ԵՍԹԵՐ 4
4
Մուրթքեն խնդրում է Եսթերի օգնությունը
1Երբ Մուրթքեն իմացավ այս բոլոր եղածները, պատռեց իր հանդերձները. քուրձ հագավ ու մոխիր ցանեց իր վրա և գնաց քաղաքի կենտրոնը և բարձրաձայն ու դառնորեն լաց եղավ։ 2Եվ եկավ մինչև թագավորի դռան մուտքը, որովհետև իրավունք չկար քուրձ հագած մտնել թագավորի դռնով։ 3Բոլոր գավառներում ամեն տեղ, ուր որ հասնում էր թագավորի խոսքն ու հրամանը, հրեաները մեծ սուգ էին անում և ծոմ էին պահում. լացուկոծ էին անում. շատերը պառկում էին քուրձով և մոխրի վրա։
4Եսթերի աղախինները և ներքինիները եկան պատմեցին նրան։ Թագուհին խիստ տրտմեց և հանդերձներ ուղարկեց Մուրթքեին հագցնելու և նրա քուրձը նրա վրայից հանելու համար, բայց նա չընդունեց։ 5Եսթերը կանչեց Հաթաքին, որ թագավորի ներքինիներից էր, որին թագավորը նրան էր տվել իրեն ծառայելու համար, և նրան հրամայեց, որ գնա Մուրթքեի մոտ և իմանա, թե ի՛նչ է լինելու, և սա ինչի՛ համար է։ 6Եվ Հաթաքը գնաց Մուրթքեի մոտ՝ քաղաքի հրապարակը, որ թագավորի դռան դիմաց էր։ 7Մուրթքեն նրան պատմեց ամեն ինչ, որ պատահել էր իր հետ և այն որոշ գումար արծաթի մասին, որ Համանն ասել էր, թե կշռով պիտի տար թագավորի գանձարանին՝ հրեաներին ոչնչացնելու համար։ 8Եվ այն հրովարտակի պատճենը, որ Շուշանում տրվել էր նրանց ոչնչացնելու համար, նրան տվեց, որ Եսթերին ցույց տա և նրան հաղորդի ու նրան պատվիրի, որ թագավորի մոտ գնա և նրան աղաչի ու նրա առաջ աղերսի իր ազգի համար։ 9Հաթաքը գնաց և Մուրթքեի խոսքերը պատմեց Եսթերին։
10Եսթերն ասաց Հաթաքին և նրան պատվիրեց գնալ Մուրթքեի մոտ և ասել. 11«Թագավորի բոլոր ծառաները և թագավորի գավառների ժողովուրդը գիտեն, որ ամեն տղամարդու կամ կնոջ, ով չկանչված մտնի թագավորի մոտ՝ ներքին գավիթը, մեկ օրենք կա, կսպանեն, բացի նրանից, որին թագավորը կմեկնի իր ոսկե գավազանը. նա կապրի։ Բայց ահա երեսուն օր է, ես չեմ կանչվել, որ թագավորի մոտ գնամ»։ 12Մուրթքեին պատմեցին Եսթերի խոսքերը։ 13Մուրթքեն պատասխան ուղարկեց Եսթերին՝ ասելով. «Մի՛ կարծիր, թե թագավորի տանը դու կազատվես բոլոր հրեաներից։ 14Եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն կգա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՛վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել»։
15Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքեին՝ ասելով. 16«Գնա ժողովի՛ր Շուշանում գտնվող բոլոր հրեաներին, և ծո՛մ պահեք ինձ համար. երեք օր գիշեր ու ցերեկ ո՛չ կերեք և ո՛չ էլ խմեք։ Ես էլ իմ աղախինների հետ այդպես ծոմ եմ պահելու և այնուհետև թագավորի մոտ եմ գնալու, թեև օրենք չէ. և եթե մեռնելու եմ, թող մեռնեմ»։ 17Այն ժամանակ Մուրթքեն գնաց և այնպես արեց, ինչպես որ Եսթերը պատվիրել էր իրեն։
Արդեն Ընտրված.
ԵՍԹԵՐ 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018