ԵՍԹԵՐ 5

5
Եսթերը գնում է թագավորի մոտ
1Երրորդ օրը Եսթերը հագնվեց թագուհու ձևով և կանգնեց թագավորի տան ներքին գավթում՝ թագավորի պալատի դիմաց։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա՝ թագավորի պալատում, պալատի դռան դիմաց։ 2Երբ թագավորը տեսավ գավթում կանգնած Եսթեր թագուհուն, նա շնորհ գտավ նրա աչքի առաջ, և թագավորն իր ձեռքի ոսկե գավազանը դեպի Եսթերը մեկնեց։ Եսթերը մոտեցավ և դիպավ գավազանի ծայրին։ 3Թագավորն ասաց նրան. «Ի՞նչ ունես, Եսթե՛ր թագուհի, և ի՞նչ է ուզածդ. իմ թագավորության մինչև կեսն անգամ քեզ կտրվի»։ 4Եվ Եսթերն ասաց. «Եթե հաճելի է թագավորին, թող այսօր թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ պատրաստել եմ իր համար»։ 5Եվ թագավորն ասաց. «Շտապ բերե՛ք Համանին, որ Եսթերի ասածը կատարի»։ Թագավորը Համանի հետ գնաց Եսթերի սարքած խնջույքին։ 6Գինի խմելիս թագավորն ասաց Եսթերին. «Քո խնդրանքն ի՞նչ է, քեզ պիտի տրվի, և ի՞նչ է քո ուզածը, մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։ 7Եսթերը պատասխանեց և ասաց. «Իմ խնդրանքը և իմ ուզածը. 8եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։
Համանը ծրագրում է սպանել Մուրթքեին
9Համանն այն օրը դուրս եկավ ուրախ և սրտով զվարթ։ Բայց երբ Համանը թագավորի դռանը տեսավ Մուրթքեին, որը ո՛չ կանգնեց և ո՛չ էլ նրանից դողաց, Մուրթքեի նկատմամբ բարկությամբ լցվեց։ 10Սակայն Համանն իրեն զսպեց և իր տունը գնաց. մարդ ուղարկեց և բերել տվեց իր բարեկամներին և իր կնոջը՝ Զերեսին։ 11Համանը նրանց պատմեց իր մեծ հարստության և բազմաթիվ որդիների և այն ամենի մասին, որ թագավորը նրան մեծարել է և որ նրան բարձրացրել է թագավորի ծառաներից և իշխաններից։ 12Համանն ասաց. «Արդարև, Եսթեր թագուհին թագավորի հետ ինձանից բացի մեկ ուրիշին չտարավ իր պատրաստած խնջույքին, և նույնիսկ վաղը ես թագավորի հետ նրա մոտ եմ հրավիրված։ 13Բայց այս ամենից գոհ չեմ, քանի որ անընդհատ հրեա Մուրթքեին տեսնում եմ թագավորի դռանը նստած»։ 14Նրա կինը՝ Զերեսը, և նրա բոլոր բարեկամներն ասացին նրան. «Թող մի բարձր փայտ շինեն՝ հիսուն կանգուն, և առավոտյան թագավորին ասա՛, որ Մուրթքեին կախեն նրանից. հետո թագավորի հետ ուրախ գնա՛ խնջույքի»։ Այս խոսքը հաճելի թվաց Համանին, և նա փայտը շինել տվեց։

Արդեն Ընտրված.

ԵՍԹԵՐ 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում