ԵՍԹԵՐ 6

6
Թագավորը պատվում է Մուրթքեին
1Այն գիշեր թագավորի քունը փախավ, և հրամայեց, որ բերեն ժամանակագրության հիշատակների մատյանը, և կարդացվեց թագավորի առաջ։ 2Եվ գրված գտնվեց, որ Մուրթքեն հաղորդել էր թագավորի երկու ներքինիների՝ Բիգթանի և Թարեսի մասին, որոնք դռան պահապաններից էին և ցանկացել էին Ասուերոս թագավորի վրա ձեռք բարձրացնել։ 3Թագավորն ասաց. «Մուրթքեին սրա փոխարեն ի՞նչ փառք կամ մեծարանք տրվեց»։ Թագավորի սպասավոր ծառաներն ասացին. «Նրան ոչ մի բան չեն արել»։ 4Թագավորն ասաց. «Ո՞վ կա գավթում»։ Իսկ Համանը եկել էր թագավորի պալատի դրսի գավիթը՝ թագավորին ասելու, որ Մուրթքեին կախեին այն փայտից, որ պատրաստել էր նրա համար։ 5Թագավորի ծառաներն ասացին նրան. «Ահա Համանը կանգնած է գավթում»։ Եվ թագավորն ասաց. «Թող ներս գա»։
6Համանը ներս մտավ, և թագավորը նրան ասաց. «Ի՞նչ պետք է անել այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ Համանը մտքում ասում էր. «Թագավորն ինձանից բացի ո՞ւմ պիտի բարեհաճեր պատիվ անել»։ 7Եվ Համանն ասաց թագավորին. «Այն մարդուն, որին թագավորը բարեհաճում է պատվել, 8թող բերեն թագավորի հագած արքայական զգեստը, թագավորի հեծած ձին և այն արքայական թագը, որ դրվում է նրա գլխին։ 9Այն զգեստը և ձին թող տրվեն թագավորի պատվավոր իշխաններից մեկի ձեռքը, և հագցնեն այն մարդուն, որին թագավորը բարեհաճել է պատվել։ Քաղաքի հրապարակում նրան նստեցնեն այն ձիու վրա և կանչեն նրա առաջից։ Այսպես է արվում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ 10Այն ժամանակ թագավորն ասաց Համանին. «Իսկույն վերցրո՛ւ զգեստն ու ձին, ինչպես որ ասացիր, և այդպե՛ս արա հրեա Մուրթքեին, որ նստում է թագավորի դռանը. մեկ բան չպակասի քո ամբողջ ասածից»։
11Համանը վերցրեց զգեստը և ձին, հագցրեց Մուրթքեին և քաղաքի հրապարակում նստեցրեց ձիուն ու կանչեց նրա առջևից. «Այսպես է լինում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ 12Մուրթքեն վերադարձավ թագավորի դուռը, իսկ Համանն իր տուն շտապեց տրտում և գլխիկոր։ 13Եվ Համանը բոլորը, ինչ որ պատահել էր, պատմեց իր կնոջը՝ Զերեսին, և իր բոլոր բարեկամներին։ Նրա իմաստունները և նրա կինը՝ Զերեսը, ասացին նրան. «Եթե Մուրթքեն, որի առաջ սկսել ես խոնարհվել, հրեաների սերնդից է, դու նրան ոչինչ չես կարող անել, այլ անպատճառ ընկնելու ես նրա առաջ»։ 14Նրանք տակավին խոսում էին նրա հետ, երբ թագավորի ներքինիները հասան նրան, որպեսզի շուտով նրան տանեն Եսթերի սարքած խնջույքին։

Արդեն Ընտրված.

ԵՍԹԵՐ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք