ԵԼՔ 26

26
Ժողովի վրանը
(Ելք 36.8-38)
1«Վրանը կպատրաստես տասը վարագույրներով՝ մանած նուրբ կտավից և կապույտ, ծիրանագույն ու կրկնակի կարմիր բրդից։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ 2Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Բոլոր վարագույրները նույն չափսի պետք է լինեն։ 3Հինգ վարագույրներն իրար կցված լինեն. հինգ վարագույրները՝ իրար կցված։ 4Կապույտ օղակներ կդնես. առաջին վարագույրի եզրին՝ երկու կցվածքի միացման ծայրին. այդպես կանես նաև մյուս կցվածքի վերջին վարագույրի եզրին, որ միացնում է երկու կեսերը կցվածքին։ 5Մեկ վարագույրի վրա կդնես հիսուն օղակ. հիսուն օղակ էլ կդնես մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։ Օղակները մեկը մյուսի դիմաց թող լինեն։ 6Կպատրաստես հիսուն ոսկե ճարմանդներ և վարագույրները ճարմանդներով կմիացնես իրար, որպեսզի ստացվի մեկ վրան։
7Այծի մազից վարագույրներ կպատրաստես՝ որպես ծածկոց վրանի վրա. այդպիսի տասնմեկ վարագույր կպատրաստես։ 8Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Տասնմեկ վարագույրի համար նույն չափսը լինի։ 9Հինգ վարագույրները առանձի՛ն կցիր և վեց վարագույրները՝ առանձին։ Վեցերորդ վարագույրը երկպատիկ կանես վրանի առջևի կողմից։ 10Հիսուն օղակ կդնես կցվածքի վերջին վարագույրի ծայրին և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի վերջին վարագույրի ծայրին։ 11Նաև հիսուն պղնձե ճարմանդներ կդնես. ճարմանդները կանցկացնես օղակներին և կմիացնես վրանը, որ մեկ ամբողջություն դառնա։ 12Վրանի վարագույրների ավելացած մասը՝ վարագույրի ավելացած կեսը, թող կախվի վրանի ետևից։ 13Վրանի երկարության ավելացած մասից մեկ կանգուն այս կողմից և մեկ կանգուն այն կողմից թող կախված մնա վրանի կողքերին՝ նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար։ 14Վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոց կպատրաստես և դրա վրա էլ մի ծածկոց՝ թեհաշի մորթիներից։
15Վրանի համար սատիմի փայտից շրջանակներ#26.15 Կամ տախտակներ։ կշինես և դրանք ուղղահայաց կկանգնեցնես։ 16Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն, և մեկ շրջանակի լայնությունը մեկուկես կանգուն պետք է լինի։ 17Ամեն մեկ շրջանակ իրար ագուցիկ երկու ելուստ թող ունենա. վրանի բոլոր շրջանակներն այդպես կշինես։ 18Վրանի համար կշինես. քսան շրջանակ հարավային կողմում։ 19Այդ քսան շրջանակների տակ կդնես քառասուն արծաթե խարիսխներ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար։ 20Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար քսան շրջանակ՝ իրենց քառասուն արծաթե խարիսխներով։ 21Մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։ 22Վեց շրջանակ կշինես վրանի ետևի կողմում՝ դեպի արևմուտք։ 23Երկու շրջանակ կշինես նաև վրանի անկյունների համար՝ ետևի կողմից։ 24Ներքևի կողմից դրանք զույգ պետք է լինեն՝ իրար միացած, իսկ վերևից՝ իրար միացած մեկ օղակով։ Երկուսն էլ նույն ձևով պետք է լինեն երկու անկյուններում։ 25Այսպիսով՝ ութ շրջանակ կլինի իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։ 26Սատիմի փայտից կպատրաստես նիգեր. վրանի մեկ կողմի շրջանակների համար՝ հինգը, 27վրանի մյուս կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ և վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ։ 28Ներսի նիգը, որ մեջտեղում է, շրջանակների մեկ ծայրից մյուս ծայրը պիտի անցնի։ 29Շրջանակները կպատես ոսկով և դրանց օղակները, այսինքն՝ նիգերի անցնելու տեղերը, կպատրաստես ոսկուց։ Նիգերը ոսկով կպատես։
30Վրանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։
31Կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանված նուրբ կտավից կպատրաստես մի վարագույր։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։ 32Այն կդնես սատիմի փայտից շինված չորս ոսկեպար սյուների վրա։ Դրանք ոսկյա կեռիկներ ունենան և նստեն արծաթե չորս խարիսխների վրա։ 33Վարագույրը կկախես կեռիկներից և վկայության տապանակը կտանես այնտեղ՝ վարագույրի ներսի կողմը։ Վարագույրը ձեզ համար սրբությունը կբաժանի սրբությունների սրբությունից։ 34Քավությունը կդնես վկայության տապանակի վրա՝ սրբությունների սրբության մեջ։ 35Սեղանը կդնես վարագույրի դրսի կողմը և աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում. սեղանը կդնես հյուսիսային կողմում։
36Վրանի մուտքի համար մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանած նուրբ կտավից. նկարազարդ գործ։ 37Մուտքի վարագույրի համար կպատրաստես սատիմի փայտից հինգ սյուն և դրանք կպատես ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց լինեն, և դրանց համար կձուլես հինգ պղնձե խարիսխ»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 26: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում