ԵԼՔ 30

30
Խնկարկության սեղանը
(Ելք 37.25-28)
1«Խունկ ծխելու սեղան կշինես. սատիմի փայտից կշինես այն։ 2Դրա երկարությունը՝ մեկ կանգուն, և լայնությունը՝ մեկ կանգուն. այն քառակուսի թող լինի. բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրները իրենից ելնեն։ 3Դա մաքուր ոսկով կպատես՝ դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջը ոսկե շրջանակ կշինես։ 4Եվ նրա համար ոսկուց երկու օղակներ կշինես. շրջանակի տակից նրա երկու կողքերին երկու կողմի վրա կշինես, որպեսզի նրանցով այն բարձրացնելու համար ձողերն անցկացնելու տեղեր լինեն։ 5Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և կպատես ոսկով։ 6Այն կդնես վկայության տապանակի դիմաց գտնվող վարագույրի առջևում՝ վկայության վրա գտնվող քավության դիմաց, այնտեղ, ուր ես հանդիպելու եմ քեզ։ 7Ահարոնը դրա վրա անուշահոտ խունկ թող ծխի. ամեն առավոտ ճրագները պատրաստելիս խունկ թող ծխի։ 8Եվ Ահարոնը խունկ թող ծխի երեկոյան դեմ ճրագները վառելիս, որպեսզի մշտնջենապես խունկ լինի Տիրոջ առաջ ձեր սերունդների մեջ։ 9Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ դրա վրա հեղելու ընծա թափեք։ 10Ահարոնը տարին մեկ անգամ նրա եղջյուրների վրա քավություն անի. քավությունների մեղքի զոհի արյունով դրա վրա տարին մեկ անգամ քավություն անի ձեր սերունդների մեջ։ Դա ամենասուրբն է Տիրոջ համար»։
Ժողովի վրանի տուրքը
11Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 12«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար կատարես, նրանցից ամեն մեկն իր անձի փրկագինը պետք է տա Տիրոջը, երբ դու նրանց հաշվելիս լինես, որպեսզի նրանց մեջ հարված չլինի նրանց հաշվելիս։ 13Այս պիտի տա մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը. կես սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ Մեկ սիկղը քսան կերատ է. Տիրոջ ընծան կես սիկղ է։ 14Մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը՝ քսան տարեկան և ավելին, պետք է տա Տիրոջ ընծան։ 15Տիրոջն ընծա տալիս ո՛չ հարուստը կես սիկղից ավելի պիտի տա, և ո՛չ էլ աղքատը՝ կես սիկղից պակաս՝ ձեր անձերի համար քավություն անելու համար։ 16Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը և այն կտաս ժողովի վրանի ծառայության համար, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձերին քավություն անելու համար»։
Պղնձե ավազանը
17Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 18«Կպատրաստես նաև մի պղնձե ավազան լվացման համար, և դրա պատվանդանն էլ պղնձից թող լինի։ Այն կդնես ժողովի վրանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։ 19Ահարոնն ու նրա որդիները նրանից կլվանան իրենց ձեռքերն ու ոտքերը։ 20Երբ մտնեն ժողովի վրանը, ջրով թող լվացվեն, որպեսզի չմեռնեն, կամ երբ մոտենան զոհասեղանին՝ ծառայություն կատարելու և կրակով Տիրոջը զոհ մատուցելու համար, 21այսպես լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն կլինի նրանց համար. թե՛ Ահարոնի համար և թե՛ իր սերնդի համար իրենց ազգերի մեջ»։
Օծության յուղը
22Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 23«Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն համեմունքներ. հինգ հարյուր սիկղ ընտիր զմուռս, դրա կեսի չափ, այսինքն՝ երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ, 24հինգ հարյուր սիկղ կասիա՝ սրբարանի սիկղի համեմատ, և մեկ հիմեն#30.24 Շուրջ վեց լիտր։ ձեթ։ 25Դրանով սուրբ օծության յուղ կպատրաստես՝ յուղագործի արհեստով բաղադրված։ Դա սուրբ օծության յուղ կլինի։ 26Դրանով կօծես ժողովի վրանը, վկայության տապանակը, 27զոհասեղանն ու նրա բոլոր անոթները, աշտանակն ու նրա սպասքը, խնկարկության սեղանը, 28ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։ 29Կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն. ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի։ 30Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։ 31Իսրայելի որդիների հետ կխոսես՝ ասելով. “Սա ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ։ 32Ուրիշ մարդկանց մարմինները չպետք է օծվեն դրանով. նույն բաղադրությամբ դրա նմանը չպատրաստեք. դա սուրբ է և ձեզ համար էլ սուրբ պետք է լինի։ 33Ով որ դրա նմանը պատրաստի, կամ ով որ դրանից օտարականի վրա դնի, պիտի վերանա իր ժողովրդի միջից”»։
Խունկը
34Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ համար անուշաբույր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, քաղբան՝ այս անուշահոտ համեմունքները, և մաքուր կնդրուկ. բոլորը քաշով հավասար լինեն։ 35Դրանցից յուղագործի արհեստով բաղադրյալ խունկ կպատրաստես՝ ընտիր, մաքուր ու սուրբ։ 36Դրանից մի քիչ կառնես ու կծեծես շատ մանր և կդնես ժողովի վրանի մեջ՝ վկայության առաջ, որտեղ ես հանդիպելու եմ քեզ։ Դա ձեզ համար ամենասուրբը թող լինի։ 37Դուք ձեզ համար նույն բաղադրությամբ խունկ չպատրաստեք. դա Տիրոջը վերապահված սրբություն պիտի լինի ձեզ համար։ 38Ով որ հոտոտելու համար դրա նմանը պատրաստի, նա իր ժողովրդի միջից պիտի վերանա»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 30: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում