություն կանես զոհասեղանի համար և այն կսրբագործես, որպեսզի զոհասեղանը ամենասուրբ լինի։ Եվ ամեն բան, որ դիպչի զոհասեղանին, սուրբ պիտի լինի։
Ամենօրյա ընծաներ
(Թվ. 28.1-8)
38Ահա թե ինչ պիտի մատուցես զոհասեղանի վրա. մշտապես ամեն օր՝ մեկ տարեկան երկու գառ։ 39Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ։ 40Մի գառան հետ կմատուցես շուրջ մեկուկես լիտր զտված ձիթայուղ՝ շաղված երեք կիլոգրամ ընտիր ալյուրի հետ, և մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա հեղելու համար։ 41Մյուս գառը կզոհես երեկոյան դեմ. առավոտյան հացի ընծայի պես և նրա հեղելու ընծայի պես՝ որպես կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն Տիրոջ համար։ 42Ձեր սերունդների մեջ դա մշտնջենական ողջակեզ կլինի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, որտեղ ես կհանդիպեմ ձեզ՝ քեզ հետ խոսելու համար։ 43Այնտեղ պիտի հանդիպեմ Իսրայելի որդիներին, և վրանը պիտի սրբանա իմ փառքով։ 44Եվ պիտի սրբագործեմ ժողովի վրանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ նաև Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ 45Եվ պիտի բնակվեմ Իսրայելի որդիների մեջ ու նրանց Աստվածը լինեմ։ 46Եվ պիտի գիտենան, որ ես եմ իրենց Տեր Աստվածը, որ իրենց հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի իրենց մեջ բնակվեմ ես՝ իրենց Տեր Աստվածը»։
Արդեն Ընտրված.
ԵԼՔ 29: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018