ԵԼՔ 28

28
Զգեստներ քահանաների համար
(Ելք 39.1-7)
1«Իսրայելի որդիների միջից մոտեցրո՛ւ քեզ քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին՝ Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ 2Քո եղբայր Ահարոնի համար սուրբ զգեստնե՛ր պատրաստիր փառքի և պատվի համար։ 3Դու խոսի՛ր իմաստուն միտք ունեցող բոլոր մարդկանց հետ, որոնց ես լցրեցի իմաստության ոգով, որպեսզի Ահարոնին զգեստներ պատրաստեն՝ նրան սրբացնելու համար, որ նա քահանայություն անի ինձ համար։ 4Սրանք են այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի։ Սուրբ զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի և նրա որդիների համար, որ ինձ համար քահանայություն անեն։
5Նրանք թող վերցնեն ոսկի, կապույտ, ծիրանի, կարմիր ու բարակ կտավ 6և պատրաստեն եփուդը ոսկի թելից, կապույտ, ծիրանի, կարմիր ու մանած նուրբ կտավից. վարպետի գործ։ 7Դրա երկու ուսադիրները երկու ծայրերից կցված պիտի լինեն, որպեսզի կոճկվեն։ 8Եփուդի վրա գտնվող գոտին պատրաստված պետք է լինի նույն ձևով՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։ 9Երկու եղնգաքար կառնես և դրանց վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները։ 10Նրանց անուններից վեցը՝ մի քարի վրա, իսկ մնացած վեց անունները՝ մյուս քարի վրա՝ ըստ իրենց ծնունդների կարգի։ 11Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։ 12Այդ երկու քարերը կդնես եփուդի ուսերի վրա, որպեսզի դրանք Իսրայելի որդիների համար հիշատակի քարեր լինեն։ Ահարոնը նրանց անունները որպես հիշատակ կկրի երկու ուսերի վրա Տիրոջ առաջ։ 13Ոսկուց խորշեր կպատրաստես 14և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։
Լանջապանակը
(Ելք 39.8-21)
15Դատաստանի լանջապանակը ճարտար ասեղնագործությամբ կպատրաստես՝ եփուդի գործվածքի նման. այն կպատրաստես ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։ 16Այն թող լինի քառակուսի և երկծալ։ Դրա երկարությունը թող լինի մեկ թիզ, և դրա լայնությունը՝ մեկ թիզ։ 17Դրա վրա կշարես ակնաքարեր՝ չորս շարք ընդելուզվածքով։ Առաջին շարքը՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։ 18Երկրորդ շարքը՝ կարկեհան, շափյուղա և ադամանդ։ 19Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։ 20Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք պետք է ընդելուզված լինեն ոսկե խորշիկների մեջ։ 21Ակնաքարերը տասներկուսը թող լինեն՝ Իսրայելի որդիների անունների պես։ Դրանք քանդակված թող լինեն կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։ 22Լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթաներ կպատրաստես։ 23Լանջապանակի վրա երկու ոսկե օղակներ կպատրաստես և այդ օղակները կդնես լանջապանակի երկու ծայրերին։ 24Այդ երկու ոլորուն և հյուսված ոսկե շղթաները կանցկացնես լանջապանակի ծայրերին գտնվող երկու օղակների մեջ 25և հյուսված երկու շղթաների ծայրերը առջևի կողմից կամրացնես եփուդի ուսերի վրա գտնվող խորշիկներին։
26Երկու ոսկե օղակներ կպատրաստես և դրանք կդնես լանջապանակի ներսի կողմից եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։ 27Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կդնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից, դրա առջևի մասի կցվածքի մոտ, եփուդի գոտու վերևում։ 28Լանջապանակի օղակներից կապույտ մի կապիչով կապեն եփուդի օղակներին այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և չբաժանվի եփուդից։ 29Երբ Ահարոնը սրբարանը մտնի, թող նա միշտ իր սրտի վրա կրի դատաստանի լանջապանակի վրա փորագրված Իսրայելի որդիների անունները՝ Տիրոջ առաջ նրանց հիշելու համար։ 30Դատաստանի լանջապանակի վրա կդնես Ուրիմն ու Թումիմը#28.30 Անեծքներ և Կատարելություններ։. դրանք թող լինեն Ահարոնի սրտի վրա, երբ Տիրոջ առաջ գնա։ Այսպիսով Ահարոնը Տիրոջ առաջ մշտապես իր սրտի վրա կկրի Իսրայելի որդիների դատաստանը։
Քահանայական այլ զգեստներ
(Ելք 39.22-31)
31Եփուդի պատմուճանը ամբողջապես կապույտ կտավից կպատրաստես։ 32Դրա մեջտեղում մի բացվածք թող լինի՝ գլուխն անցկացնելու համար։ Բացվածքի շուրջբոլորը թող լինի հյուսված մի օձիք՝ նման զրահի բացվածքի, որպեսզի զգեստը չպատռվի։ 33Դրա քղանցքների վրա շուրջանակի կապույտ, ծիրանագույն ու կարմիր նռներ կպատրաստես և դրանց միջև շուրջանակի՝ ոսկե զանգակներ։ 34Պատմուճանի քղանցքի վրա շուրջանակի մի ոսկե զանգակ և մի նուռ, մի ոսկե զանգակ և մի նուռ լինեն։ 35Ահարոնը թող այն կրի իր վրա՝ պաշտամունքի համար, և նրա ձայնը լսվի Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու դուրս գալիս, որպեսզի Ահարոնը չմեռնի։
36Մաքուր ոսկուց մի թիթեղ կշինես և դրա վրա կփորագրես, ինչպես կնիքն են փորագրում՝ “ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ#28.36 Տիրոջ համար սուրբ է։”։ 37Այն կանցկացնես մի կապույտ ժապավենի վրա, որպեսզի խույրի վրա դրվի. խույրի վերևի մասում՝ առջևի կողմից լինի։ 38Եվ Ահարոնի ճակատի վրա լինի, որպեսզի Ահարոնը կրի. Իսրայելի որդիների նվիրած բոլոր սուրբ ընծաների անօրենությունը միշտ իր ճակատի վրա լինի, որպեսզի նրանք ընդունելի լինեն Տիրոջ առաջ։
39Շապիկը բարակ կտավից և խույրը բարակ կտավից կպատրաստես, իսկ գոտին նախշազարդ հյուսվածքով կանես։
40Ահարոնի որդիների համար շապիկներ կպատրաստես և նրանց համար գոտիներ կպատրաստես. նրանց պատվի և փառքի համար ապարոշներ կպատրաստես։ 41Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին։ Կօծես նրանց, նրանց ձեռքերը կլցնես ու կսրբացնես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ 42Կտավից անդրավարտիքներ կպատրաստես նրանց համար, որպեսզի իրենց մերկությունը ծածկեն. դրանք մեջքից մինչև ծնկները լինեն։ 43Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն դրանք, երբ մտնեն ժողովի վրանը կամ երբ զոհասեղանին մոտենան՝ սրբարանում պաշտամունքի համար, և անօրենություն չկրեն, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն թող լինի Ահարոնի և նրանից հետո իր սերնդի համար»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 28: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք