ԵԼՔ 27

27
Զոհասեղանը
(Ելք 38.1-7)
1«Զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից. դրա երկարությունը՝ հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն։ Զոհասեղանը քառակուսի թող լինի, և բարձրությունը՝ երեք կանգուն։ 2Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ կանես այնպես, որ եղջյուրներն իրենից լինեն։ Այն կպատես պղնձով։ 3Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։ 4Նրա համար պղնձից կպատրաստես ցանցակերպ մի կասկարա և կասկարայի չորս անկյուններին կդնես չորս պղնձե օղակներ։ 5Այն կդնես զոհասեղանի շրջանակի տակ՝ ներքևից, որ ցանցը հասնի մինչև զոհասեղանի բարձրության կեսը։ 6Զոհասեղանի համար ձողեր կշինես. ձողերը սատիմի փայտից լինեն։ Դրանք կպատես պղնձով։ 7Ձողերը պիտի մտցվեն օղակների մեջ և պիտի լինեն զոհասեղանի երկու կողմերին՝ այն վեր բարձրացնելու համար։ 8Զոհասեղանը կպատրաստես գերաններից՝ մեջը դատարկ. ինչպես որ քեզ ցույց տրվեց լեռան վրա, այդպես կպատրաստես այն։
Ժողովի վրանի վարագույրը
(Ելք 38.9-20)
9Վրանի գավիթը կշինես հարավային կողմում. գավթի վարագույրները թող լինեն մանած նուրբ կտավից. մեկ կողմի երկարությունը՝ հարյուր կանգուն։ 10Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։ 11Հյուսիսային կողմում նույնպես վարագույրների երկարությունը՝ հարյուր կանգուն։ Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, իսկ սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։ 12Արևմտյան կողմում՝ գավթի լայնությամբ, վարագույրները հիսուն կանգուն լինեն։ Դրանց սյուները՝ տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը։ 13Արևելյան կողմում՝ գավթի լայնությամբ դեպի արևելք՝ հիսուն կանգուն։ 14Մեկ կողմի վարագույրները՝ տասնհինգ կանգուն, դրանց սյուները՝ երեք հատ, և դրանց խարիսխները՝ երեք։ 15Մյուս թևի վարագույրները՝ տասնհինգ կանգուն, դրանց սյուները՝ երեք հատ, և դրանց խարիսխները՝ երեք։ 16Սրահի դռան համար քսան կանգուն մի վարագույր թող լինի՝ կապույտ, ծիրանագույն և կրկնակի կարմիր մանած նուրբ կտավից պատրաստված։ Դրանց սյուները՝ չորս հատ, և դրանց խարիսխները՝ չորս։ 17Սրահի չորս կողմի բոլոր սյուները՝ արծաթի հանգույցներով, դրանց կեռիկները՝ արծաթից, և դրանց խարիսխները պղնձից լինեն։ 18Գավթի երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսունով հիսուն, բարձրությունը հինգ կանգուն. վարագույրները լինեն մանած նուրբ կտավից, և սյուների խարիսխները՝ պղնձից։ 19Պաշտամունքի համար վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր ցցերը և գավթի բոլոր ցցերը պղնձից լինեն։
Ճրագի հոգածություն
(Ղևտ. 24.1-4)
20Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր, մամլած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի միշտ ճրագ վառվի։ 21Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանում՝ վկայության խորանի առջևի վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առաջ վառած պիտի պահեն։ Դա Իսրայելի որդիների կողմից հաստատված հավիտենական կանոն լինի նրանց համար իրենց սերունդների մեջ»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 27: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք